Բայց ի՜նչ հաճույքով խժռեցին Կարեն Անդրեասյանին

Բայց ի՜նչ հաճույքով խժռեցին Կարեն Անդրեասյանին

Մարդու հետեւից խոսելը տգեղ բան է: Բայց եթե այդ մարդու հետ կապված թեման դեռ շարունակում է աշխույժ շրջանառվել, նշանակում է այդ մարդն այնքան էլ սովորական մարդ չէր, եւ թեման էլ սովորականներից չէր: Դիցուք` նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ու նրա հանկարծակի հրաժարականը: Ոչ իշխանականներն ափսոսում են տեղի ունեցածի համար, իսկ իշխանականները զարմանում, որ ոչ իշխանականներն ափսոսում են: Ինչո՞ւ են ափսոսում: Ի վերջո, Կարեն Անդրեասյանն իշխանության մարդն էր, եւ պետք է որ մի բան էլ ուրախ լինեին նրա հրաժարականի կապակցությամբ:



Առաջ չանցնելով ասենք, որ իշխանության ներկայացուցիչները համառորեն չեն ուզում ընդունել, որ ճնշել են Կարեն Անդրեասյանին եւ, ներողություն արտահայտության համար, շամպայնի խցանի նման թռցրել զբաղեցրած պաշտոնից: Սակայն սա ընդամենը սեթեւեթանք է, քանզի արդեն ոզնուն էլ է հայտնի, որ Կարեն Անդրեասյանին ոչ միայն ճնշել են, այլեւ նրա դեմ զորաշարժի են ենթարկել իշխող համակարգի` անզեն աչքով ոչ այնքան տեսանելի «մարտական» երիտթեւը: Նկատենք նաեւ, որ իր գործունեության ընթացքում, Մարգարիտ Եսայանի ձեւակերպմամբ` այդ «իշխանության մարդը» երբեք կոնֆլիկտ չի ունեցել ընդդիմադիրների հետ, բայց, փոխարենը, անընդհատ կռիվուվեճի մեջ էր Արմեն Աշոտյանի նման կարկառուն կասկադյոր-նախարարի, բնավորությամբ` «բետոն» գլխավոր դատախազի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ էլի ուրիշների հետ, որոնք այդպես էլ չկարողացան հանդուրժել իշխանության մարդու «խիստ ոչ իշխանական» զեկույցներն ու պահվածքները:



Մենք չենք վիճարկի այն հարցը` Կարեն Անդրեասյանն իշխանությա՞ն մարդն էր, թե՞ ոչ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նա իշխանության դրածոն էր: Խնդիրը միայն այն է, թե ինչու այդքան կոպիտ ձեւով իշխանությունը հեռացրեց իր մարդուն: Վա՞տ էր աշխատում: Չէ: Ուրեմն ինչո՞ւ վախեցնելով, աղմուկով, ճնշելով հեռացրին: Չենք էլ ուզում մտածել, որ Կարեն Անդրեասյանը կաշառակեր էր: ՀՀԿ-ում կաշառակերներին չեն հեռացնում, այլ չափավորում են նրանց ախորժակը կամ, եթե ուրիշ հնար չեն գտնում, տանում են ավելի բարձր պաշտոնի:



Մեր կարծիքով` ժամանակն է, որ ՀՀ իշխանություններն ընդունեն, որ իրենց ներսում խլրտում, այնուամենայնիվ, կա: Եվ դա նոր երեւույթ չէ: ՀՀԿ-ում լուրջ խլրտումներն սկիզբ են առել դեռ 2012թ. խորհրդարանական ընտրություններից: Այդ ժամանակ էր, որ կուսակցությունից հեռացավ նրա ԲՀԿ-ական թեւը: Ապա խլրտումները խիստ որոշակիացան 2013թ. նախագահական ընտրություններից հետո:



Այն օրը, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ բերեց հոկտեմբերիկների գեներալախառը դրուժինան, եւ պարզվեց, որ խաղից դուրս է մնում Ռոբերտ Քոչարյան-Անդրանիկ Մարգարյան զույգի թողած ժառանգությունը, խլրտումը ՀՀԿ-ում ոչ մի վայրկյան չի դադարել: Ասել, որ Սերժ Սարգսյանը սերնդափոխություն արեց ՀՀԿ-ում, նոր որակ բերեց ու նման բաներ, նշանակում է ոչինչ չասել: Սերժ Սարգսյանն այս քայլերով իր գերիշխանությունը հաստատեց ՀՀԿ-ում` վերջ դնելով այդ կուսակցության ներսում ամեն տեսակ բացախոսության: Մտածողությունից զուրկ մի ամբողջ բանակ ասպարեզ բերվեց, որն այս տարիներին Սերժ Սարգսյանին «հուսալիորեն» պաշտպանել է թե դրսից եւ թե ներսից:



Հնարավոր է` խնդալու բան եմ ասում, բայց պատկերացրեք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, այն է` իշխանության մարդուն, բացարձակապես տանել չէր կարողանում վերոնշյալ բանակի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը, եւ սա այն դեպքում, որ Կարեն Անդրեասյանի հետ երբեք խնդիրներ չեն ունեցել Գալուստ Սահակյանը եւ նրա կարգի մյուս ՀՀԿ-ականները: Պարադո՞քս: Իհարկե:



Շատ է խոսվում այն մասին, որ ՄԻՊ ինստիտուտը կարեւոր է մեզ նման երկրների համար: Իհարկե, կարեւոր է: Բայց այդ ինստիտուտի գոյությունն առավել կկարեւորվի, եթե այն գլխավորի ոչ թե իշխանության մարդը, որին հետո տփում-կաշառում-լարում են, այլ բոլորովին անկախ մեկը, որը կկարողանա, նախ, օրենքով սահմանված իր իրավունքները պաշտպանել եւ հետո՝ նաեւ մյուսների: Կարելի է ՄԻՊ հրավիրել դրսից, ընդհուպ` օտարազգի, օրենքը տալ ձեռքն ու ասել` աշխատիր: Կանե՞ն: Կողջունենք: Ավելին, կասենք, որ սա դատարանների անկախացման, Հայաստանն իրավական պետություն դարձնելու, ՀՀ քաղաքացուն արժեւորելու առաջին քայլն է:



Եթե Հայաստանում ՄԻՊ-ը որոշակի լիազորություններ ունենար եւ ճիշտ աշխատեր, մենք ՄԻԵԴ-ում այսքան տանուլ տրված գործեր չէինք ունենա: Մենք լավ իրավապաշտպաններ ունենք, որոնք, կարծես, իշխանության մարդիկ չեն: Անկասկած, կարելի է ՄԻՊ ինստիտուտի կայացման հույսը նաեւ նրանց հետ կապել, բայց նախապես վերախմբագրելով օրենքը եւ ընդլայնելով լիազորությունները: