«Համալսարանականներն» իշխանափոխություն են արել

«Համալսարանականներն» իշխանափոխություն են արել

Ավանի Ծարավ աղբյուրի փողոցը հայտնի է որպես երիտասարդ համալսարանականների էլիտար շենքերի փողոց։ Այստեղ նրանք պետական աջակցությամբ շուկայական գներից բավականին էժան բնակարաններ գնեցին։ «Համալսարանականներ» համատիրությունը, որը միավորել է երկու շենքերը՝ 55/5 եւ 55/6, իսկական ինքնիշխան հանրապետություն է, ինքնավարության տիպիկ օրինակ։ Վերջերս այս «հանրապետության» բնակիչները հայտնաբերեցին, որ իրենք տարիներ շարունակ հոսանքի դիմաց հարեւան շենքից բարձր վճարներ են տվել։ Նրանք հատուկ «աուդիտ» կազմակերպեցին եւ պարզեցին, որ հարեւան համատիրության բնակիչները իրենցից 6-8 անգամ քիչ են վճարում հոսանքի համար։ Ընդ որում՝ տարիներ շարունակ։ Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, նրանք անիմաստ ցույցեր ու ակցիաներ չարեցին, այլ միանգամից ստորագրահավաք անցկացրին, հեռացրին համատիրության նախագահին զբաղեցրած պաշտոնից ու ազատ, արդար ընտրությունների արդյունքում նոր նախագահ ընտրեցին՝ Խաչիկ Գեւորգյանին, հետո էլ պայքարեցին, որ արդարադատության նախարարությունը «գրանցի» ընտրությունների արդյունքները եւ «ճանաչի» իրենց նոր նախագահին։ 



Ընտրություններն ավարտվել են մի քանի օր առաջ։ Իշխանության 100 օրը չլրացած՝ նոր նախագահը ձեռնամուխ եղավ բնակիչների հոսանքի հարցի լուծմանը եւ մի նամակ կազմակերպեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանին, որտեղ ներկայացրեց, թե ինչ անարդար են վարվել իրենց հետ։ «Ծարավ աղբյուր փողոցում իրար կողք կողքի կան երկու համատիրություններ: Դրանցից մեկը Ծարավ աղբյուրի 55/8 եւ 55/11 շենքերից բաղկացած «Ծարավ աղբյուր» համատիրությունն է եւ մյուսը Ծարավ աղբյուրի 55/5 եւ 55/6 շենքերից բաղկացած «Համալսարանականներ» համատիրությունն է: «Ծարավ աղբյուր» համատիրությունը բաղկացած է 5 հատ 15 հարկանի շենքերից, իսկ «Համալսարանականներ» համատիրությունը՝ 1 հատ 15 հարկանի շենքից եւ մեկ հատ 7 մուտքանի 10 հարկանի շենքից: 2016 թվականի հունվար ամսվա էլեկտրաէներգիայի ծախսը «Ծարավ աղբյուր» համատիրության 5 շենքերում կազմել է 155,292 դրամ։ Նույն համատիրության 2015 թվականի դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 187 հազար 767 դրամ։ 2016 թվականի հունվար ամսվա համար ՀԷՑ-ը «Համալսարանականներ» համատիրությանը ներկայացրել է անհասկանալի հաշիվ, որտեղ հաշվարկն արված է ձեռքով, ու միայն այդ ձեռագրից է պարզ դառնում, որ 15 հարկանի 55/6 շենքի ծախսը կազմել է 246 հազար դրամ, իսկ 7 մուտքից բաղկացած եւ 10 հարկ ու ավտոկայանատեղի ունեցող 55/5 շենքինը՝ 911 հազար դրամ: «Համալսարանականներ» համատիրությունը, այսպիսով, 2016 թվականի հունվար ամսվա համար պետք է վճարի 1,157,000 դրամ... Ու այսպիսի վերաբերմունքի «Համալսարանականներ» համատիրությունն արժանացել է տարիներ շարունակ: Ինչո՞ւ: Տարիներ շարունակ, ինչպես տեսնում եք, «Համալսարանականներ» համատիրությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վճարել է, եթե միայն համեմատենք «Ծարավ աղբյուր» համատիրության վճարումների հետ, 3, 4, միգուցե հինգ անգամ ավելի շատ էլեկտրականության վճար: Տարիներ շարունակ անհետեւողականության պատճառով այս հանգամանքը մատնվել է անուշադրության»:



Ահա նամակը։



Հիմա բնակիչներն սպասում են ՀԷՑ-ի պատասխանին, բայց նրանք նաեւ երկրորդ խնդիրն ունեն՝ պատասխանատվության ենթարկել իրենց տարիներ շարունակ թալանող եւ հարստահարող նախկին ղեկավարին։ Քանի որ համատիրության նախկին նախագահը՝ Արտաշը, որը բավականին բարձր աշխատավարձ էր ստանում, լավ կառավարիչ չէր։ Նա մոտ 1 մլն. դրամի պակասորդ է թողել «համալսարանականների» վրա եւ այժմ չի պատասխանում բնակիչների հեռախոսազանգերին։



Բնակիչներից ոմանք վստահեցնում էին, որ Արտաշին սատարում են ԵՊՀ ղեկավարությունը եւ նույնիսկ ՀՀԿ որոշ պատգամավորներ։ Օրինակ՝ նույն շենքում բնակվող Շիրակ Թորոսյանը։ «Նա շատ փոքր է տարիքով, որ նրա հետ ընկերական հարաբերություններ ունենամ,- ծիծաղելով պատասխանեց մեզ պատգամավորը, -չգիտեմ ինչ պատմություն է։ Համատիրության նախագահը դրել են մի մեծ պաշտոնի տեղ, օրը մեջ մեկը գալիս է, թե՝ ստորագրեք։ Կարեւորն այն է, որ նորմալ աշխատի համատիրությունը»։ Նախկին նախագահի աշխատանքից նա գոհ է․ «Խափանումներ չեն եղել, պարկինգն ու պահակակետն աշխատել են, իսկ եթե առանձին խնդիրներ կային, չեմ նկատել»։ Հոսանքի դիմաց Շիրակ Թորոսյանն առաջանցիկ է վճարում, չի սպասում, տարին երկու-երեք անգամ, որ շատ ժամանակ չհատկացնի։ Նախկին նախագահի մախինացիաներից էլ տեղյակ չէ։



«Չե՞ք պատրաստվում արդյոք հետ բերել գումարը»,- հարցրինք կառավարիչ Տրդատ Սարգսյանին։ «Մենք չենք ուզում մեղադրել նախկին նախագահին՝ առանց փաստերի։ Գուցե նա կանխիկացրել է այդ գումարը, ուղղակի չի փաստաթղթավորել ծախսը։ Կարծում ենք՝ նա ոչ թե գողացել է, նա վատ կառավարիչ էր պարզապես, չենք ուզում հիմա նրան մերկապարանոց մեղադրել»,- ասաց նա։ Ուսումնասիրելով հարեւան «պետության»՝ «Ծարավ աղբյուրի» համատիրության փորձը, «համալսարանականները» հայտնաբերել են, որ այնտեղ յուրաքանչյուր ծառայության համար առանձին հաշվիչ է տեղադրված՝ վերելակի, ջրի պոմպի, ներքին լուսավորության, եւ բնակիչները վճարում են ըստ այդ հաշվիչների ցուցմունքի։ «Մեզ մոտ էլ կան այդ սարքերը, ուղղակի էլցանցը պետք է առանձնացնի ծախսերը եւ նոր, ավելի թափանցիկ հաշվարկներ կատարի»,- ասում է կառավարիչը եւ խոստանում ընթացքի մասին տեղեկացնել հանրությանը։