Քաղաքացու կարծիքը դուրս է մղվել հայկական եթերից

Քաղաքացու կարծիքը դուրս է մղվել հայկական եթերից

Օրերս մի թոշակառու մանկավարժ Երեւանից ինձ հարցրեց, թե որ հեռուստատեսությամբ, որ ալիքով կարող է իր կարծիքը հայտնել, գոնե մեկ րոպե խոսել իրեն տանջող հարցերի մասին: Ես մտածեցի եւ չգտա պատասխան: Ես պատկերացրի, թե ինչ անհեթեթ կթվա երեւանցի մանկավարժի խնդրանքը մեր հեռուստաեթերի «ասերին»: Չէ որ նա շոուբիզի դեմք չէ, ոչ էլ սերիալի դերասան, Ֆեյսբուքի աստղ կամ գոնե քաղաքական եւ հասարակական գործիչ: Ես հիշեցի Սերգո Երիցյանի «Կարծիքը», որը շատ երկրպագուներ ուներ եւ նույնչափ էլ քննադատներ, «Ար» հեռուստատեսության «Ազատ խոսափող» նախագիծը, հին «Ար»-ի, երբ ստուդիայի տերը դեռ Մերուժան Տեր-Գուլանյանն էր, որը հասարակ մարդկանց հնարավորություն էր տալիս արտահայտվելու։ Ճիշտ է, երբեմն նրանք խոսում էին բարկացած, ատամները կրճտացնելով եւ գժի տպավորություն էին թողնում, բայց ՀՀ ցանկացած քաղաքացի կարող էր մոտենալ Ազատության հրապարակում տեղադրված բարձրախոսին եւ ասեր սրտի ուզածը, եւ դա հրաշալի էր ու արդար։ Հիշեցի «Նոյյան տապան» ստուդիայի փորձը։ Քաղաքացիները զանգում էին, ուղիղ եթերում հնչում էր նրանց ձայնը, ինչպես ռադիոյում։ Տարիներ անց նույնն արեց ԱԼՄ-ն, Կարապետիչը «պրոլետարական» հեղաշրջում կատարեց հեռուստաէսթետիկայում, ստեղծեց ժողովրդական հեռուստաալիք։



Բոլոր այս նախագծերը ձեւի եւ բովանդակության առումով թերի էին, անմշակ, բայց պահանջված էին: Դեռ 10 տարի առաջ vox pop (լատիներեն՝ ժողովրդի ձայն) կոչված ժանրը պարտադիր էր տեղեկատվական եւ վերլուծական հաղորդումների համար, եւ հեռուստալրագրողը խոսափողը ձեռքին փողոց էր գնում, փորձելով եթեր բերել հասարակ մարդուն, նրա հոգսը, տեսանելի դարձնել նրան: Նման ռեպորտաժի օպտիմալ տեւողությունը 1-1,5 րոպեն էր, եւ սա բավարար էր ցանկացած կարեւոր խնդիր կամ իրադարձություն հասարակության դատին դնելու համար: Եթե հիմա մի նման նախագիծ կամ գոնե լրատվական ծրագիր լիներ, անպայման կհուշեի թոշակառու մանկավարժին։ Բայց ստիպված էի նրան հիասթափեցնել: Փողոցային հարցումները միայն ժամանցային ծրագրերում են պահպանվել: Ի՞նչ աղջիկներ եք նախընտրում՝ շիկահե՞ր, թե՞ սեւահեր, ի՞նչ է սերը, կամ, լավագույն դեպքում, մարդկանց կարող են «մշակութային» հարց տալ, ասենք՝ ո՞րն է ձեր կարդացած վերջին գիրքը: Մանկավարժը բարկացավ. «Մենք՝ թոշակառուներս, առավոտից երեկո հեռուստացույց ենք նայում, սպառում ենք հեռուստատեսային «լափը», որը մեզ հրամցվում է՝ սերիալներն ու գովազդը, «հիհի-հահա» հաղորդումները, բայց, փաստորեն, մենք մուտք չունենք այս «յաշիկ»։



Ես կուզեի ասել, որ իմ շրջապատում կան ընտանիքներ, որոնք այս երկիրն իրենցը չեն զգում: Այստեղ նրանք գոյություն են պաշտպանում, կյանքն անցնում է մարդկանց կողքով: Առաջ մեզ լրագրողները փողոցում մոտենում էին բարձրախոսով, հարցնում էին երկրի վիճակից, մեր խնդիրներից ու պահանջներից։ Ինձ երբեք չեն մոտեցել, բայց ես ինձ լավ էի զգում, որովհետեւ շատերն էին ասում այն, ինչ ես եմ մտածում: Հիմա մեզ դուրս են շպրտել կյանքից»: Այսքանը: 30 վայրկյան, եւ մարդը կհանգստանար, 30 վայրկյան, եւ նա կազատվեր բացասական լիցքերից, որոնք մեր կյանքում շատ են: Բայց այդ 30 վայրկյանը ՀՀ քաղաքացուն չի տրվում, եւ բացասական լիցքերի հետ կուտակվում է օտարվածության զգացողությունը: Հեռուստատեսային որոշ մասնագետներ ինձ առարկում են՝ ասելով, որ հեռուստատեսության զարգացումն աստիճանաբար դուրս է մղել «ձայն բազմացը» եթերից, որ այն անցած էտապ է: Համաձայն չեմ: Փողոցի մարդու ձայնը վտանգավոր է իշխանավորների համար, ահա ինչու է հասարակ մարդը դուրս մղվել «լուրջ հաղորդումների» ֆորմատից: Եվ հետո, եթե «ժողովրդի ձայնը» հնացած ժանր է, ապա ինչո՞ւ է հեռուստատեսությունը պարբերաբար «հիշում» այն։ Օրինակ, ընտրություններից առաջ, նախընտրական քարոզչության շրջանում, ապրիլի 24-ին։ Երեկ էլ vox pop-ը վերադարձավ հայկական եթեր՝ մեկ օրով: Երեկ հեռուստացույցի ալիքները «թերթելով», հարյուրավոր մարդկանց ձայներ լսեցինք: Բոլոր ալիքներով խոսում էին «փողոցի» մարդիկ՝ Հայաստանի քաղաքացիներ, սփյուռքահայեր, դպրոցականներ եւ ծերեր:



Ծիծեռնակաբերդի բարձունքին կամ հուշահամալիրի ճանապարհին նրանց կանգնեցնում, հարցեր էին տալիս: «Թուրքի ձեռագիրը չի փոխվել», «պետք է միավորվենք ու ազգովի փոխհատուցում պահանջենք», «մեր ուժը մեր հզորացման մեջ է»,- ասում էին մարդիկ: Ոչ ոք չէր քննադատում իշխանությանը, չէր խոսում արտագաղթից, «վատ-վատ» բաներից, ապրիլի 24-ին մարդկանց մտքերը կանխատեսելի էին, «ձայն բազմացը» վտանգավոր չէր հեռուստատեսության անտեսանելի վերահսկիչների համար, եւ փողոցի մարդու անկեղծությունը չէր կարող վնասել իշխանավորներին:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ