Արտեմ Ասատրյանի «լոլոները»՝ զոհվածների ընտանիքների մասին

Արտեմ Ասատրյանի «լոլոները»՝ զոհվածների ընտանիքների մասին

Ամեն հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ մի թոփ-թեմա է բարձրացվում, բոլորին հետաքրքրող մի հարց, որն առանձնանում է օրակարգից։ Այս անգամ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հրատապ հաղորդումն էր։ 64 զոհված զինծառայողների ընտանիքների վիճակը նախարարությունն ուսումնասիրել է եւ որոշել աջակցություն ցուցաբերել։ Բնականաբար, հարցեր ծագեցին, թե ինչ աջակցություն է, երբ է ցուցաբերվելու, որ ընտանիքներին եւ այլն։ Այդ հարցերն ուղղեցինք սոցապնախարարին, որը երեկ Գինեսի ռեկորդ սահմանեց՝ հաջողացրեց 10 րոպե խոսել եւ ոչինչ չասել։ Դժվար է հասկանալ նախարարի պաշտոնակոխ լեզուն, քանի որ բառերն այդ լեզվում ինֆորմացիան թաքցնելու համար են։



Ի՞նչ է անելու նախարարությունը զոհվածների ընտանիքների համար։ Կարելի էր մի քանի կետ նշել՝ ասենք, աշխատանք է տալու, դրամական օգնություն, դրամաշնորհ՝ բիզնես սկսելու համար, եւ այլն, կամ չասել ոչինչ, պատճառաբանելով՝ «հստակ որոշումներ չկան»։ Դրա փոխարեն նախարարը մի ահռելի բառակույտ արտաբերեց․ «Բնականաբար, պիտի նշեմ, որ այս ընթացքում բավականին մեծ ծավալի օժանդակություն տրամադրվել է, եւ աշխատանքներն արվել են թե պետական մարմինների կողմից, թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, թե մեր հայրենակիցների, անհատ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից, բայց, բնականաբար, խնդիրը նաեւ համակարգային լուծման կարիք ունի, այդ պատճառով մեր առաջարկությունների ուսումնասիրությունների հիման վրա առաջարկությունները, որոնք ներկայացվել են վարչապետին, վարչապետը նշեց, որ գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր պատկան մարմիններին իրենց գործառույթների եւ ծրագրերի շրջանակներում խնդիրներին լուծումներ տալու նպատակով, եւ միեւնույն ժամանակ նախատեսում ենք...»։ Օ՜ֆ։



Հայերենից չհիասթափվելու համար քիչ էր մնում անջատեինք ձայնագրիչը, մեկ էլ լսեցինք սոցիալական գործակալների մասին։ Պարզվում է՝ զոհվածների ընտանիքներին պետք է օժանդակի «սոցիալական աշխատողների ինստիտուտը»․ «Այս ինստիտուտը, որպես այդպիսին, պետք է գործարկել լիարժեքորեն, քանի որ գիտեք, որ մենք վերջին տարիներին իրականացնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները, որը ենթադրում է յուրաքանչյուր խնդիր ունեցող ընտանիքի կարիքի գնահատում, գնահատված կարիքի հիման վրա թե պետական եւ թե ոչ պետական ռեսուրսների ներգրավմամբ խնդիրների համապարփակ լուծում։ Այս խնդիրների լուծումները միեւնույն ձեւաչափով կշարունակվեն»։ Ի՞նչ կարիք եք ուսումնասիրում, եթե արդեն ուսումնասիրել եք, կամ կարո՞ղ է հիմա էլ զոհվածներին աջակցելու անվան տակ սոցիալական աշխատողների ինստիտուտի կայացմանը գումարներ ուղղվեն։



Ինչքան ուզում ես հարց տուր, որպես պատասխան՝ կստանաս լուրջ դեմքով ասված, օրինակ, այսպիսի նախադասություն․ «Բազմաթիվ ծրագրեր կան, օրինակ, մեր նախարարության կողմից, Զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է համապատասխան պետական ծրագրեր, եւ արդեն իսկ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան ընտանիքներ, որոնք կընդգրկվեն այս ծրագրերում, որը նշանակում է կայուն զբաղվածության ապահովում, կայուն եկամտի աղբյուր, որոշ դեպքերում նաեւ վերաբերելու է ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերին, մյուս ուղղություններով»։ Այս կայուն եկամտի աղբյուրի մասին արդեն 3 շաբաթ խոսվում է, բայց թե ինչ է ենթադրում մեր կառավարիչների այս «նոու հաուն», ոչ ոք չգիտի։ Արտեմ Սարգսյանը, կարծես, իրեն մերկ ու անպաշտպան զգա, եթե մի երկու անգամ «խնդիր», «ծրագրեր», «աշխատանքներ» բառերը չշարի իրար կողքի։ Նրան թվում է, որ առանց այս բառերի մի բան պակաս է։



«Ի՞նչ խմբեր են, ովքե՞ր, են, ինչո՞ւ 64»,- հարցնում ենք 7-րդ անգամ։ «Ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների թվաքանակն էր, կան եւ սպայական, եւ ենթասպայական կազմից, եւ շարքային, ինչպես նաեւ աշխարհազորայիններ, եւ պիտի նշենք, որ այս ընթացքում նոր զոհեր ենք մենք ունեցել, այս աշխատանքները նաեւ շարունակվել են, այսինքն՝ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում, չենք սահմանափակվում»։ Ծրագիր, լուծումներ, աշխատանքներ։ Ոչ թե աշխատանք, այլ անպայման աշխատանքներ։ Առհասարակ, նա չի սիրում եզակի, ամեն ինչից պետք է շատ լինի ու լիքը, բոլ-բոլ, ինչպես սոցիալապես «լենուբոլ» մեր երկրում։



ՀԳ․ Չէ, կներեք, որոշ մտքեր նախարարից, այնուամենայնիվ, պոկեցինք։ Օրինակ, որ կառավարությունը ճիշտ է անում՝ մերժելով պատգամավոր Միքայել Մելքումյանի օրինագիծը նվազագույն աշխատավարձը 55 հազարից 65 հազար դարձնելու մասին։ Ըստ նախարարի, դրա ժամանակը չէ, քանի որ այս տարի դրա համար մոտ 13 մլրդ. դրամ կպահանջվի, ինչը լրացուցիչ բեռ է բյուջեի համար։ Ասենք, Դիլիջանում մաքսավորների ու հարկայինի աշխատողների համար միլիոնավոր դոլարներով շքեղ հանգստավայր կառուցելը բեռ չէ, դրա համար բյուջեում կան փողեր։



«Յուրաքանչյուր պետական կառավարման մարմին ունի իր ծրագրերը, կառավարությունը դիտարկում է անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, հասցեականությունը եւ այս շրջանակներում որոշում է կայացնում»,- պատասխանում է նախարարը։ Նա համաձայն չէ, որ առաջնագծում միայն աղքատ ընտանիքների երեխաներն են, բայց ոչ մի պաշտոնյայի անուն, որի երեխան հիմա ԼՂՀ-ում է, չի նշում․ «Մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս,- հպարտ արտասանում է սոցապնախարարը,- եւ ցանկացած տեղերում ներկայացվում է մեր ամբողջ հասարակության սպեկտրը»։ Երեւի, սա է նախարարի հիմնական եզրակացությունը զոհված զինծառայողների ընտանիքների վիճակն ուսումնասիրելուց հետո։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ