Երևանում ընթանում է կովկասյան տարածաշրջանում փոստային օպերատորների առաջին ժողովը

Երևանում ընթանում է կովկասյան տարածաշրջանում փոստային օպերատորների առաջին ժողովը

Երևանում ընթանում է կովկասյան տարածաշրջանում փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը, որի նպատակը եվրոպական ավելի քան 52 երկրների ոլորտի մասնագետների միջև քննարկում իրականացնելն է ՝ փոստային ոլորտի առանցքային հացերի ու թվային տեխնոլոգիաների միտումները հարցերի շուրջ։



«PostEurope»-ի լիագումար նիստ անցկացվում է «ՀայՓոստի» հյուրընկալությամբ, որի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ սա Արևելքի ու Արևմուտքի միջև առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են մատչելի փոստային ոլորտ ձևավորելու համար։



««PostEurope»-ի և Համաշխարհային փոստային միության փորձը կարևոր է «ՀայՓոստի» համար փոստային գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»,- նշեց Խուան Պաբլո Գեչիջյանը։



Ներկաներին ողջունեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով ասաց, որ շատ է կարևորում, որ Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի հերթական՝ 31-րդ համաժողովն անցկացվում է Երևանում։



«Բարձր գնահատելով փոստային ծառայության դերն աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ մեր երկիրը մաս է կազմում Համաշխարհային փոստային միության մեծ ընտանիքի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և առաջընթացի այս դարում, փոստային կապը, որպես հասարակական հաղորդակցության կարևորագույն միջոց, մեծ նշանակությունն ունի հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար: Մեր հանրապետության հեռավոր շրջանների միջև այսօր էլ կապի ամենաարդյունավետ և անփոխարինելի միջոցը փոստն է։ Այն մեր բնակչությանը մատուցում է ոչ միայն փոստային, այլև տեղեկատվական ծառայություններ»,- նշեց Բեգլարյանը։



Նախարարը հիշեցրեց, ո 1992-ին՝ անկախացումից անմիջապես հետո, Հայաստանն անդամակցել է Համաշխարհային փոստային միությանը և այդ ընթացքում ՀՀ-ն իր կարևոր տեղն է գրավել փոստային կապի միջազգային համագործակցության մեջ։ Իսկ 2008-ից, Գագիկ Բեգլարյանի դիտարկմամբ, Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը հանդիսանում է 52 եվրոպական փոստային օպերատորների միության՝ «ՓոստԵվրոպ»-ի անդամ, որի նպատակն է նպաստել անդամ-երկրների ակտիվ համագործակցությանը:



«Մենք համոզված ենք, որ «Ընդունելով մարտահրավերները» թեմայով այս համաժողովը խիստ արդիական է և նպաստելու է փոստային ծառայությունների զարգացմանն ու առաջընթացին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել մատչելի, հասանելի փոստային ծառայություններ, ոլորտում ներդնել արդի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև փոստային ծառայությունների միջոցով զարգացնել էլեկտրոնային առևտուրը»,- եզրափակեց նա։