«Դոմիկային» ջազ՝ Տիգրան Համասյանից

«Դոմիկային» ջազ՝ Տիգրան Համասյանից

Գյումրիում երիտասարդ արվեստագետների նախաձեռնած դրամահավաքի ժամանակ հանգանակված փողով տնակներում ապրող 13 ընտանիքների համար տուն են գնելու։ 13-ն ուղղակի թիվ է, ընտրություն դեռ չեն արել, դրամահավաքը շարունակվում է։ Հանգանակությունների չափը, որը սովորաբար չի քննարկվում, այսօր թիվ մեկ թեման է Գյումրիում։ Քաղաքը խոսում է քաղաքապետ, բիզնեսմեն Սամվել Բալասանյանի ընտանյոք հանդերձ արած հանգանակության մասին՝ 500 հազար դրամ։ Ասում են՝ քիչ է, Շամշյանն ու Կարգին Հայկոն են այդքան տվել։ Բայց այս քննարկումները ոչինչ չեն փոխի։ Տվողը կտա, չտվողը՝ ոչ, եւ երկուսն էլ արդարացում կգտնեն, ուստի խոսելն այս մասին ավելորդ է ու անհարմար։ 



Ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի բարեգործական համերգն էր անմոռանալի՝ փետրվարի 27-ին։ Նա արդեն նվագել է Անիում, Վանի Աղթամար կղզում, հիմա էլ ընտրել էր իր մանկության քաղաքը՝ Գյումրին, որը պակաս էկզոտիկ չէ, որի «բրենդը», ցավոք, երկրաշարժն ու «դոմիկն» են։ Նրա երաժշտությունը, որն արտասահմանյան տարբեր բեմերում է հնչել, հանկարծ ներդաշնակվեց տնակների էսթետիկայի հետ։ Ժանգոտված «ժեշտերի» արանքում վազվզող փոքրիկ աղջիկներն ու տղաները «Ֆանտան» թաղի այդ երաժշտության մասնիկը դարձան։ Երեւի, նրանք էլ էին իրենց բեմում զգում եւ չէին հասկանում, որ այդ երաժշտությունը բողոք է իրենց «դոմիկային» մանկության դեմ։



Թվաբանությունից էլ նրանք չեն հասկանում, որը հրապարակում են ֆեյսբուքյան գյումրեցի օգտատերերը․ «500 հազար դրամ՝ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո)
120 հազար դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ)
150 հազար դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս. Կարապետյանից
200 դոլար՝ Լարիսա Մինասյանից
1 մլն. դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը»։



«Դոմիկների» երեխաները սիրում են իրենց մանկությունը։ Հայրենի տան, բակի մասին շարադրություններ են, երեւի, գրել «հայոցի դասին» ու միայն լավ բաներ։ Ինչպես բոլոր երեխաները, նրանք համոզված են, որ իրենց տունն ամենալավն է։ Եվ ուրախ են, որ հենց իրենց հարազատ «հայաթ» են բերել-դրել Տիգրանի դաշնամուրը, որ հենց իրենց քարերի վրա են նստոտել Երեւանից եկած սիրուն շորերով ջահել աղջիկներն ու տղաները։



Տիգրանը տարրալուծվել էր պեյզաժի մեջ իր հնչյունների պես, դաշնամուրը մի «դոմիկ» էր դարձել։ Տնակների կտուրներին քարեր էին դրված, որ քամին չթռցնի-տանի այստեղից-այնտեղից հավաքված աներեւակայելի լաթերն ու «ժեշտի» կտորները։ Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետարանի մյուս աշխատողները, արքեպիսկոպոս Աջապահյանը, շատ-շատ մարդիկ, որոնք այդ թաղամասի տեղն էլ չգիտեին, գուցե, մի ստադիոն ժողովուրդ, Տիգրան Համասյանի շնորհիվ տեսան ցեխի մեջ կորած տնակները եւ դրանց բնակիչների հետ կողք կողքի դաշնամուր լսեցին։ Նրանք, իհարկե, իրենց պաշտոնական պարտքն էին կատարում։ Մեր քաղաքներում ընդունված է, որ երբ հայտնի հյուրեր են գալիս, քաղաքապետարանից կամ գյուղապետարանից մարդ է լինում։ Բայց նաեւ եկել էին լսելու Տիգրանին, որն իրենց համար չէր նվագում, այլ կեղտի ու ցեխի մեջ կորած անտունների։ Այս ջազը խիստ հասցեական էր։ Իր մանկությունը Գյումրիում անցկացրած Տիգրանն սկզբում ոտքով եկավ այս թաղ, մտավ «դոմիկ» ու «դոմիկների» ավանդական սնունդը՝ «կարտոշկան», տանտերերի հետ շերտեց ու դրեց «փեչի» վրա։ Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Տիգրանին պարգեւատրեց Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով, ձեռքի հետ Բալասանյանի PR-ն անելով։ Տիգրանը ոչինչ չասաց։ Քաղաքապետը Գյումրիում չէր, նա մեկնել էր ՌԴ՝ բիզնեսի հարցերով։