Քիսայի թվաբանությունը Գյումրիի բաղնիքում

Քիսայի թվաբանությունը Գյումրիի բաղնիքում

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհիվ անապահովները կարողանում են լողանալ Յոթ վերք եկեղեցու հետնամասում գտնվող բաղնիքում եւ մազ կտրել վարսավիրանոցում։ Լուրեր են պտտվում, որ վարսավիրական ծառայությունները պաշտոնապես մատուցում է փոխքաղաքապետ Ռոբերտ Սանոյանի դստեր՝ Լուսինե Սանոյանին պատկանող գեղեցկության սրահը։ Քաղաքապետարանից հերքում են դա, ասելով, որ Լուսինեի վարսավիրանոցը քաղաքի կենտրոնի «էլիտ» սալոններից է։ Պարզ է, որ այնտեղ անապահովներին չեն ընդունի, գոնե հարուստ հաճախորդներին չփախցնելու համար։ «Մազ կտրողը նստում է հենց բաղնիքում»« - ասում է քաղաքապետի սոցիալական հարցերով խորհրդական Սահակ Սահրադյանը։ Պաշտոնապես բաղնիքի ծառայությունները մատուցում է «Պլատֆորմ» ՍՊԸ-ն, որը մրցույթով շահել է քաղաքացիներին լողացնելու եւ քաղաքապետարանից դրա դիմաց գումար ստանալու իրավունքը՝ ամենացածր գնային առաջարկը ներկայացնելով։ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գրանցված այս ՍՊԸ-ն բազմազան ծառայություններ է մատուցում գյումրեցիներին։ Բացի մարդ լողացնելուց, նաեւ գրանցված է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալների ցանկում։ Թե ով է բաղնիքի տերը՝ ստույգ հայտնի չէ։ Քաղաքում տալիս են քաղաքապետ Սամվել Բալասանյանի սոցիալական հարցերով խորհրդական, նույն Սահակ Սահրադյանի անունը։ Իբր, հենց նա է աշխատեցնում բաղնիքը, իսկ Բալասանյանն էլ դրա իրական, բայց ոչ պաշտոնական տերն է։ Սահակ Սահրադյանը հերքում է սա։ «Հիմար խոսակցություններ են,- ասում է նա, բայց «Պլատֆորմ» ՍՊԸ-ի տիրոջ անունը չի բացահայտում,- այս ՍՊԸ-ն ամենաէժան գնային առաջարկն էր արել։ Քաղաքապետարանը յուրաքանչյուր հոգու համար մոտ 1200 դրամ է փոխանցում ամսական։ Պայմանագիրը կազմվել է 960 անձի համար։ Մեկ անգամ լողանալն արժե 300 դրամ, մեկ անգամ վարսավիրի ծառայությունից օգտվելը՝ 400։ Ամիսը երեք անգամ լողանում են, մեկ անգամ վարսահարդարի մոտ գնում։ Պարզ է, որ սա քաղաքապետի մասշտաբ չէ։ Ծիծաղելի է, որ քաղաքապետը սեփական բաղնիք պահի ու քաղաքի չնչին գումարներից փոխանցումներ անի»։ Մենք էլ ենք ծիծաղում, բայց «բաղնիքի» «լողացող» թվաբանությունը ոչ մի կերպ չի հստակեցվում։



Քաղաքապետարանը տարեկան 9 մլն. դրամ էր հատկացնելու այս ծառայությունների համար։ Եթե 960 մարդ ամսական 3 անգամ՝ 900 դրամի, լողանում է ու մեկ անգամ գնում վարսավիրանոց՝ 400 դրամի, նշանակում է՝ հիգիենիկ ծառայությունների փաթեթն արժե 960 անգամ 1200 դրամ, այսինքն՝ 1 մլն. 152 հազար դրամ։ Սա արդեն ավելի է, քան բյուջեով հատկացվողը։ Բացի դա, իրականում ոչ թե 960 մարդ է օգտվում բաղնիքի ծառայություններից, այլ շատ ավելի։ «Քանի որ քաղաքապետն ասել է, որ շատ խիստ բյուրոկրատիա չլինի, մենք համաձայնության ենք եկել, որ եթե երեք անգամից ավելի է գալիս մարդը, խնդիր չհարուցեն»,- ասում է Սահրադյանը։ Այսինքն՝ քաղաքապետարանը «խիստ ֆիլտր» չի անում, որովհետեւ եթե տանը մարդն ունենա լողանալու պայմաններ, հաստատ բաղնիք չի գնա։ «Կազմակերպությունը մի քիչ ավելով է սպասարկում, մարդուն չմերժելու տարբերակով։ Մարդ ենք ուղարկում՝ մի քիչ ավելի, չեն մերժում»,- ասում է սոցիալական հարցերով խորհրդականը։ Քանի որ շշերով ջուր հավաքողները եւ «փեչի» վրա ջուր տաքացնողները շատ են Գյումրիում, լողանալ ցանկացողների թիվն օրըստօրե ավելանում է։ Մի խոսքով, անվճար բաղնիքն աստիճանաբար վերածվում է անհասկանալի թվաբանությամբ մեծ «լվացքի»։ Սահակ Սահրադյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ այստեղ անվերահսկելի գումարներ են պտտվում։ Քաղաքապետը օրերս նամակ է ստացել «Պլատֆորմ» ՍՊԸ-ից այն մասին, որ կազմակերպությունը չի տեղավորվում հատկացված գումարների մեջ և խնդրում է ավելացնել բաղնիքի ֆինանսավորումը։ «8 ամսվա համար մոտ 1 մլն 200 հազար է հատկացվել։ Քաղաքապետը խոստացել էր, որ 8 ամիս անց ծախսերը կպլանավորվեն խնայողությունների հաշվին, կամ էլ կլրացվեն Սամվել Բալասանյանի անփնական միջոցներից», - ասաց Սահակ Սահրադյանը։  



ՀԳ. Ի դեպ, պարզվում է՝ Բալասանյանի օրինակը վարակիչ է եղել որոշ տեղական ղեկավարների համար. մեր տեղեկություններով, Նորք վարչական շրջանի ղեկավարն էլ է իր տարածքի անապահովներին լողացնելու ծրագիր սկսել։