Գասպարիի գործը լակմուս Էր իրավապաշտպան կառույցների համար

Գասպարիի գործը լակմուս Էր իրավապաշտպան կառույցների համար

Վերաքննիչ դատարանը բեկանեց Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշումը եւ նրան անհապաղ ազատ արձակեց։ Անազատության օրերին Գասպարին մի մեծ առաքելություն կատարեց՝ ներսից, «Նուբարաշենի» խցից, պայթեցրեց հայաստանյան կեղծիքների համակարգը։ Նա իր գետնին պառկելով, ինչը շատերի համար անճարության ցուցադրություն էր, անգամ ծիծաղելի արարք, ոչ միայն ոստիկանի, քրեակատարողական հիմնարկների աշխատողների, դատավորների հակամարդկային դեմքը պատռեց, այլեւ պայթեցրեց իրավապաշտպան եւ հասարակական կառույցները, որոնք վաղուց գործարքի են գնացել իշխանության հետ։



Բերդերում մոնիտորինգ անողները «փրփուր» են



Սովորաբար, երբ կալանավայրում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամները գնում են բերդերի բնակիչների մոտ, վերջիններս հարգանքով են վերաբերվում նրանց։ Ոչ թե, որովհետեւ շատ են հավատում, այլ որովհետեւ շատերի համար այս խումբը, ի դեմս Հայաստանի հելսինկյան կոմիտեի անդամ Ռոբերտ Ռեւազյանի, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի անդամ Ռոբերտ Սարգսյանի, այլ ՀԿ-ների անդամների, վերջին փրփուրն է, որից կարելի է փորձել կախվել։



Մեկ էլ տեսար՝ ստացվեց մի բան։ Նեղ աշխարհում յուրաքանչյուր փրփուր կամ մոնիտորինգային խմբի անդամ արժեք է։ Բայց Գասպարիի համար սա էլ է մերժելի, նա անզոր է մինչեւ վերջ, եւ դրանում է նրա ուժը։ «Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական եւ վրդովվեցուցիչ է,- գրում է Գասպարին Ռեւազյանի խմբին, որն իրեն այցելել է փետրվարի 24-ին, օգտագործելով իր արսենալում մնացած միակ զենքը՝ խոսքի ազատությունը։- Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք, պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները՝ խորացել: Իհարկե, դուք միշտ կարող եք արդարանալ, որ եթե չանեիք այս ընթացքում ձեր արածը, վիճակը բազմակի անգամ վատ կլիներ:



Սկզբունքորեն չեմ կարող հակաճառել… Իսկ ավելին գրել չեմ կարող. գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները»։ 2005 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոգոնեց վերահսկելի այս խումբը։ Խմբի անդամները հատուկ պարտավորություն ունեն՝ իրենց տեսածի ու լսածի մասին անմիջապես չբարձրաձայնելու, իրենց նկատած թերություններն առժամանակ գաղտնի պահելու պարտավորություն։ Նրանք ստորագրում են այդ կետի տակ, եւ այդ կետն անմիջապես անպիտան, իմիտացիոն գոյության է դատապարտում այս խումբը։ Փոխարենը, դիտորդները հնարավորություն են ստանում լիուլի վայելելու բանտապահների եւ բանտերի պետերի հետ մտերմությունը, իսկ վերջիններս իրենց շրջանակում քմծիծաղով են խոսում դիտորդների մասին։ Այո, Դավիթ Հարությունյանն ամեն ինչ լավ էր հաշվարկել։



Հավանաբար, նույնիսկ այն, որ այս խումբը մի օր պայթելու է։ Ուղղակի ժամկետը չգիտեր՝ 24 փետրվարի 2016 թվականի, երբ դիտորդների «շեֆ» Ռեւազյանը եւ մյուս ՀԿ-իստ Սարգսյանը գնացին անզոր, ամենապառկող Գասպարիի մոտ։ Երեւի Հարությունյանը գոհ է, բավականին երկար ծառայեցին դիտորդները, ուղիղ 11 տարի։



Թաթոյան ջան, Գասպարին ո՞նց է



Գասպարիի շուրջ ստեղծված իրավիճակը պայթեցրեց նաեւ ՄԻՊ-ի դեմքը։ Խեղճը հազիվ էր ուշքի եկել խորհրդարանական «լվացքից» հետո։ Նշանակման առաջին իսկ օրը, ինչպես ասում են, «նավից պարահանդես ընկավ», հայտնվեց Գասպարիի ապօրինի կալանավորման, նրան բռնության ենթարկելու վերաբերյալ արտահայտվելու անհրաժեշտության առաջ։ Եթե առաջին հարցում Թաթոյանին օգնեց մեր ՄԻՊ-երի մշտական՝ «ուսումնասիրություն ենք կատարում» արդարացումը, ապա բռնության, խոշտանգման վերաբերյալ նա պարտավոր էր արտահայտվել, մանավանդ, որ իր «գործիքներին»՝ արագ արձագանքման խմբին, ուղարկել էր բերդ։ Ի՞նչ են այնտեղ տեսել «գործիքները», ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ապացույցներ են հավաքել, ի՞նչ խախտում են տեսել, Գասպարին ո՞նց էր։ Սրա փոխարեն Թաթոյանը դիմեց իր հարազատ Կոստանյանին, կարծես Կոստանյանն այս օրերին ականջը բամբակ էր խցկել, իսկ աչքերին էլ սեւ շոր էր կապել, ու Արման Թաթոյանը պետք է Կոստանյանին ասեր, թե ինչ է կատարվում։ «Ինչ վերաբերում է Վ. Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը»: Ուսումնասիրության փայլուն արդյունք։ «Երկուս», պարոն Թաթոյան, իսկ վերաքննիչ դատարանին՝ «հինգ», երկիրը խայտառակությունից փրկելու փորձի համար։ Իսկ թե ինչ է կատարվել բերդում, ինչպես են Գասպարիին դաժանաբար ծեծել խցակիցները՝ բերդի ղեկավարության հրահանգով, իմացանք Գասպարիի նամակից։ Այդ նամակն ինքնին համարձակության ժեստ էր, կալանավորվածներից ոչ ոք այդչափ անկեղծ չէր եղել, երեւի, չհաշված Նիկոլ Փաշինյանին։



Խոշտանգումների կոմիտեի ներկայացուցիչ մեզ պետք չէ



Հայաստանը մասնակցում է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին (CPT-ին)՝ կազմակերպություն, որը կոչված է ապահովել ազատազրկված անձանց խոշտանգումներից եւ այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմները եւ գործում է ԵԽ համապատասխան կոնվենցիայի հիման վրա։ Այնտեղ մենք ունենք մեր միակ անդամը՝ Ինգա Հարությունյանին։ Անկախությունն էլ ավելի երաշխավորելու համար, ԽԿԿ-ի անդամները չեն այցելում այն պետությունները, որտեղից նրանք ընտրվել են, եւ Ինգա Հարությունյանը չէր կարող այցելել Գասպարիին։ Բայց նա մեծ գործ արած կլիներ, եթե տեղեկացներ կոմիտեին, ահազանգեր, որ իր երկրում խոշտանգման այսպիսի դեպք է տեղի ունեցել։ Մանավանդ, երբ այս մասին հայտարարում են իրավապաշտպան կառույցներն ու Գասպարիի փաստաբանները, իսկ նրա կինը դիմում է ՄԻԵԴ։ Ի՞նչ եք արել Վարդգես Գասպարիի խնդրով։ Արդյոք կոմիտեի իրավասությունների ոլորտում չէ՞ այս հարցը, եւ արդյոք որեւէ միջոց ձեռնարկվե՞լ է այն քննության կամ ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։ Երեկ այս հարցերն ուղղեցինք Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի խմբի անդամ Ինգա Հարությունյանին, եւ ահա նրա պատասխանը։ «Հարցն այս մարմնի իրավասությունների ոլորտում է, բայց մենք որեւէ գործողություն իրավասու չենք իրականացնելու։



Խոշտանգումների գծով ներհայաստանյան հարցերով, ըստ օրենսդրության, զբաղվում է ՄԻՊ-ը, ես իրավունք չունեմ զբաղվել մշտադիտարկմամբ եւ իրավապաշտպան գործունեությամբ, որը վերաբերում է այստեղ կատարվող խախտումներին։ Դրա համար գոյություն ունի ազգային մեխանիզմ, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, գրասենյակը։ Մենք չենք կարող իրար զուգահեռ գործառույթներ անել։ Էս պահին չեմ կարող ոչնչով օգնել»,- ազնվորեն խոստովանեց Ինգա Հարությունյանը եւ մեզ մեղադրեց անգրագիտության մեջ։ Մենք հասկանում ենք, որ անձամբ այցելել Գասպարիին նա չէր կարող, համաձայն կոմիտեի կանոնակարգերի, բայց գոնե կարո՞ղ էր տեղեկացնել այդ մարմնին Գասպարիի վիճակի, նրա հետ կատարվածի մասին։ Չէ որ նրա խնդիրն ուղղակի CPT գործունեության շրջանակներում է։ Նույն անկեղծությամբ ուզում ենք ասել Ինգային՝ էդ դեպքում Դուք մեր ինչի՞ն եք պետք ընդհանրապես։ Գուցե Ձեր դերն այստեղ CPT խմբի այցելությունների կանխո՞ւմն է։