Երկու բլուրի համար տասը կյանք զոհել պետք չէ

Երկու բլուրի համար տասը կյանք զոհել պետք չէ

Ապրիլի 2-ից ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված, չնայած ձեռք բերված բանավոր հրադադարի համաձայնությանը, ամեն օր լսում ենք նոր զոհերի մասին։ Գրող Գուրգեն Խանջյանի համար իրավիճակը պարզ է, գործ ունենք թշնամու հետ, որը ոչ մի կերպ չի ուզում ոչ մի բան զիջել. «Եվ դա իրենց միացյալ վախն է Թուրքիայի հետ, որ եթե մի սանտիմետր էլ զիջեն, ապա զիջման կծիկը կարող է բացվել։ Այդ վախը նրանց մեջ նստած է, ինչպես ասում են, գող՝ սիրտը դող։ Նրանք ամեն ինչի պատրաստ են։ Սա էլ մեր խաչն է, ի՞նչ կարող ենք անել։ Իսրայելի նման տասնյակ տարիներ, նույն վիճակում էլ մենք ենք։ Պիտի պատրաստ լինենք, որ անընդհատ նույն կարգի հարձակումներ են լինելու։ Գուցե 10-20 տարի հետո իրենց մոտ իշխանություն փոխվի, ու դրանից մի բան փոխվի, ի վերջո, ջրի կաթիլից քարն էլ է ծակվում, ժողովրդավարության շարժում Թուրքիայում կարծես թե արդեն կա, Ադրբեջանում էլ վախվորած ինչ-որ բաներ կան։ Գուցե հասարակությունը փոխվի, մարդիկ որ Ղարաբաղ չեն տեսել, չեն հիշում, հասկանան, որ դա իրենցը չէ ու իրենց պետք չէ։ Բայց դա ժամանակ է, իսկ ժամանակի մեջ մեր տղաներն են զոհվում, ամենացավալին դա է»։



Իր խոսքում Գուրգեն Խանջյանը նշեց, որ, շատերի պես, ինքն էլ չգիտի կորցրած 2 հենակետերի ռազմավարական կարեւորության մասին, բայց կարծում է, որ դա ավելի շատ բարոյական կարեւորություն ունի՝ գոնե իր համար. «Ես հաշվում եմ, որ մենք ինչ-որ բան զիջում ենք մի թշնամու, որին չպետք է զիջեինք, մյուս կողմից էլ՝ 2 բլուրի համար տասը կյանք զոհելը հեչ պետք չէ։ Ինձ թվում է՝ հարմար առիթի պետք է սպասեն, նոր դա հանգիստ վերցնեն»։



Անդրադառնալով այն հարցին, որ երեկ նախագահը պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան զինվորականների, եւ ինչքանով է սա հարցի լուծում, երբ ազատելուց բացի պատասխանատվության չես ենթարկում այդ մարդկանց, ապա. «Իհարկե, լավ կլիներ, որ իմանայինք, թե ինչի համար են ազատվում եւ ինչի համար պետք է պատասխան տան։ Բայց մեր մենթալիտետի մեջ դա կա... տեսեք, երեկվա ավտոբուսի պայթյունը, մարդը պայթուցիկն առել՝ մտել է ավտոբուս, որ գնա իր ընտանեկան հարցերը լուծելու, ու մտքով չի անցել, թե ոնց է մտնում քաղաքային տրանսպորտ պայթուցիկները ձեռքին։ Ժողովրդական լեզվով ասած՝ մենք այդ բառադիությունն ունենք, հենց մի քիչ դինջանում ենք, սկսում ենք այլեւայլ բաներ անել, հետո հանկարծ քնից զարթնում ենք ու սկսում այլ բաներ անել։ Հնարավո՞ր է արդյոք հայերի համար միշտ զգոնություն պահել, որ հանկարծ չընկնեն արխայինի՝ նարդի խաղալով, զինվորի տուշոնկեն չկիսեն։ Չեմ ուզում հայերին դարձնել հրեշտակներ, որովհետեւ սովետական բանակում էլ էր այդպես, նույնիսկ ամերիկյան բանակում այդպես է, բայց մենք ավելի շատ Իսրայելի պես պետք է լինենք՝ հատկապես կարգապահության հարցում, պետք է գիտակցենք, որ թշնամի ունենք, ու պետք է միշտ զգոն լինենք, այլ կերպ հնարավոր չէ, հակառակ դեպքում, Աստված չանի, էլի բլուրներ կարող է տանք»։



Ինչ վերաբերում է 80-ականների զենքին, ապա Խանջյանը կարծում է, որ, անշուշտ, 80-ականների զենք էլ կա բանակում, բայց կարծում է, որ դրանով Սարգսյանը ցանկացել է ասել, որ Ղարաբաղն ագրեսիվ տրամադրված միավոր չէ, ու դա չի նշանակում, որ մենք այլ զենք չունենք. «Կարծում եմ՝ նա ուզում էր Ղարաբաղին ավելի շատ որպես հաշտարարի ներկայացնել, որ ինքը չի զինվում, բայց մենք զինվում ենք ու չենք կարող ասել, որ դրան դիմադրեցինք պարսատիկների շնորհիվ, իհարկե, ինչ-որ զենք ունենք։ Մերոնք ավելի զգույշ են, շատ բաներ չեն բարձրաձայնում, բայց դա չի նշանակում, որ անզեն ենք»։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, Մեդվեդեւի, Լավրովի այցերին, գրողը նշեց, որ միջազգային տոլերանտությունից արդեն զզվում է. «Նրանք հավասարությունը պահելու համար անընդհատ արդարությունը, ճշմարտությունը ոտնահարում են։ Այդպես չի կարելի, կոնկրետ դեպք է եղել՝ կոնկրետ բան ասա, հո միացյալ պայմանավորվածությամբ չե՞ն խփել, ասա՝ կամ հայերն են մեղավոր, կամ ադրբեջանցիները, մեկը մեղավոր է, չէ՞, ոչ մեկ բան չի ասում, բերանները փակ են։ Սա էլ համաշխարհային տոլերանտ քաղաքականությունն է սենց հակամարտությունների դեպքերում, ինչը ծիծաղելի է»։



Խանջյանը չգիտի, թե Հայաստանը Ղարաբաղի անկախությունը ճանաչելով ինչ խնդրի առաջ կկանգնի, եթե բանակցային գործընթացից դուրս մնա, ապա կարելի է ասել, որ հիմա էլ բանակցային գործընթաց չկա. «Չգիտեմ, գուցե ճանաչենք, ավելի ակտիվանա այդ գործընթացը, ու Ղարաբաղի հետ հաշվի նստեն, բայց, միեւնույն ժամանակ, կարող է ագրեսիվ քայլերը նրանց կողմից շատանան, այսինքն՝ սենց դեպքերն ավելի հաճախ լինեն, ավելի ագրեսիվ, ու Թուրքիայի լեզուն կարող է բացվի, սենց նուրբ խնդիրներ կան, որոնք ավելի շատ արտգործնախարարության գիտակ ծառայողների համար են։ Այնպես չպետք է ստացվի, որ դա պարզապես էմոցիոնալ ակտ լինի, ու մենք հետո ավելի շատ տուժենք։ Ավելի լավ կլինի, որ ջանք ներդնենք, ու գոնե մի քանի երկիր ճանաչի, ինչը շատ կարեւոր կլիներ»։



Բանաստեղծ Հենրիկ Էդոյանի գնահատմամբ, չնայած ապրիլի 5-ից ի վեր հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց խաղաղություն չի կարող լինել։ Բանաստեղծը կարծում է, որ անհապաղ պետք է բանակը սպառազինել, հայրենասիրական քարոզչությունն ու ոգին կա, բայց ժամանակակից պատերազմները դրա վրա չեն հենվում, այլ՝ նուրբ ու ճշգրիտ հաշվարկների։ «Նախեւառաջ, ֆինանսական կարողություններ են պետք, իսկ դրանք կապված են երկրի տնտեսական, ներքին իրադրության հետ։ Ուրեմն պետք է նախեւառաջ երկրի ներքին կյանքը կարգավորել։ Ի վերջո, պետք են ուժեղ ռեֆորմներ՝ երկիրը փրկելու համար, իսկ մեր երկիրը տնտեսական խորը անկման մեջ է, պետք է դա կանգնեցնել եւ տնտեսական կյանքը լավացնել, որպեսզի հնարավորություն լինի փող աշխատել, բանակ պահել, ժողովրդի տրամադրությունն ինչ-որ չափով բարելավել։ Այն անջրպետը, որ կա իշխող ուժերի՝ օլիգարխիայի եւ պարզ, հասարակ աշխատող ժողովրդի միջեւ, հասել է կատաստրոֆիկ չափերի։ Ահա, այդքան մեծ է տարբերությունն այդ երկու «դասակարգերի» միջեւ»,-ասում է Էդոյանն ու նկատում, որ այդ տարբերությունն այնքան ահռելի չափերի է հասել, որ կարող է կայծ առաջացնել ու սոցիալական պայթյունի վերածվել, իսկ դրանից խուսափելու համար պետք է երկրի տնտեսությունն ու ներքին բարոյահոգեբանական հարցը լուծել. «Սովորական միջոցներն այստեղ չեն գործի, կտրուկ քայլեր են պետք, մեզ պետք է ժամանակի մեջ գործել արագ, որպեսզի կանգ առնի այս ընդհանուր անկումը, որովհետեւ արտաքին քաղաքականությունը, ի վերջո, կապված է ներքին քաղաքականության հետ։ Հնարավոր չէ ներքին անկում ապրել, իսկ արտաքին աշխարհում՝ վերելք»։ 



Այն, որ իշխանությունները միշտ եւ ցանկացած պարագայում ժողովրդի «բերանը» փակել են, թե սահմանին լարված է, ներքին խնդիրների ժամանակը չէ, ապա, ըստ Էդոյանի, երբեք էլ դրա ժամանակը չի գա. «Եթե սպասես, թե երբ կգան բարեհաջող ժամանակներ, երբեք էլ այդ ժամանակները չեն գա։ Երբ սահմանին դրությունը լարված է, դա կապված է նաեւ մեր ներքին կյանքի լարվածության հետ։ Արտաքին եւ ներքին պատճառները կապված են իրար հետ, դրանք պետք է լուծել։ Այն, ինչ հիմա մենք կարող ենք ռեալ անել, դա մեր ներքին կյանքը կարգավորելն է։ Քաղաքականությունը, ի վերջո, գիտություն է հնարավորի մասին՝ ինչ կարող ենք անել, այսինքն՝ բերել մի տանելի վիճակի, որ ժողովուրդը կարողանա ապրել։ Գյուղերը կիսասոված վիճակում են, գյուղացիները թողնում-փախնում են ռուսաստանները՝ օրվա հացի համար։ Իսկ եթե գյուղացին գնում է, նշանակում է կռվող չկա»։



Անդրադառնալով նախագահի հրամանով ազատված 3 բարձրաստիճան պաշտոնյաներին, բանաստեղծը նշեց, որ հարցը միայն ազատելը չէ, այլ այն, թե հետո ովքեր պետք է գան. «Այստեղ գլոբալ քաղաքական ծրագիր է պետք, մեզ ռեֆորմներ են պետք, փոփոխություններ, ուժեղացնել կապը Սփյուռքի հետ, օգտագործել Սփյուռքի կարողությունները։ Պետք է կոտրել օլիգարխիայի իշխանությունը, որովհետեւ հիմա այն ժամանակն է, որ նահանջելու տեղ չունենք։ Նրանց ունեցվածքի մի մասը պետք է դրվի մեր ազգային փրկության ծրագրի վրա, թե չէ մենք 3-5 հազար դրամ հավաքում ենք մեր կոպեկներից, որը ոչ այնքան ռեալ, որքան հոգեբանական նշանակություն ունի, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն մասնակից զգա, որ 5 հազար դրամ տվել է ընդհանուր գործին, բայց 5 մլն. դոլար տվող պետք է լինի։ Մեր միլիարդատերերից ամեն մեկը որ իր գումարի 10 տոկոսը դնի ընդհանուր գործին, մեզ լրիվ բավարար կլինի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ