«Нагорный Карабах и вокруг него». հին խաղը դեռ շարունակվում է

«Нагорный Карабах и вокруг него». հին խաղը դեռ շարունակվում է

«Нагорный Карабах и вокруг него»  խաղը, թվում էր, ձանձրացրել է խաղացողներին, մինչդեռ այն, պարզվեց, մեծ հաճույքով շարունակում են խաղալ թե ՄԽ անդամ երկրները, թե Թուրքիան և Ռուսաստանն առանձնաբար, թե Վրաստանը, թե Ղազախստանը... Մի խոսքով` այս խաղում ներգրավված են բոլորը, ովքեր չեն ալարում: Ամեն ինչ իսկույն ցցուն դարձավ, ասես` կախարդական փայտիկով, հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու և այն պահպանելու հետ: Խաղաղության ու զգոնության կոչ անելու հերթն արդեն աֆրիկյան երկրներին էր հասել, երբ տարածվեց հրադադարի պայմանավորվածության լուրը և ստացվեց ԱՄՆ Պետդեպի ոչ այն է զարմացած, ոչ այն է հիացական արձագանքը` կապված Ղարաբաղի սահմաններում կրակոցների դադարեցնելու հետ: Պետդեպը նաև հույս էր հայտնում, որ դրանք չեն վերսկսվի և կողմերը կվերաադառնան բանակցային գործընթացին:



Դժվար թե թվարկված ու չթվարկված եկրները չկարողանային սանձել Ալիևին, որպեսզի նա պատերազմ չսկսեր Ղարաբաղի դեմ: Բայց չսանձեցին կամ սանձերը թուլացրեցին և կամ բզբզեցին, որ նա կրակի: Ավելի հավանական է թվում վերջին տարբերակը, որ սա Ալիևի ձեռնարկը չէ: Ինքնուրույն առաջնորդը հրադադարի հարցով Մոսկվա չէր վազի, այլ հանդիպում կնշանակեր շփման գծի մի չեզոք հատվածում: Բայց քանի որ ինքնուրույն խաղացող չէ և հերթական ելուզակությանն է դիմել ուրիշի ասելով, ուրիշ մայրաքաղաքներում էլ փորձում է փրկվել հետագա խայտառակությունից:



Խայտառակությունն ուրիշ ինչպե՞ս է լինում, երբ ղարաբաղցին հանգիստ իր բանին է այսօր, իսկ Ալիևն ընկած է Ղարաբաղի շուրջ այս խաղի մեջ` փսկած գնդակի կարգավիճակով: Նրան հետո հենց իր ցեղակիցները չեն ներելու այս սխալի համար, որովհետև նրա այս արկածախնդրության արդյունքում Ղարաբաղը ոչ միայն նշվեց որպես հակամարտության կողմ, այլև շատ լրատվամիջոցներ, միջազգային կազմակերպություններ ու առանձին պետական կառույցներ հստակ արտաբերեցին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», «ԼՂՀ զինված ուժեր», «ԼՂՀ պաշտպանության նախարարություն» ձևակերպումները, որոնց համար Ադրբեջանը մի քանի օր առաջ շատերին persona non grata կհռչակեր: Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ ուրախանանք այդ դատարկ ձևակերպումներով: Վաղը, չի բացառվում, դրանք մոռացվեն ու խաղացողները շարունակեն Ղարաբաղի մասին խոսել աղճատումներով, բայց ինչ էլ լինի, հաճելի է, երբ տեսնում ես, որ աշխարհը սկսում է հարգանքով վերաբերվել մինչև ատամները զինված հակառակորդին գետնած Ղարաբաղի հերոսական ժողովրդի մասին:



Կհանդգնի՞, արդյոք, Ալիևը կրկին փորձել: Տրամաբանությունը հուշում է, որ` ոչ: Բայց այդ ե՞րբ է Ալիևի պարագայում տրամաբանություն ասվածը գործել, որ սրանից հետո գործի: Այնպես որ ամեն ինչ կախված է «Нагорный Карабах и вокруг него» խաղացողներից: Կցանկանա՞ն արյունոտ նոր տեսարանների ականատես լինել, թե՞ կբավարարվեն արդեն տեսածով ու կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, այսինքն` ե՞րբ և ինչպե՞ս կորոշեն ազատվել Ալիևից: Սա է հարցը:



Էդիկ Անդրեասյան