Մոսկվայում կանցկացվի Armfashionday 2016-ը

Մոսկվայում կանցկացվի Armfashionday 2016-ը

Մայիսի 28-ին Մոսկվայի Golden Palace համալիրում երկրորդ անգամ կկայանա Arm fashionday 2016 հայկական նորաձևության հայտնի հայազգի մոդելավորող-դիզայներների աշխատանքների գարնանային ցուցադրությունը:



Այս տարի ցուցադրությանը կմասնակցեն 8 հայազգի հագուստի և աքսեսուարների դիզայներներ, այդ թվում` Արամ Նիկոլյանը իր «Ուրֆա» հավաքածուով (հավաքածուի դեռևս չցուցադրված հատվածը), Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը կներկայացնի իր նոր` «Կարպետ» և «Խաչքար» հավաքածուները: El’ka հարսանյաց սրահի հիմնադիր Հասմիկ Աբրահամյանը կներկայացնի հարսանյաց զգեստների իր նոր հավաքածուն:



Կլինեն նաև մոսկովյան մասնակիցներ` հագուստի մոդելավորող Անի Մանուկյանը, ով ներկայացնելու է երեկոյան զգեստների նոր հավաքածուն, և պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը` իր Varda TM լողազգեստների հավաքածուով: 



«Միջոցառման նպատակը հասարակության լայն շրջանակներին տաղանդավոր հայ մոդելավորող-դիզայներների օրիգինալ զգեստները մեկ հարթակում ներկայացնելն է»,- ասել է միջոցառման համակարգող Նաիրա Նիազյանը:



Վերջինս նաև հավելում է, որ շոուի շրջանակներում կանցկացվի մրցույթ, որում մասնակցություն կունենան երեք սկսնակ մոդելավորողներ` Մարգարիտ Նանուշյանը, Տիգրան Վահանյանը և Ռոզա Մինասյանը: Նրանց հնարավորություն կտրվի ներկայանալու և մասնակցելու նման խոշոր միջոցառման` արդեն կայացած դիզայներներ–մոդելավորողների հետ հավասար:



Մրցույթի հաղթողին հնարավորություն կտրվի երկու ամսվա ընթացքում վաճառքի հանել իր հավաքածուն մոսկովյան մուլտիբրենդներից մեկում:



Սկսնակների աշխատանքները գնահատելու է փորձագիտական ժյուրին, որի կազմում են դիզայներ Արմեն Երիցյանը, կոշիկի մոսկվայաբնակ դիզայներ Տիգրան Ալբերտին և ոճաբան Եսայի Սիմիկյանը:



Armfashionday-ը հասցրել է խոշոր և երկար սպասված իրադարձության համբավ ձեռք բերել Ռուսաստանի և Հայաստանի նորաձևության ոլորտում: Միջոցառման հյուրերի թվում ներկա կլինեն VIP-անձինք, բիզնեսի ու շոու-բիզնեսի, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցեն մոտ 2000 անձինք: VIP-հյուրերից իրենց ներկայությունը արդեն հաստատել են Անաստասիա Վոլոչկովան, ով հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, մոդելավորող Յանա Շևչենկոն, իտալացի օպերային և փոփ-երգչուհի Աննա Ազերլին, նորաձև հագուստի դիզայներ Յուլյա Դալաքյանը, հագուստի և աքսեսուարների դիզայներ Սվետլանա Եվստիգնեևան, դերասանուհի և երգչուհի Աննա Կալաշնիկովան, երգիչ Յուրի Տիտովը և այլք:



Armfashionday-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Մոսկվայում: 2015թ-ի միջոցառմանը մասնակցություն ունեցան 500 անձինք: Միջոցառումը մեծ արձագանք ստացավ Ռուսաստանում և Հայաստանում, ինչպես նաև ակտիվ կերպով լուսաբանվեց ռուսական ու հայկական ԶԼՄ-ների կողմից: