Լևոն Մկրտչյանը կադրային ջարդ չի անելու

Լևոն Մկրտչյանը կադրային ջարդ չի անելու

Կրթության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարությունում, պատասխանելով «Հրապարակի» հարցին, հայտարարեց, որ կադրային մեծ փոփոխություններ չի կատարելու։ «Մի չափանիշ կա՝ կադրային ջարդ չի լինի, - ասաց դաշնակցական նախարարը, - աշխատողներից շատերի հետ ես աշխատել եմ 10 տարի առաջ, և այդ իմաստով շահեկան է կրթության նախարարությոսւնը։ Միակ չափանիշը պռոֆեսիոնալիզմն է։ Եթե կբավարարեն, կաշխատենք»։ Լևոն Մկրտչյանը երրորդ անգամ է նախարար նշանակվում։ Նա այդ պաշտոնին է եղել 1998-1999 և 2001-2003 թթ-ին, իսկ վերջին 7-8 տարիների ընթացքում ևս համակարգում է եղել, բայց որպես ԵՊՀ դասախոս։ 



-Կա՞ն սխալներ, որ դուք չեիք ցանկանա կրկնել։
- Չեմ կարող ասել։ Նախ, ես յուրաքանչյուր անգամ 1-2 տարուց ավելի չեմ պաշտոնավարել, և եթե քայլերը կատարում ես, արդյունքը պետք է փորձես ներկայացնել և դրա համար պատասխան տալ։ Այս անգամ վիճակն այնպիսին է, որ մենք ունենք արդյունք և կրթական համակարգը կայացած է, և այս նոր ժամանակահատվածի համար հիմնական պրոբլեմը լինելու է կրթության որակը։



Այսօր նախարարը պատրաստ չէր պատասխանել շատ հարցերի, և երեք անգամ խնդրեց լրագրողներին իրեն գոնե երկու շաբաթ ժամանակ տալ, որից հետո խոստացավ մեծ ասուլիսի հրավիրել բոլորին և պատասխանել ամենասուր հարցերին, այդ թվում նաև կրթության համակարգում առկա կոռուպցիայի մասին։ Իսկ այսօր ընդամենը նշեց, որ իր համար մեկ չափանիշ կա՝ պրոֆեսիոնալիզմ, կուսակցական պատկանելիությունը դեր չի խաղալու։ Խոստացավ․ դպրոցի ուսուցիչն է լինելու ուշադրության կենտրոնում։ Հանրապետական տնօրեններին նախարարը չի փոխարինի դաշնակցականներով, իսկ ընտրությունների ժամանակ կրթության համակարգի աշխատողներին փորձելու է հնարավորինս հետ պահել քաղաքական գործընթացներից։ Նախարարի պորտֆելի շուրջ իր և Լիլիթ Գալստյանի միջև մրցակցության մասին հարցերին Լևոն Մկրտչյանը տհաճությամբ, բայց ժպիտով արձագանքեց․ «Մեր մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել»։