Արաքսավան` տեսիլք Հադրութի անապատում

Արաքսավան` տեսիլք Հադրութի անապատում

Երեք տարի առաջ որոշեցին Արցախում, Ադրբեջանի հետ շփման գծին կպած նոր բնակավայր ստեղծել` զարգացած տնտեսությամբ եւ երջանիկ բնակիչներով, որոնք այնքան վստահ են վաղվա օրվան, որ պատրաստ են արմատներ գցել Հադրութի այս սահմանամերձ «դրախտում», ապրել ու բարգավաճել թուրքի եւ իրանցու քթի տակ, հարազատ կառավարության ուշադրության ներքո։ Ասում են՝ գաղափարը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանինն էր, բայց գործնականում առավել ակտիվ է իրացրել Հադրութի «ցելինան» փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որն այստեղ լոլիկի, սմբուկի, այլ մշակաբույսերի պլանտացիաներ է կառուցել, հողագործություն է զարգացրել։



3 մլրդ.՝ անապատի իրացման համար



Ծրագիրը հետեւյալն էր․ մշակման նախապատրաստվում է 10 000 հա հողատարածք, մեկ հեկտարի վրա ծախսվում է 300 հազար դրամ, հողը տրվում է ցանկացողներին, ամեն հեկտարի հաշվով պետության ծախսը ձեւակերպվում է որպես երկարաժամկետ անտոկոս վարկ։ Առաջին ցանկացողներն անապահով 8 ընտանիքներն էին, 29 մարդ, որոնցից էլ ձեւավորեցին Արաքսավան գյուղը, իսկ 2014 թվականին ԼՂՀ կառավարությունը փոխեց վարչատարածքային բաժանման մասին օրենքը, եւ նոր գյուղը պաշտոնապես հայտնվեց ԼՂՀ քարտեզի վրա՝ Արաքս գետից երկու-երեք կիլոմետր հեռու։ Մի տասը «դոմիկ» Նախիջեւան-Բաքու ճանապարհի վրա. ահա, այս բավականին գովազդված բնակավայրը։ Առաջին երկու տարիներին այստեղ հողագործությունը եռում էր, նույնիսկ պահածոների փոքրիկ գործարան հիմնեցին։



Շատ այցելուներ էին լինում, հայաստանցի հյուրեր, քաղաքական գործիչներ։ Րաֆֆի Հովհաննիսյանն է եկել եւ բոցաշունչ քաղաքական ճառ կարդացել երկու հայկական պետությունների անվտանգության, «ծաղկող երկրամասի» մասին, որտեղ «մարդն ու հողը ներդաշնակորեն կփոխլրացնեն իրար»: Գագիկ Ծառուկյանն էլ «ծաղկող» երկրամաս եկավ 2014 թվականի հոկտեմբերին եւ դոմիկների երջանիկ բնակիչներին փողեր խոստացավ, յուրաքանչյուրին՝ 10 հազար դոլար։ Նա տեսավ լոլիկի եւ բադրիջանի պլանտացիաները, իսկ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը զեկուցել է հայտնի գործարարին, որ հողը մշակելի դարձնելու քաղաքականությունն արդեն իսկ արդյունք է տալիս, եւ որ միայն 2013թ. մելորացվել եւ հողագործին է տրամադրվել 1000 հեկտար հողատարածք:



Լավ կլիներ այդ փողով բլինդաժներն ամրացնեին



Այցելուներից ոմանք, ինչպես, ասենք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չէին կարողացել թաքցնել իրենց զարմանքը՝ նկատելով, որ Արաքսավանը կտրված է ճանապարհներից եւ կատարյալ ամայության մեջ է։ Բայց ղարաբաղցիները կատակով «ցրում» էին այդ մտավախությունները։ Թե քանի մլրդ. է ծախսվել երկու տարում այս «օազիսի» վրա, հստակ հայտնի չէ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն ասում է, որ ոչ միայն պետության հատկացված միջոցներ, այլեւ բարեգործական գումարներ են ծախսվել։ «Բնակելի հատվածի վրա ներդրումներ են արվել, դաշտերի յուրացման արտադրություն է ստեղծվել, բանջար-բոստանային տնտեսություն»,- ասում է նա։ Մեր տեղեկություններով, ընդհանուր առմամբ, մոտ 3 մլրդ. դրամի ծախս է կատարվել Արաքսավանում, որը, չգիտես ինչու, այստեղ այնքան էլ չի երեւում։ Գումարի մի մասն էլ, ասում են, ցույց են տվել, որ ծախսվել է ականազերծման վրա։ Մինչդեռ 3 միլիարդը կարելի էր ծախսել, ասենք, մեր բլինդաժներն ամրացնելու համար։ Իրանի հետ սահմանին նոր քաղաք հիմնելու գաղափարը, ասում են, այնքան էլ դուր չի եկել ՀՀ նախագահին։ Եվ նա մի հանդիպման ժամանակ հիմնովին քննադատել է այս անհեռանկար գաղափարը, եւ այդ պահից սկսած՝ Արաքսավանի ծրագիրը ծածուկ սառեցվել է։



Արաքսավանի բնակիչների մի մասը տեղահանվել է «իրավիճակի հետ կապված»



Այսօր այստեղ պատերազմական գործողություններ են, 10-30 ընտանիքները (տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում) կամ տեղահանվել են, կամ էլ դիրքերում են։ Ըստ Արտակ Բեգլարյանի, Արաքսավանում 30 տուն կա։ Մի մասը Հադրութի եւ ԼՂՀ այլ շրջաններից են, մյուսները՝ Հայաստանից։ «Քանի որ իրենք Արաքսի ափին աշխատում էին, չէի ասի, որ անապահով էին։ Նրանք այնտեղ աշխատում էին, ու ապրելն Արաքսավանում հարմար էր։ Դա Իրանի սահմանին է մոտ, Ադրբեջանի սահմանից բավականին հեռու է,- բացատրում է վարչապետի խոսնակը:- Կարող եմ ասել, որ ոչ բոլոր ընտանիքներն են տեղահանված։ Տեղահանվել էին այն բնակիչները, որոնք աշխատում էին դաշտերում, քանի որ այստեղ իրավիճակի պատճառով աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել են։ Բայց բնակիչների տեղահանումը ժամանակավոր է, նրանք կրկին վերադառնալու են, երբ իրավիճակը բարենպաստ դառնա»։



Տղաները շիթիլ-միթիլ չեն արել



Այնուամենայնիվ, Արաքսավանում հիմա դրությունը լուրջ է։ Տղամարդիկ առաջնագծում են։ Այս մասին մեզ պատմեց վարչական շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը։ Նրա հետ շփվեցինք հեռախոսով։



- Ճի՞շտ է, որ 3 մլրդ.-ի կապիտալ ներդրում է եղել։



- Էէէէ, տենց բան չկա (ծիծաղում է), ի՞նչ 3 մլրդ.։



- Իսկ ճի՞շտ է, որ բանջարեղեն եք աճեցնում, պլանտացիաներ եք սարքել։



- Հա, պոմիդորի գործարան կա։



- Ո՞նց է կոչվում։



- Տոմատի մածուկ պատրաստելու գործարան։



- Իսկ հիմա է՞լ եք աճեցնում, կա՞ արտադրանք։



- Եղել է, անցյալ տարի։ Տղաները դեռ մինչեւ հիմա էլ առաջին գծում են, դեռ շիթիլ-միթիլ չեն դրել։



- Բայց մարդիկ չե՞ն գնում այդտեղից։ Մի ժամանակ Ծառուկյանն էր եկել, Րաֆֆին։ Հիմա է՞լ են մարդիկ ապրում։



- Հա, Ծառուկյանը եկել ա, 10 հազար դոլար փողը տվել ա, ո՞ւր գնան։ Մարդիկ չեն գնում, չէ։



- Դրախտավայրը ստացվե՞ց։



- Ոչինչ։



- Իսկ ճի՞շտ է, որ շուրջբոլորն ամայի տարածք է, անապատ, ճամփա չկա։



- Սուտ ա, տենց բան չկա։ Նորմալ տեղ ա, նորմալ ճանապարհ կա, 50 մետր դուրս ես գալիս, Քաշաթաղի ճանապարհն է։



- Մի խոսքով, գո՞հ եք։



- Որ էդ մարդիկ սուս-փուս կամավորական գնացել են սահման, ես շատ գոհ եմ։



- Իսկ ովքե՞ր են բնակիչները, որտեղի՞ց եք բերել։



- Եղեգնաձորի շրջանից։



- Գոնե տուն տվե՞լ եք։



- Հա, էլի, երկու սենյականոց դոմիկներ են, կուլտուրնի վագոններ, ակուրատնի, սիրուն։



ՀԳ․ Ի դեպ, ՀՀ ագրարային պետական համալսարանը ամենալավատես բուհն է եւ լուրջ ծրագրեր ունի հադրության օազիսի հետ կապված։ Այստեղ ուսումնափորձնական-արտադրական բազա է կառուցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ վարչական շենք, հանրակացարաններ, օժանդակ կառույցներ։ Ռեկտոր Թարվերդյանը մեզ ասաց, որ շինարարությունն ավարտվելու է հունիսին, որ այստեղ ճամբար է լինելու, որտեղ հանգստանալու են տարբեր բուհերի ուսանողներ։ «Բայց այնտեղ պատերազմ է, ո՞վ կգնա»։ Մեր այս հարցը բարկացրեց ռեկտորին։ «Ով գնա-չգնա, մասնաճյուղի ուսանողները, այսպես թե այնպես, պետք է գնան»,- ասաց նա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ