ՄԻԵԴ վճիռը չի կատարվում՝ անմեղ մարդը նստած է

ՄԻԵԴ վճիռը չի կատարվում՝ անմեղ մարդը նստած է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռեւս 2015 թվականի մարտի 31-ին հրապարակեց «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը, սակայն, ի կատար չի ածվում։ ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուներին՝ ամուսիններ Բագրատ եւ Նարինե Նալբանդյաններին եւ նրանց դստերը՝ Արեւիկին, խոշտանգել են, խախտել են նրանց արդար դատաքննության եւ դատական մարմիններում պաշտպանության իրավունքը: Պետությունն արդեն գումար է հատկացրել՝ 62 հազար եվրո, նրանց կրած վնասը փոխհատուցելու համար, բայց վճռաբեկ դատարանը քնեցրել է Նալբանդյանների գործի լսումը։ Իր աղջկա դասընկերուհու սպանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Նարինեն ՄԻԵԴ վճռով ճանաչվել է անարդար դատաքննության զոհ, բայց դեռ բանտում է, ծանր հոգեբանական վիճակում։ Հիշեցնենք, որ 2004 թվականին Վարդենիսում դեռահաս աղջկա էին տանջել, բռնության ենթարկել, սպանել եւ նետել հորը:



Մարմինը գտել էին մեկ շաբաթից։ Նալբանդյանների ամբողջ ընտանիքը կալանավորվեց, խոշտանգվեց, նրանցից խոստովանական ցուցմունքներ պոկեցին, իսկ դատարանում ամեն ինչ արվեց փաստաբան Սեդա Սաֆարյանին լռեցնելու համար, նրա դեմ ընդհուպ ֆիզիկական բռնություն կազմակերպվեց: Սեդա Սաֆարյանը ՄԻԵԴ վճռի հիման վրա վճռաբեկ դատարանից պահանջեց բեկանել 2005թ. նոյեմբերի 10-ի ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու եւ նոր քննություն սկսելու մասին։ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 24-ին եւ փետրվարի 24-ին որոշումներ է ընդունել վարույթ սկսելու մասին, բայց չպատճառաբանված ձեւով ձգձգում է գործի լսումը եւ դատական նիստ չի նշանակում, չնայած բոլոր հնարավոր եւ անհնար ժամկետներն անցել են։ «Օրենքով դատարանը պետք է 3 ամսվա ընթացքում նիստ նշանակեր, ինչը չի անում,- բողոքում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։- Մեր դատարանի համար նման անօրինականությունները սովորական բան են։ Ես երկու անգամ դիմել եմ վճռաբեկ դատարան, հարցնելով, թե ինչու ընթացք չի տրվում մեր գործին, բայց պատասխան չեմ ստացել»։



Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Սեդա Սաֆարյանը պատասխանում է․ «Տարբերակներից մեկը նա է, որ էլի Եվրադատարան դիմեմ, ասեմ՝ վճիռը չի կատարվում, ի՞նչ կարող եք անել»։ Ամենասարսափելին նրա պաշտպանյալի վիճակն է՝ Նարինե Նալբանդյանի, որը դեռ կալանավայրում է։ «Այդ կինը շատ վատ վիճակում է, փաստորեն, նրա դատավճիռն անարդար է համարվել ՄԻԵԴ-ի կողմից, բայց մեկ տարի է, ինչ նրան չեն ազատում»։ Սեդա Սաֆարյանը չի գնում Նարինեին այցելության, որովհետեւ չի կարողանում պատասխանել, թե երբ են նրան ազատելու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ