Սիսիանի ջոկատի զոհված անդամները ԵԿՄ-ականներ են. նոր մանրամասներ

Սիսիանի ջոկատի զոհված անդամները ԵԿՄ-ականներ են. նոր մանրամասներ

Այսօր ժամը 12-ին Սյունիքում տեղի է ունենալու միանգամից 7 հուղարկավորության արարողություն: Հողին են հանձնելու այն կամավորներին, որոնք մեկնել էին Արցախ՝ պաշտպանելու սահմանները: Թե Սիսիանի ջոկատի քանի անդամներով են մեկնել Արցախ, անհայտ է:



Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը hraparak.am-ի հետ զրույցում նույնպես դժվարացավ պատասխանել հարցին, ինչ վերաբերում է վիրավորներին, ապա տեղեկացանք, որ նրանց տեղավորել են Սիսիանի զինվորական հոսպիտալում, ոմանք էլ մնացել են Արցախում: Աղասի Հակոբջանյանը տեղեկացնում է, որ ջոկատի բոլոր անդամներն էլ Երկրապահ կամավորների անդամներ են:



Ի դեպ, hraparak.am-ը տեղեկացրել էր, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սիսիանի մշակույթի տանը մասնակցել է երկու օր առաջ Մարտակերտում հակառակորդի անօդաչու սարքից ռմբակոծված Սիսիանի ջոկատի ավտոբուսի 7 ուղևորների հոգեհանգստի արարողությանը: Դրանից հետո վարչապետը այցելել է Սիսիանի հոսպիտալում գտնվող վիրավորներին:



Ի դեպ, տեղեկացանք, որ Սիսիանի ջոկատի անդամներից 6-ը տեղում են մահացել, իսկ տղաներից մեկն էլ ծանր վնասվածքներ էր ստացել, մահկանացուն կնքել է հաջորդ օրը:



Նշենք նաև, որ ջոկատի զոհվածներից 2-ի անունն է հայտնի, նրանք երկուսն էլ Սյունիքի մարզի գյուղապետեր էին՝ Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը ու Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանը: Լրատվամիջոցներում հրապարակվել է նաև Սեդրակ Ասրյանի, Եղիշ Նիկալյանի, Սերգեյ Դանղյանի, Դավիթ Սարգսյանի անունները: