Իջնեմ դիրքերից, Կարոյի հիշատակի հարցը կորոշենք

Իջնեմ դիրքերից, Կարոյի հիշատակի հարցը կորոշենք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր գործադիրի նիստից հետո ասաց, որ իրեն միայն մեկ դեպք է հայտնի, երբ հիվանդանոցին չի հաջողվել փրկել զինծառայողի կյանքը։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Կարո Համբարձումյանը։ Նա Սիսիանի ջոկատի կամավորներից էր։ Նա չարաբաստիկ ավտոբուսի ուղևորներից էր, որը պայթեցրեցին անօդաչու թռչող սարքով։ «Գնդակը խոցել էր գլխուղեղը և ուղեղի զարգացող այտուցից զինծառայողը մահացել էր», - ասաց նախարարը։ Կարո Համբարձումյանը Սյունիքի մարզի Վաղատին գյուղից էր, որտեղ նրա անունը շուտով կհավերժացվի։ Դպրոց կանվանվի, փողոց, թե մշակույթի տուն, Վաղատինի գյուղապետ Շահեն Գրիգորյանը չասաց։ «Դեռ չգիտեմ, իջնեմ դիրքերից, Կարոյի հիշատակի հարցը կորոշենք», - ասաց նա։ Մեզ հետ հեռախոսազրույցի պահին նա գտնվում էր առաջնագծում։ Ինքը և գյուղից էլի մի քանի տղամարդ որպես կամավոր մեկնել էին դիրքեր, ինչպես ինքն արտահայտվեց՝ «սմենափոխության»։ «Չարքաշ, հասարակ ընտանիքից էր Կարո Համբարձումյանը։ Երեխեք ուներ՝ երկու տղա, երեք աղջիկ։ Աղջիկներին ամուսնացրել էր։ Անպայման նրա հիշատակը հավերժացնելու ենք», - ասաց գյուղապետը «առօրեական» ձայնով։ Շահեն Գրիգորյանը ասաց, որ մի վիրավոր էլ «ունի» այրվածքաբանության կենտրոնում՝ Գևորգ Ազոյանը։ «Նույն Կարոյի հետ էր։ Վիճակը վատ է, բայց լավ է, կապրի»։



Այսօր գործադիրի նիստում վարչապետը հայտարարեց, որ առաջնագծում վիրավորում ստացած զինծառայողները անհրաժեշտության դեպքում բուժման կուղարկվեն արտասահման։ Ծախսերը կհոգա պետությունը։ Խոսքը միայն ռազմական վերջին գործողություններից տուժած զինծառայողների մասին է։ Իսկ ովքեր ավելի վաղ են հայտնվել թշնամու կրակի տակ և տարբեր վնասվածքներ ստացել, նշված արտոնությունից չեն օգտվի։ Հավանաբար, սա ոչ այնքան արդարության, որքան ֆինանսների պակասի հետևանք է։ Թե որքան է պահանջվելու արտասահմանում մեր զինվորների բուժումը շարունակելու համար, դեռ հայտնի չէ։ Արտասահման ուղարկելու որոշումները կընդունվեն հայրենական բուժհաստատությունների հնարավորությունները սպառելուց հետո, միայն այն դեպքերում, հաշմանդամությունից խուսափելու, կամ դրսում վերականգնողական բուժում անցկացնելու նպատակով։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչ միջոցներ են հարկավոր։



Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ամեն դեպքն առանձին կքննարկվի։ «Խոսքը հետագայում վերականգնողական, կամ նեղ մասնագիտացված բուժում տրամադրելու մասին։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա, բոլոր գործողությունները, միջոցառումները, դեղորայքը, վիրահատությունները՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականացվում են», - ասաց նախարարը։



Սյուզան Սիմոնյան