«ՉԻ». ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

«ՉԻ». ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ օրերս ՀՅԴ-ականներից բաղկացած պատվիրակությունը հանգրվանել է նախագահականում, որտեղ էլ հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները սահուն կերպով փոխել են իրենց հունը:



Մասնավորապես, հանդիպման կողմերն սկսել են քննարկելի առաջիկա կադրային փոփոխությունները: Հենց այդ պահին էլ դաշնակներն առաջարկել են Սերժ Սարգսյանին միմյանցից անջատել ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները, եւ մասնավորապես, տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին: Սերժ Սարգսյանը «ցրել է» խոսակցությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ առաջարկի այդ հատվածն առանձնապես նրա սրտով չէ:



Հիշեցնենք, որ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները բոլորովին վերջերս են միաձուլվել եւ հանձնվել Արմեն Երիցյանին:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականների ախորժակին, ապա փաստենք, որ տարածքային կառավարման նախարարությունն ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաեւ քաղաքական իմաստով է բավականին կարեւորվում նախարարությունը: Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետերը հանձնարարականներ են ստանում եւ վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար կազմի կողմից:



Այնպես որ՝ ինչպես ուժայինները, այնպես էլ այս նախարարությունը Սերժ Սարգսյանը դժվար թե հանձնի որեւէ մեկին, մանավանդ՝ ՀՅԴ-ին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: