Կենտրոն համատիրությունը չի կատարում իր պարտավորությունները բնակիչների հանդեպ

Կենտրոն համատիրությունը չի կատարում իր պարտավորությունները բնակիչների հանդեպ

Նալբանդյան 31 շենքի համար վերելակը աստծո պատիժ է դարձել։ Անցյալ ամիս 10 օր չի աշխատել, նախանցյալ ամիս՝ 5 օր, մի քանի օր էլ մինչ այդ։ Կամ փչացած է, կամ հոսանքի գումարը չի հավաքվել, և էլեկտրիկներն անջատել են։ Վերելակը 1975 թվականի արտադրության է, հին սովետական։ Մի անգամ, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք, փոխվել է։ Բնակիչները ուրախացել էին, ստորագրեցին ներկայացրած կատարողականների տակ, հետո պարզվեց, որ միայն խցիկն են փոխել, իսկ մեխանիղմը մնացել է նույն հին սովետականը։ Վերելակի պատճառով շենքում ամբողջ օրը կռիվ է։ Բնակիչների մի մասը գումար չի տալիս, իսկ տվողները չգիտեն, ում վճարեն, որովհետև ոչ ոք չի ստանձնում «լիֆտի» փող հավաքողի գործը։ Միակը, ով հանդգնեց իր վրա վերցնել այս անշնորհակալ առաքելությունը, Վիկտորիա անունով աշխույժ կինն էր, ով վաղուց մահացել է։ Ասում են, հիվանդությունը զարգացել է հենց վերելակի փող հավաքելու դարդից և սթրեսներից։ Դռնեդուռ էր ընկնում խեղճը, որ հոսանքի գումարը հավաքի, չէին տալիս, գալիս էր, լաց էր լինում տանը, քաղցկեղից մահացավ։ Վիկտորիան այնքան պարտաճանաչ էր, որ մահից հետո էլ է շարունակում գումար հավաքել։ Նրա անունով մինչ օրս գործում է հաշվեհամար, և Նալբանդյան 31-ի փող տվող բնակիչները ամեն ամիս մի ինչ-որ հանգանակություն են անում այս կնոջ անունով, իսկ էլեկտրիկները հավաքված գումարից վճարում են հոսանքի դիմաց։ Բայց գումարն այս հաճախ չի ծածկում վերելակի ծախսը, և էլեկտրիկները ստիպված են լինում կրկին «լիֆտն» անջատել։ Բնականաբար, տուժում են վերևի հարկերի բնակիչները։



Երկար տարիներ Վիկտորիայի մահից հետո նրանցից ամենահարուստները բարեգործություն էին անում շենքի բնակիչների համար։ Էդիկ Թողունցը, օրինակ, կամ Արթուր Աղայանը։ Բայց փողատերերը տեղափոխվեցին էլիտար շենքեր, և Նալբանդյան 31-ի վերելակը կրկին կանգնել է։ Հիմա ո՞վ պիտի հավաքի վերելակի փողը։ Սա անլուծելի հարց է բնակիչների համար։ Բոլորը հրաժարվում են։ Շենքում լիազոր, կամ առանձին համատիրություն չկա։ «Կենտրոն» համատիրությունն էլ հրաժարվում է վերելակի փող հավաքել։ «Չեն կարողանում համախմբվեն, որ էլեկտրիկին վճարեն վերեկլակիի ծախսած հոսանքի գումարը», - ասում է «Կենտրոն» համատիրության աշխատող Գայանեն։ Նա պատմեց, որ վերջերս մի կին էր զանգել Նալբանդյան 31-ից ու բողոքում էր, որ ինքը վերելակի համար մուծելու փող չունի, իսկ բնակիչներից մեկը եկել ու վիրավորել է իրեն։ «Համատիրությունը հո չի՞ մտնի քաղաքացու անձնական գրպանը։ Նման խնդրով համատիրությունը չի զբաղվում, միայն բնակվարձն ու աղբահանությունն ենք կատարում, որոնք քաղաքապետարանին են պատկանում»։ «Բայց բնակվարձի համար մտնում եք, չէ՞։ Հիմա դուք ո՞ւմ եք պատկանում, ու՞մ համար եք աշխատում, քաղաքապետարանի՞, թե՞ բնակչի» Այս հարցին Գայանեն չկարողացավ պատասխանել, «ցրելով» մեզ ինժեների կողմը։



Ինժեներ Արթուր Գալստյանն էլ, թեև համաձայնվեց, որ «Կենտրոն» համատիրությունը բնակիչների կողմից ընտրված և նրանց սպասարկող մարմին է, դեմ էր, որ համատիրությունը վերելակի փող հավաքի։ «Այդ շենքը պրոբլեմատիկ է, մարդ կա՝ տալիս է, մարդ կա՝ չի տալիս։ 360 շենք ունենք, կեսը վերելակային են, բոլոր տեղերում էլ մի բնակչի անունով է հավաքվում գումարը, ինքը հանդիսանում է բաժանորդ և վճարում է։ Ինչու այստեղ չեն կարողանում անել։ Իրենց շենքի հետ կապված հարցերով լավ էլ դիմում են։ Շաբաթ երեք- չորս անգամ այդ շենքում կոյուղու խցանում ենք մաքրում, վերելակը երեկ ենք նայել, շատ լավ վիճակում է, շքամուտքը երկու տարի առաջ եմ նորոգել, հիմա որ մտնեք, չեք հավատա, այնպիսի վիճակում է»։ Ահա այսպես։ Բնակիչը վատն է, մեր գործը չի, ինչ ուզում են, թող անեն։ Ի դեպ, բնակիչները վստահեցնում են, որ ճարտարագետ Արթուրը լկտիաբար ստում է․ «Տարիներ շարունակ կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ»։ 



Սյուզան Սիմոնյան