Հավաք-երթ՝ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան

Հավաք-երթ՝ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան

Այսօր, Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից ութ տարի անց, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի գլխավորությամբ ՀՀ քաղաքացիները Երեւանի Ազատության հրապարակից անցկացրեցին հավաք-երթ դեպի Մյասնիկյանի արձանին հարակից տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։



Հավաքի սկզբում, լրագրողների հետ զրույցում, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մարտի 1-ի գործով շատ բաներ բացահայտվել են, բացահայտումներ են արվել օլիգարխների վերաբերյալ, բացահայտումներ են արվել 038 հրամանի մասին, բացահայտվել է, թե ինչպես են երեք հոգի սպանվել «Չերյոմուխա» զենքից։ Նա ասաց, որ առանց քաղաքական փոփոխությունների հնարավոր չէ ամբողջությամբ բացահայտել Մարտի 1-ը, եւ եթե բացահայտման փորձ արվի ներկա իշխանությունների օրոք, ապա այդ շղթան չի կանգնի միջին օղակներում։



ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ելույթ ունենալով հավաքում, հիշեցրեց, որ միայն ԵԽԽՎ-ն 4 բանաձեւ է ընդունել Մարտի 1-ի վերաբերյալ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ գործով սկսել է կոմունիկացիաների փուլը։ Նա ասաց նաեւ, որ ՀՀ կառավարությունն այդ գործով երեք ամիս ժամանակ է խնդրել պատասխանելու համար։ Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք առաջարկել են ԱԺ-ին Մարտի 1-ը հռչակել որպես պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների օր։



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում պահանջեց անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Հավաքը շարունակվեց երթով, որի ժամանակ մասնակիցները վանկարկում էին՝ «Սե՛ր-ժի՛կ, մարդասպան», «Պա՛յքար, պա՛յքար, մինչեւ վերջ»։



Հիշեցենենք, որ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն էին ստորագրել վեց քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ԱԻՄ-ը, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, «Քաղաքացիական պայմանագիրը»։



Երթի ավարտին ՀՀ քաղաքացիները՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանին։



Ուշագրավ է, որ Մյասնիկյանի արձանի մյուս կողմում ծաղիկներ դրեցին նաեւ երթն ուղեկցող ոստիկանները։