Էջմիածինցի Կորեյկոյի քրեական արկածները

Էջմիածինցի Կորեյկոյի քրեական արկածները

Էջմիածնի բնակիչ, տոկոսով փող տվող Ռուբեն Տոնականյանի դուռը մարդիկ տարբեր ճանապարհներով են եկել, նրա օգնությանը դիմել, երբ նեղն են ընկել։ Մենք զրուցեցինք Տոնականյանի գործողություններից տուժած Արմավիրի մի քանի բնակիչների հետ, որոնք վստահեցնում են, որ տոկոսով փող են վերցրել Տոնականյանից ու վերջում կանգնել ունեզրկման եզրին։ Ինքը՝ Ռուբենը, վստահեցնում է, որ տոկոսով փող չի տվել, ոչ մեկին չի ունեզրկել, եւ մարդիկ ուղղակի ուրացել են իր բարի արարքները։



«Պահանջեց, որ խանութը գրանցեմ կնոջ անունով»



Օրինակ, իր համադասարանցուն՝ Սամվել Գրիգյանին, Տոնականյանը 20 հազար դոլար է տոկոսով տվել, երբ վերջինս խանութ էր ուզում գնել։ Խանութի տերը չէր կարողանում վճարել ԱԿԲԱ բանկից վերցրած վարկը, եւ խանութը 42 հազար դոլարով վաճառել է Սամվելին։ «Բանկի հետ պայմանավորվեցին, որ պետք է գնեմ այդ խանութը։ Բանկին ձեռք էր տալիս սա, որ քաշքշուկի մեջ չընկնի, ինքն ինձ վարկ տա։ Դիմեցի Ռուբեն Տոնականյանին, որը երկար ժամանակ մեր տանն է ապրել։ Նա պահանջեց, որ խանութը գրանցեմ իր կնոջ անունով։ Մի շաբաթ չանցած, եկավ, ասեց՝ այդ փողը, որ քեզ եմ տվել, տոկոսով էր։ Կամ էլ հենց հիմա տուր այդ փողը։ Բայց գումարն արդեն տվել էի խանութի տիրոջը, վարկն էլ դեռ չէի ստացել»։ Վարկն ստանալուն պես Սամվելը փակում է տոկոսները, բայց մայր գումարը մնում է։ Մայր գումարի դիմաց Տոնականյանը վերցնում է Սամվելի պապական տան մի մասը, վաճառում այն, ինչպես պատմում է տուժողը, բայց գալիս, իրեն ասում է, որ չի ծախվում տունը։ «Ասեց՝ կամ դա հետ վերցրու, կամ էլ տոկոսն աշխատում է։ Եթե չես համաձայնում, քո խանութը կնոջս անունով է, վերցնում եմ։ Իրենք դիմեցին ոստիկանություն, որ ինձ վտարեն խանութի տարածքից, ես գործը տվեցի ոստիկանություն, պահանջեցի, որ քրեական գործ հարուցեն, կար ձայնագրություն, որտեղ կինն ասում է, որ սա տոկոսով փող է, մենք դրանով ենք ապրում եւ այլն»։ Քննչական կոմիտեն գործ հարուցեց Տոնականյանի դեմ։ Նրան վաշխառության մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ... Ռուբեն Տոնականյանը Սամվել Գրիգյանին 20 հազար ԱՄՆ դոլար ամսական 10 տոկոս տոկոսադրույքով գումար տալով եւ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալով` կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով»։ 7-8 ամիս քննելուց հետո գործը կարճվեց։



Համոզել է զոքանչի տունը գրավ դնել



«Մենք պահանջել էինք, որ գործը հարուցվի խարդախության մեղադրանքով, բայց հարուցեցին վաշխառությամբ,- ասում է Սամվել Գրիգյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը,- այսօր տեղեկացանք, որ գործը կարճվել է»։ Նա դեռ չգիտի, թե ինչ հիմքով է դատախազությունը փակել Տոնականյանի դեմ գործը, բայց համոզված է, որ որոշումն արդարացի չէ եւ բողոքարկման ենթակա։ Գայ գյուղում բնակվող մեկ այլ ընտանիքից Տոնականյանը խլել է տունը։ «Տոկոսը տոկոսի վրա բարձրացնում էր, կորցրել ենք ամեն ինչ նրա պատճառով։ Իմ տպավորությամբ, քննությունը շատ է ձգձգվում»,- ասում է Շիրազ Խաչատրյանը։ Ըստ նրա շահերի պաշտպան Գոհար Հովհաննիսյանի, Տոնականյանը տոկոսով գումար է տվել՝ որպես երաշխիք պահանջելով գրավ։ «Շիրազ Խաչատրյանը համոզել է աներոջը եւ գրավ է դրել նրա տունը։ Մարդիկ ստորագրել են պայմանագիրը, հետո պարզվել է, որ դա ոչ թե գրավի, այլ առքուվաճառքի պայմանագիր է։ Տունը ձեռքներից առել է»։ Շիրազի ընտանիքի անդամներից ընդամենը մեկին են հարցաքննել քննիչները։ Առանց մյուսներին լսելու գործը կարճել են։ Էջմիածնի մեկ այլ բնակչից՝ Սամվել Գրիգյանի խորթ եղբորից, Տոնականյանը վերցրել է տունը, դեղատունը, հողատարածքը։



Կորեյկոյի պաշտպանը կաթողիկոսի ազգակա՞նն է



Այս պահի դրությամբ երեք ընտանիք, թվով մոտ 8-9 մարդ է տուժել Ռուբեն Տոնականյանի գործողություններից, բայց, ասում են, վերջինիս շահերը լավագույնս պաշտպանում է տեղի դատախազ Կորյուն Ներսիսյանը, որը թեեւ չունի փաստաբանական լիցենզիա, բայց ցանկացած փաստաբանից էլ հզոր է։ Էջմիածնում պատմում են, որ նա Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորորդին է, եւ նրա դեմ խաղ չկա։ Հետաքրքիրն այն է, որ 73թ. ծնված Ռուբեն Տոնականյանը չունի աշխատանք, 2008-ին դատապարտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Նա Էջմիածնի առեւտրի կենտրոնում առանց պետական գրանցման եւ լիցենզիայի տարադրամի փոխանակման կետ էր բացել։



Դատապարտվելուց հետո Էջմիածնի Կորեյկոն ավելի ու ավելի է հարստացել։ Մենք զանգահարեցինք Ռուբենին՝ հասկանալու համար, թե ինչպես է նրան հաջողվել այսքան մարդու ձեռքից տուն ու հող, խանութ, տարածք առնել։ «Ինչ պետք է, ես քննչականում եմ ասել»,- մի քանի անգամ կրկնեց նա։ «Շիրազենց տունը ես 2010 թվին եմ առել։ Ես էնքան բարի եմ, որ ինքը մինչեւ հիմա ապրում է էդ տանը։ Եթե ինքը չի ուզում ապրի, ես վաղը կգնամ ոստիկանություն, դիմում կգրեմ, որ իրենց տնից հանեն։ Սուտ-սուտ բաներ են ասում բոլորը։ Չհավատաք։ Եթե ես տոկոսով փող տված լինեի, ես միլիոնատեր կլինեի։ Եթե 10 թվին է եղել, ինչո՞ւ եք հիմա դիմում։ Թե՞ իրենց մեջ տվել-առել են՝ գնանք քննչականի մոտ, բողոքենք, տները հետ վերցնենք։ Սամվել Գրիգյանն էլ միամիտ տղա էր, գործունյա, ո՞նց խաբվեց։ Բոլորին միավորել է, փող է տվել»,- ասում է Ռուբեն Տոնականյանը։ Սամվելի խորթ եղբոր մասին ի՞նչ կասեք։ «Իսկ ո՞ւր է հիմա նա,- հարցնում է Տոնականյանը,- Ռուսաստանում։ Նրան բոլորը ման են գալիս, որ փող վերցնեն, իսկ ինձ ոչ ոք ման չի գալիս, բոլորը սուտ են խոսում, բոլորը միավորվել են իմ դեմ, հույսով, որ հետ կվերցնեն իրենց ունեցվածքը»։ Նա ժխտեց, որ իրեն որեւէ իրավապահ, ներառյալ կաթողիկոսի եղբորորդին, հովանավորել է․ «Ամենախելացին առաջին հետաքննիչն էր, որ ասեց՝ ապացույցներ չկան, ու գործը փակեց։ Հիմա սպասենք, դատարանը կորոշի ինչն ինչոց է։ Ես բան չունեմ ասելու»։