Մայրը որդու զոհվելու մասին ինտերնետից է իմացել ու հիմա ահավոր վիճակում է (ֆոտո)

Մայրը որդու զոհվելու մասին ինտերնետից է իմացել ու հիմա ահավոր վիճակում է (ֆոտո)

Երեկ սահմանին զոհված զինծառայող Արմեն Մարտիրոսյանը Գեզարքունիքի մարզի Գանձակ համայնքից էր: Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ Արմենը տան միակ տղան էր, ուներ 3 քույր, որից երկուսը ամուսնացել են. «Մինչեւ հիմա չենք հավատում այդ լուրին: Մի ընտանիքի ծուխ էլ մարեց: Արմենը 9-րդ դասարանը ավարտեց, երաժշտական կրթություն ստացավ քոլեջում, արեւելյան մարզաձեւով էր զբաղվում, հաղթանդամ տղա էր: Արմենը հետախույզ էր, 7 ամսից կզորացրվեր: Արմենի հայրը արտագնա աշխատանքի է գնում, իսկ մայրը հիվանդ է: Մայրը որդու զոհվելու մասին ինտերնետից է իմացել ու հիմա ահավոր վիճակում է գտնվում: Արմենի աճյունը դեռ չեն տեղափոխել գյուղ», - ասաց Վանիկ Հարությունյանը:



Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ`  մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:



Նելլի Կարապետյան