Պետք է բարձրացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը

Պետք է բարձրացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը

Այսօր Ազգային ժողովի գրեթե բոլոր պատգամավորները հարկ համարեցին ելույթ ունենալ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, անդրադառնալ միջազգային հանրության հանրության արձագանքին եւ ստեղծված իրավիճակից բխող առաջարկներով հանդես եկան:



Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը: Նա վկայակոչեց Արցախի ճանաչման վերջին օրինակները ԱՄՆ նահագների կողմից: «Մեզ համար կարևոր է, որպեսզի Արցախի օրինական իշխանություններն իրենք բանակցային գործընթացի մեջ ներգրավվեն ու իրենց դիրքորոշումը հայտնեն»,- ասաց նա:



Փոստանջյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պետք է բարձրացնել Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին հարցը:
«Պետք է ապացույցներ հավաքենք Ադրբեջանի վայրագությունների մասին: Մենք այդպիսի ապացույցներ ունենք այդ մասին: Առաջիկայում ԵԽԽՎ-ում նիստ է լինելու եւ առաջարկում եմ բանաձեւի եւ հայտարարության նախագծեր պատրաստել Ադրբեջանի վայրագ գործողությունների վերաբերյալ՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի անդամակցության դադարեցում ԵԽԽՎ-ում եւ տարբեր միջազգային ատյաններում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:



Փոստանջյանը հիշեցրեց, որ ԵԽ-ին անդամակցելիս Ադրբեջանն ունեցել է հստակ պարտավորություն՝ ագրեսիայից ու ուժի կիրառումից զերծ մնալ: Հետևաբար, այդ երկիրը խախտել է իր ստանձնած պարտավորությունը, դրա ապացույցներն էլ արդեն կան, որոնք պետք է հավաքել ու ներկայացնել համապատասխան կառույցներին: