ՀՀԿ-ն վերջնական որոշում չի ընդունել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ

ՀՀԿ-ն վերջնական որոշում չի ընդունել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում ավարտվեց ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստը: Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել է ներքաղաքական, ներկուսակցական և արտաքին քաղաքական հարցեր: «Հիմնականում քննարկումը ծավալվել է սահմանադրական բարեփոխումներից բխող ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետների շուրջ, բնականաբար քննարկել ենք առաջիկա նստաշրջանի քառօրյա աշխատանքների ավելի արդյունավետ աշխատելու կազմակերպումը: Քննարկում է նաև տեղի ունեցել տարվա առաջին եռամսյակում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կուսակցության թեկնածուների շուրջ».- նշեց Էդուարդ Շարմազանովը:



Հանրապետական կուսակցությունն այսօր կադրային փոփոխությունների հարցեր չի քննարկել: Իսկ ինչ մնում է ՀՅԴ կուսակցության հետ կոալիցիա կազմելուն, ապա վերջնական որոշում դեռ չեն ընդունել. «Մամուլը նշանակում է, մամուլն ազատում է, մեկին ուղարկում է այլ տեղ, մեկին բերում է, դա մամուլի խնդիրն է, ես էլ չեմ պատրաստվում մամուլում մեկնաբանվող, հրապարակվող բոլոր հոդվածներին անդրադառնալ, քանի որ դրանք այնքան բազմազան են և բազմաժանր, որ դժվար է նրանց ամբողջությամբ պատասխանել: Ես՝ որպես ՀՀԿ-ի խոսնակ, բազմիցս նշել եմ, որ մենք դռները չենք փակում, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, այս համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը, միգուցե հաջորդ նիստի ընթացքում, կամ դրանից հետո ես զարգացման մասին կխոսեմ, բայց այս պահին վերջնական որևէ բան հստակեցված չէ: Այս պահին որևէ պաշտոնների բաշխում, կոալիցիոն քննարկում, որևէ վերջնական որոշում տեղի չի ունեցել»: Ինչ մնում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, ապա այստեղ ևս ՀՀԿ-ն «ծույլիկություն» է արել. «Այդ հարցը դեռևս չենք քննարկել, որովհետև ԱԺ-ն նախևառաջ որոշում պետք է կայացնի, որպեսզի հանձնաժողովներից մեկին լիազորի այնտեղ առաջադրելու թեկնածուին, կլինեն բազում թեկնածուներ, հանձնաժողովը պետք է քվեարկի մեկ հանձնաժողովի օգտին և ներկայացնի ԱԺ-ի դատին: Այս պահին չենք քննարկել, քանի որ ունենք ժամանակ»: