Ցուցակները մաքուր են, եթե կա «լավ ադմինիստրացիա»

Ցուցակները մաքուր են, եթե կա «լավ ադմինիստրացիա»

Էստոնացի պրոֆեսոր, ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Ռոբերտ Կրիմերին մի քանի հարց ուղղեցինք։



- Էստոնիայում էլեկտրոնային քվեարկության համակարգերի սպասարկումը մասնավոր ընկերություննե՞րն են իրականացնում, թե՞ պետական կառույցը։



- Էստոնիայում գործում է ընտրական կոմիտե եւ դրա ենթակայության տակ՝ ենթակոմիտե, որն զբաղվում է էլեկտրոնային քվեարկության հարցերով։ Մասնավոր ընկերությունները կարող են դիմել, մրցութային կարգով մասնակցում են ծրագրի մշակմանը, ստեղծում են ծրագիրը եւ տալիս են էլեկտրոնային քվեարկության կոմիտեին։ Նրանք մասնակցում են միայն նախնական փուլում, երբ որ մշակվում է գործընթացը, եւ երբ բուն ընտրություններն են տեղի ունենում, նրանք կապ չունեն։ Եթե ինչ-որ տեխնիկական խնդիր է առաջանում, իրենք աջակցում են կոմիտեին։



- Էստոնիայում պետության եւ մասնավոր ընկերությունների միջեւ կոռուպցիոն մեծ կապեր գուցե չկան, բայց մեզ մոտ սա պրոբլեմ է։ Այդ ընկերությունը եւս չի ունենա վստահություն, եւ, ուրեմն, սա մեզ որքանո՞վ է հարմար։



- Էստոնիայում կոռուպցիայի դեպքեր կան, բայց համեմատած այլ երկրների հետ, կոռուպցիայի մակարդակը ցածր է, այն շատ տարածված չէ։ Նոր տեխնոլոգիաները ենթադրում են, որ հսկողությունը որոշ առումով տրվում է մասնավոր ընկերություններին, ինչը, իհարկե, վտանգավոր է։



- 700 հազար ՀՀ քաղաքացիներ Հայաստանում չեն ապրում։ Կասկածներ ունենք, որ նրանց փոխարեն «քվեարկում» են։ Ինչպե՞ս կարող է էլեկտրոնային քվեարկությունն օգնել այդ խնդրի լուծմանը։



- Կարծում եմ, ցուցակները մաքրվում են՝ հիմնականում ունենալով կառավարման լավ մարմիններ, ադմինիստրատիվ ռեսուրս, որը կկարողանա, զարգացնելով իր կարողությունները, ճշգրտել ցուցակները։ Էլեկտրոնային քվեարկությունը սրան հասնելու համար միջոց չէ։ Բայց եթե դուք ունեք էլեկտրոնային գրանցման համակարգի կարիք, ձեր մարմինների համար հատուկ ուսուցում կարելի է կազմակերպել։



- Էստոնիայում բավականին մեծ է վստահությունն իշխանությունների նկատմամբ, եւ մեզ մոտ ընդդիմությունն առաջարկում է հրապարակել ցուցակները, Դուք ի՞նչ կարծիքի եք՝ այդտեղ կա՞ մարդու իրավունքների խախտում։



- Ընդհանրապես, պետք է հնարավորություն լինի մինչեւ ընտրությունները նայել ցուցակները, իսկ ընտրություններից հետո հրապարակման վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե որն է ճիշտ։ Կան արգումենտներ՝ կողմ եւ դեմ։ Անձնական կարծիք այս հարցի վերաբերյալ չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ կոնտեքստին։