Բարխոյանների կալանավորված հայրը նախկին ոստիկան է. ֆոտո

Բարխոյանների կալանավորված հայրը նախկին ոստիկան է. ֆոտո

Այսօր առավոտից շոու-բիզնեսի աշխարհը ցնցեց անսպասելի լուրը՝ երգիչներ Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանների հայրիկը՝ Սամվել Բարխոյանը կալանավորված է և մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ նախնական տվյալների` երգիչների հորը կալանավորել է ԱԱԾ-ն, որը առայժմ ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է լուրը։ Մեր տեղեկություններով` Սամվել Բարխոյանը նախկին ոստիկան է, ՃՈ աշխատակից։ Համակարգից ազատվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակումից 10 օր անց։ Նրա ազատած առաջին կադրերից է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ փոխանցեց, որ «2011 թվականի նոյեմբերին Սամվել Բարխոյանը ազատվել է, գրանցվել է ռեզերվային կադրերի ցուցակում, իսկ 2013 հոկտեմբեր դուրս է եկել համակարգից կենսաթոշակի»։



Թե ինչ հանցավոր արարք է կատարել Սամվել Բարխոյանը, այս պահին չի հաջողվում հստակեցնել։ Ընդամենը մեկ ամիս առաջ՝ մարտի կեսերին, երբ Մարգարիտա Բարխոյանը տոնում էր իր տարեդարձը, համացանցում հայտնվեցին շքեղ ավտոմեքենայի՝ Porcshe Cayenne-ի լուսանկարներ։ Այս մեքենան, որի շուկայական գինը մոտ 100 հազար դոլար է, երգչուհուն նվիրել էր սիրելի հայրիկը ՝ Սամվել Բարխոյանը, իսկ Մարգարիտան ասել էր, որ այսպիսի մեքենա ունենալը երազանք է։



Հիշեցնենք, որ Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները մի քանի ձայնասկավառակներ են թողարկել։ Նրանք հիմնականում ազգագրական երգեր են երգում, իսկ տեսահոլովակներից վերջերս հատկապես շատ էր ցուցադրվում «Մշո գորանին», որը ռազմահայրենասիրական հնչեղություն ունի։ Ի դեպ, Վլադիմիր Բարխոյանը այն հազվագյուտ երգիչներից է, ով ավարտելով Երևանի կոնսերվատորիան, ծառայել է բանակում։ Բարխոյանները կապեր ունեն ԱՄՆ-ում, որտեղ հաճախ են լինում։



Սյուզան Սիմոնյան