Ռուբեն Վարդազարյանը «ջենթլմենական» քայլ է կատարել նախարարի կնոջ հանդեպ

Ռուբեն Վարդազարյանը «ջենթլմենական» քայլ է կատարել նախարարի կնոջ հանդեպ

Երեկ «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, դիմել են վերաքննիչ դատարան, բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից պաշտպանության նախարարի կնոջ հայցի բավարարումը։ Հիշեցնենք, որ սույն տիկինն անցյալ տարի դիմել էր դատարան՝ պահանջելով, որ «Հրապարակը» կայքից հեռացնի Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը եւ հերքում տպագրի, քանի որ այս հոդվածն իրեն զրպարտել է։ Դատավոր Վարդազարյանն էլ, որպես ջենթլմեն, երկար ու սկանդալային դատաքննության արդյունքում որոշեց բավարարել Սեյրան Օհանյանի կնոջ պահանջի մի մասը եւ փրկել նրան «զրպարտությունից»։ Այն, որ դատավորի տրամաբանությունը զուտ «ջենթլմենական» է եւ ոչ իրավական, երեւում է թեկուզ այն հանգամանքից, որ իրավական միջամտության այնպիսի ձեւ, ինչպիսին է «հոդվածի հեռացումը կայքից», ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Քաղաքացիական օրենսգրքի 1087-1 հոդվածում, որով սահմանվում են պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները, «զրպարտվածը» չի կարող պահանջել կայքից հանել լրատվական ստեղծագործությունը կամ հրապարակումը, կամ հոդվածը, որովհետեւ նման պահանջ ուղղակի նախատեսված չէ։ Դատավոր Վարդազարյանը մեզ նաեւ հերքման մի աբսուրդ տեքստ է պարտադրել։



Նա վերցրել է «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածից մի ամբողջական պարբերություն, որը դուր չէր եկել Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, եւ պահանջում է, որ այն կրկին տպագրենք ու տակը գրենք․ «Չի համապատասխանում իրականությանը»։ Ահա այդ աղմկահարույց պարբերությունը․ «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին։ Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան»:



Այստեղ բազմաթիվ տեղեկություններ կան, եւ թե դրանցից հատկապես որ մեկը չի համապատասխանում իրականությանը, հասկանալի չէ։ Այն, որ որոշ լրատվամիջոցներ խորացա՞ն, թե՞ որ պատմեցին նախարարի եւ նրա կնոջ թեթեւ ամուսնության մասին։ Թե՞ որ՝ պատմությունները մութ են։ «Թեական» այս պարբերությունն է, որում խոսք էր գնում Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ տարածվող տեղեկությունների մասին, եւ մարդիկ այն դեռ կարդալու են ու կարդալու։ Իսկ մեր հոդվածի մյուս հատվածները, որոնք վերաբերում են այլ պերսոնաժների՝ Մոնիկա Լեւինսկուն եւ Քլինթոնին, երիտասարդ տարիներին նուդիստական լողափերի սիրահար Անգելա Մերկելին, մերկ լուսանկարներով հանրությանը հառնած Կառլա Բրունիին, Սեյրան Օհանյանի կնոջը, փաստորեն, խանգարում էին, եւ դրանք դատավոր Ռուբեն Վարդազարյանը «ջենթլմենավարի» որոշեց հանել տալ կայքից, անհետացնել։ Ինչ խոսք, հանճարեղ է եւ ջենթլմենական։