Լավրովի դափնետերեւները

Լավրովի դափնետերեւները

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը բացառիկ հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին: Նա ասել է, որ տեռորիստական ռեժիմի պարագլուխ Ալիեւի հետ քննարկել է «բանակցությունների սեղանին գտնվող մի քանի տարբերակներ», որոնք ժամանակին «նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ նախագահ Մեդվեդեւն են առաջ մղել»:



Լավրովի ընկալմամբ՝ դրանք «թույլ են տալիս ապաշրջափակել իրավիճակը (ԼՂ բանակցային գործընթացում)՝ ազատելով Ղարաբաղի շուրջ տարածքները՝ միաժամանակ լուծելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Լավրովը մանրամասնությունների մեջ չի խորացել: Ըստ երեւույթին, դա այն է, ինչի մասին խոսել է Ալիեւը՝ խունտայի հետ ապրիլի 3-ի գիշերային շուտափույթ խորհրդակցության ժամանակ: Ալիեւն ասել է, որ Ռուսաստանից կա առաջարկություն, որը «երաշխավորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», եւ իրենք այն ողջունել են:



Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ ավելացրել է, որ Ալիեւի հետ քննարկվել է շփման գծում վստահության մթնոլորտի հաստատման հարցը: Նա ասել է, որ կա դեռեւս մինչեւ վերջ չհամաձայնեցված փաստաթուղթ, որի վրա «շարունակում են աշխատել»: Լավրովի ասելով՝ խունտայի պարագլուխ Ալիեւը «պաշտպանել է նման մոտեցումը»: Բայց Լավրովը հատուկ ռեմարկ է արել. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ միջոցները ներդրվում են ոչ թե նրա համար, որ ստատուս-քվոն հավերժացվի, դա ոչ ոք չի ուզում, այլ՝ որպեսզի այսօր քաղաքական գործընթացի համար ստեղծվի ավելի նպաստավոր մթնոլորտ, որի դեպքում Ռուսաստանը, երեք համանախագահների ջանքերից զատ, ցուցաբերում է սեփական նախաձեռնությունները»: 



Ի՞նչ է նշանակում այս ամենը: Պատասխանը կարող ենք փնտրել ռետրո-հայացքով: Մարտի կեսերին գիշերային այցով Բաքու է գործուղվում ՌԴ փոխվարչապետ, ռազմաարդյունաբերական ոլորտի կուրատոր Ռոգոզինը: Հայտարարվում է, որ Ադրբեջանը վճարունակ չէ, Ռուսաստանից առաքված սպառազինությունները չեն բեռնաթափվում: Հետո ասվում է, որ խնդիրները կարգավորված են:



Մի քանի ժամ անց Ադրբեջանի արտգործնախարարը հերքում է իր երկրի անվճարունակության վարկածը եւ հայտարարում, որ կան սպառազինությունների պարամետրերը ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրներ: Կատարո՞ւմ է Ռուսաստանն Ադրբեջանի այդ պահանջը, թե՞ ոչ, հայտնի չէ:



Մարտի վերջին օրերին հրապարակվում է «Վալդայ» բանավեճի ակումբի պատվիրած մի վերլուծություն, որտեղ, իբրեւ ՌԴ-ին սպառնացող վտանգ, նշվում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի ապասառեցումը եւ մարտական գործողությունների այնպիսի ընթացք, երբ Ռուսաստանը կարող է ստիպված լինել միջամտել Հայաստանի կողմից՝ կրկնելով 2008թ. վրացական սցենարը: Այսինքն՝ ճանաչելով ԼՂՀ անկախությունը եւ այնտեղ հաստատելով ռազմական ներկայություն:
Ապրիլի 2-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցնում է լայնածավալ հարձակման: Ապրիլի 4-5-ին Մոսկվայում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը, ձեռք է բերվում կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ապրիլի 7-ի ուշ երեկոյան Բաքու է հասնում ՌԴ արտգործնախարար Լավրովը: Դա տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ խունտայի պարագլուխ-Ալիեւ հանդիպումից տառացիորեն մի քանի ժամ հետո:



Կայանում են Լավրով-Ալիեւ գիշերային բանակցությունները, որի արդյունքները Լավրովը ներկայացնում է Ալիեւների ընտանիքի վաղեմի բարեկամ, Ռուսաստանի մեդիա-տիրույթում խունտայի լոբբիստ Միխայիլ Գուսմանին, ով, ի դեպ, համակարգում է նաեւ Ալիեւների կլանի եւ հրեական տեղեկատվական ռեսուրսների կապերը: 



Ապրիլի 2-ին ֆեյսբուքյան երկխոսություն էի տանում մեր հայտնի քաղաքագետներից մեկի հետ: Երբ կարծիք հայտնեցի, որ շփման գծում արյունահեղությունը կարող է ճակատագրական դառնալ ռուս-թուրքական երկխոսության համար, նա տեւական ժամանակ չէր պատասխանում: Երբ մի կես ժամից վերստին բացեցի ֆեյսբուքյան էջս, քաղաքագետից մի կարճ պատասխան տեսա. «Ինչպես միշտ»:



Իսկ դափնիներն, ըստ երեւույթին, Լավրովի բաժինն են: Չնայած 2013-ի ամռանը խունտայի պարագլխի արարողապետը նրա անվան փոխարեն հայհոյանք էր հնչեցրել…



Վահրամ Աթանեսյան