Երկընտրանքի հնարավորությունը

Երկընտրանքի հնարավորությունը

ԵՏՄ-ին Հայաստանի անդակցությունից առաջ Երեւանում Դմիտրի Կիսելյովը խոսել էր ռուսերենի՝ որպես պետական լեզվի, անհրաժեշտությունից: Ռուսական քարոզչամիջոցներն, իհարկե, ասվածը սրբագրեցին, թե խոսքը «ապագա միասնական տնտեսական տարածքի լեզվի մասին է», բայց եւ չթաքցրին, որ արժեհամակարգային ընկալումների տարբերություն կա:



Regnum-ի մեկնաբանը, մասնավորապես, գրեց. «Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստների հետ համագործակցած Գարեգին Նժդեհի հերոսացումը վիրավորական է հաղթանակած երկրներից մեկի սերունդների համար» (http://www.regnum.ru /news/polit/1821768.html#ixzz36UxprLVW),- իսկ հետո ընդգծեց, որ «երկու կողմերից փակված լինելով թյուրքական պետություններով, Հայաստանը չի կարող ապրել «արիական բացառիկության» գաղափարախոսությամբ»:
Այդ ժամանակ ես հանդես եկա «Ո՞վ է խանգարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը (http://www.hraparak.am/?p=58489&l=am/ov+e+xangarum+etm-in+hayastani+andamakcutyany) հոդվածով եւ գրեցի. «Այս դեպքում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, եթե բաց տեքստով է ասվում, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը խանգարում է… Գարեգին Նժդեհը» (նույն տեղում): 



Ինչ-որ բան փոխվե՞լ է: Արժեհամակարգային ընկալումների տարբերությունը հաղթահարվե՞լ է՝ այս դեպքում հռետորական հարցադրում է: Ստեղծված իրավիճակում հասարակագիտական ենթադրությունները ժամանակավրեպ են: Խնդիրը «թյուրքական երկու պետություններով փակված լինելու» իրողությունից ելքի հնարավորությունն է:
Բայց նախ պետք է սահմանել մի անհերքելի իրողություն՝ Արցախի խնդրի լուծման մեր ազգային հայեցակարգն արմատապես հակասում է 1921թ.-ին Կովկասի իրավական ստատուս-քվոյի ռուս-թուրքական համաձայնությանը: Եւ երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ Թուրքիայի հետ իրավապայմանագրային հարաբերությունները չեն վերանայվի, հասկացվում է, որ Մոսկվան պատրաստ է շուրջ մեկդարյա վաղեմության ստատուս-քվոն վերահաստատելուն:



Բայց մեր ազգային ինքնագիտակցության մեջ դա որքանո՞վ է «նստած»: Ահա խնդիրը, որի պատասխանը հստակեցնելու դեպքում է միայն հնարավոր ուրվագծել «թյուրքական երկու պետությունների միջեւ փակված» իրավիճակից ելքի հնարավորությունը՝ որպես առաջիկա տասնամյակների անվտանգության, պետական ինքնահաստատման եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմք:
Շարունակում ենք Կովկասում մեր ինքնությունը պայմանավորել հայ-ռուսական «դարավոր եղբայրության» հանգամանքո՞վ, թե՞ տեր ենք կանգնում ամեն ինչի, այդ թվում եւ՝ սպասվող մարտահրավերների համար պատասխանատվությանը: Ընդ որում, ակնհայտ է, որ Արեւմուտքը նույնպես չունի համակովկասյան աշխարհաքաղաքական ստատուս-քվոն փոխելու մտադրվածություն կամ հնարավորություն:



Որքանով առարկայական է ռուս-թուրքական համաձայնությունների հնարավորությունը, նույնքան էլ բացահայտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան ռազմաթեւի պահապանն է: Եւ նրա այդ կարգավիճակը կանխատեսելի ապագայում չի փոխվի: Եթե անգամ Քուրդիստանը հռչակվի անկախ պետություն:



…Բայց միջազգային գործերում երկընտրանքը նույնպես հնարավորություն է:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ