Վրաերթ՝ հարբած վիճակում, կամ ՃՈ պետի ու նրա որդիների մասին

Վրաերթ՝ հարբած վիճակում, կամ ՃՈ պետի ու նրա որդիների մասին

Երկու տարի առաջ, երբ Վոլոդյա Խաչատրյանը գիշերով Նորքի զանգվածից քաղաք էր իջնում, միմյանց վազանց անող երկու «Նիվա»-ների արանքն ընկավ։ Այն ժամանակ նա դեռ չգիտեր, որ «Նիվա»-ների մեջ ՃՈ մայոր կամ, ինչպես մինչ օրս ժողովուրդն է ասում, ԳԱԻ պետ Սմբատ Մարգարյանի տղաներն են հարբած զվարճանում։ Բայց ինչ-որ ներքին ձայն հուշում է Խաչատրյանին․ «Քաշի մի կողմ, սրանք փորձանք են»։ Քաշում է, բայց փորձանքից չի պրծնում։



«Նիվա»-55VM404 ավտոմեքենան, որը պատկանում էր մայորի որդուն, գալիս եւ հետնամասից այնպես է հարվածում Խաչատրյանի «Օպել»-ին, որ խեղճը օդ է թռչում, իսկ Վոլոդյան կորցնում է գիտակցությունը։ Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ «Նիվան» մտել է սյան մեջ, իսկ իր մեքենան մետաղակույտի է վերածվել, «այնտեղ էլ ավտո չկար»։ Ինչպես լինում է նման դեպքերում, բոլորը գալիս են, հավաքվում՝ ՃՈ աշխատակիցները, հետաքննիչը, ԱԻՆ-ը, ԱՊՊԱ-ն, եւ բոլորը, կարծես, Վոլոդյայի կողմն էին։ «Նիվայի» վարորդը մայորի ազգակից Վահագն Մանուկյանն էր, համենայնդեպս, այդպես է գրվել փաստաթղթերում։



Վարորդին ու ուղեւորին ծանր մարմնական վնասվածքներով տանում են «Գրիգոր Լուսավորիչ» կենտրոն։ Այն ժամանակ, երկու տարի առաջ, Վոլոդյան չէր կասկածում, որ արդար քննություն կլինի, չնայած ներքին ձայնը նրան հուշում էր, որ ոստիկաններին պետք չէ շատ վստահել, մանավանդ, երբ արանքում «ԳԱԻ պետ» կա։ Նա նույնիսկ հարցրել է քննիչին․ «Կարո՞ղ է վերջում պարզեն, որ ես եմ մեղավորը, ու վրես խոսակցություն լինի»։ «Հո մենք շան տղա չե՞նք, եկել է, խփել է քեզ, դու մեղավոր չես»,- պատասխանել է քննիչը։ Այսօր Վոլոդյան դառը ժպտում է՝ հիշելով իր միամտությունը։ ԱՊՊԱ-ն իրեն ընդամենը 480 հազար է վճարել իր մեքենային հասցված վնասի 50 տոկոսի դիմաց, իսկ «Նիվայի» տիրոջը՝ հարբած մարդուն, որին դատ է հասնում, եւ որը կարող էր մարդ սպանել, ոչ մի պատասխանատվության չեն ենթարկել, դեռ 700 հազար էլ գումար են տվել՝ հատուցելով նրա կրած վնասը։



Քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ «հնարավոր չի եղել պարզել, թե վթարի մասնակից տրանսպորտային միջոցների վարորդներից որ մեկի բացատրությունից բխող հանգամանքներն են տեխնիկական տեսակետից համապատասխանում տվյալ պատահարի առաջացման մեխանիզմին»։ Ահա, այսպես է վարչական վարույթը կարճելու մասին որոշման մեջ գրել փոխգնդապետ Հ․ Մարգարյանը։ Սա շատ բարդ վթար է եղել մեր ոստիկանների համար։ Ի դեպ, «Նիվայի» վարորդը տուգանք է վճարել հարբած վիճակում մեքենա վարելու համար, եւ այս հանգամանքը եւս ոչ մի կերպ չի բացահայտել «տվյալ պատահարի մեխանիզմը»։ ««Նիվան» այնպիսի արագությամբ է եկել, որ արգելակելուց հետո 35 մետր գնացել է։ Բայց փորձաքննության մեջ գրել են 60 կմ/ժամ արագությամբ է գնացել»,- պատմում է Վոլոդյան՝ վստահեցնելով, որ իրական արագությունը մոտ 150 կմ/ժամ է եղել։ Նրա հետ փորձել են խոսել։



Երբ Վոլոդյա Խաչատրյանը վրդովված մտել է մայոր Սմբատ Մարգարյանի անմիջական ղեկավարի մոտ, վերջինս խոստացել է, որ կօգնեն Վոլոդյային։ «Սմբատ Մարգարյանը տաքսու սերվիս ունի, երթուղայինի գծեր, իմ ուզածը մի հատ հասարակ ավտո էր, չլած, ես չէի բողոքի, կփակեի՝ կգնար»,- ասում է Վոլոդյա Խաչատրյանը։ Իր անմիջական ղեկավարի ներկայությամբ Սմբատ Մարգարյանը խոստացել է ավտոմեքենա տալ Վոլոդյային ու, իրոք, մի «չլած» ավտո է տվել, իսկ մյուս օրն ասել է՝ 1000 դոլար տուր, որ ավտոն քեզ լինի։ Վոլոդյա Խաչատրյանը երկու տարի է՝ պայքարում է «գաիշնիկի» ու իրավական «բեսպրեդելի» դեմ, դիմել է ոստիկանություն, պահանջելով ծառայողական քննություն, հայտնելով, որ մայոր Մարգարյանը միջամտել է իր գործով քննությանը՝ իր որդիներին փրկելու համար։ Ապարդյուն։«Կատարված ծառայողական քննությամբ նշված հանգամանքները չեն հաստատվել»,- պատասխանել են ոստիկանությունից։ Գործը դատարանում է։ Նիստերը նշանակված են, բայց երկու անգամ հետաձգվել են։ 



Մենք զանգահարեցինք Արթուր Մարգարյանին։ «Պապան ընդհանրապես չի խառնվել այս գործին,- ասաց նա,- ամեն ինչ արվել է օրենքով։ Երկկողմանի սխալ է եղել, երկու վարորդներն էլ ստացել են փոխհատուցում՝ 50/50»։ Նա ասաց, որ կապ չունի այս գործի հետ, ընդամենը մեքենան է իր անունով, բայց ով է ճիշտ, ով մեղավոր, ինքը չգիտի, դա պարզել են քննիչները։ Նա ժխտեց, որ վազանցի է դուրս եկել եղբոր հետ, ասաց, որ ինքը եկել է վթարից տասը րոպե անց։ «Եղել է վազանց, թե չի եղել, երեւում է տեսախցիկներից։ Կան տեսախցիկներ, կարող ենք բացել ու նայել։ Բայց մեզ ասել են, որ կամերաները չեն նկարել»։ «Լավ, Վոլոդյա Խաչատրյանը եկել է Սմբատ Մարգարյանի պետի մոտ, նա մեքենա է խոստացել տալ, դա՞ էլ է սուտ»։ «Ես թեթեւակի տեղյակ եմ, լսել եմ էդ մասին,- ասաց Արթուր Մարգարյանը,- բայց հայրս եւ այդ մարդն իրար չեն տեսել, հաստատ գիտեմ։ Նա ոչ մի կապ չունի այս գործի հետ, ես էլ կապ չունեմ»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ