Քննիչների, դատախազների ու դատավորների քննությունները 7 կողպեքի տակ են

Քննիչների, դատախազների ու դատավորների քննությունները 7 կողպեքի տակ են

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը 2014 թվականից ՀՀ քաղծառայողների, քննիչների, քննչական մարմինների այլ ծառայողների թափուր պաշտոնների, դատավորների ցուցակի համալրման մրցույթներն է դիտարկել, եւ երեկ ցնցող նախնական արդյունքներ հրապարակեցին։ Մրցութային հանձնաժողովների ղեկավարները թշնամաբար են ընդունել դիտորդներին եւ ամեն կերպ խոչընդոտել են դիտարկման ընթացքը։ Այն ավարտվել է այս մարմինների դեմ դատական հայցերով։ Նրանք երեկ էլ չէին ներկայացել զեկույցի հրապարակմանը, թեեւ հրավերներ են ստացել։



Ներկա էին ՀԿ-ների անդամներ, լրագրողներ, ակտիվիստ Վարդգես Գասպարին, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Բանն այն է, որ նշված մարմինները հրաժարվել են տեղեկություններ եւ փաստաթղթեր տրամադրել դիտորդներին։ Չեն տրամադրել թեկնածուների գրավոր պատասխանները, մրցույթի արձանագրությունները, մրցույթի ընթացքում իրականացված որեւէ ձայնագրություն, ոչ մի փաստաթուղթ, որով հնարավոր կլիներ ստուգել դրանց օբյեկտիվությունը։ Արդարադատության խորհուրդն արգելել է ձայնագրություն կատարել եւ հրաժարվել է տրամադրել հանձնաժողովի կողմից օրենքով կատարվող ձայնագրության օրինակը։ ՀՔԾ ծառայողների մրցույթի ժամանակ դիտորդներին ներս չեն թողել։ Իսկ Քննչական կոմիտեի տեղակալ Արամ Թամազյանը պահանջել է, որ հաջորդ անգամ կազմակերպությունն այլ դիտորդ ուղարկի, ոչ Տիգրան Եգորյանին։ Այնուամենայնիվ, կազմակերպության դիտորդները, որոնք բոլորն էլ իրավաբաններ են, կարողացել են սենսացիոն տեղեկություններ հայթայթել այն մասին, թե ինչպես են մեզանում քննիչ, դատախազ կամ դատավոր նշանակվում, ինչ աղաղակող խախտումներ են տեղի ունենում օրենքով բաց, բայց իրականում գաղտնի մրցույթների ժամանակ։



ՀՔԾ պետը ներս չի թողել դիտորդներին



ՀՔԾ մրցույթին մասնակցել է 6 թեկնածու, թափուր պաշտոնները 6-ն են եղել, եւ բոլոր թեկնածուները մինչեւ մրցույթն այն պաշտոնների ժամանակավոր պաշտոնակատարներն էին, որոնցում մրցույթից հետո նշանակվեցին։ «Սա այն կլասիկ իրավիճակն է, երբ արդեն աշխատող քննիչին լեգիտիմացնում են մրցույթի միջոցով, ոչ թե նոր կադրերի համալրում։ Սա նախկինում աշխատած եւ ՀՀ ողջ զարգացման ընթացքում քննիչի դառը աշխատանքը ճաշակած նույն անձինք են, որոնք այս անգամ արդեն մրցույթով են նշանակվում»,- ասում է Տիգրան Եգորյանը։ Դիտորդները չէին կարողանում պարզել, թե երբ է լինելու ՀՔԾ ծառայողների թեկնածուների մրցույթը։ Կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը մրցույթի օրն ու ժամը՝ 25.11․2014, իմացել է պատահաբար՝ իր պաշտպանյալներից մեկի հարցաքննության ժամանակ։ Քննիչն շտապելիս է եղել քննության։ Երբ մրցույթի օրը նա երկու լրագրողների հետ ներկայացել է ՀՔԾ՝ բաց մրցույթը դիտարկելու, նրանց ներս չեն թողել՝ խորհուրդ տալով դիմում գրել։ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը մտերիմ զրույցի շրջանակներում փորձել է դիտորդներին բացատրել, որ ՀՀ-ում կա կադրային պրոբլեմ, եւ որ ինքը չգիտի, թե ինչ կանեն դիտորդները, եթե քննիչների թեկնածուները չկարողանան ինչ-ինչ հարցերի պատասխանել։ Սրան հետեւել է մերժումը՝ այս անգամ չենք կարող թույլատրել դիտարկումը, բայց մյուս անգամ այդ մասին կմտածենք։ Սակայն երկրորդ անգամ էլ են մերժել դիտորդների մասնակցությունը՝ հետեւյալ պատճառաբանությամբ․ «Քանի որ կա անկախ մրցութային հանձնաժողով, որն իր կազմում ունի անկախ իրավաբան-գիտնականներ, մրցույթի օբյեկտիվությունը չի կարելի կասկածի տակ դնել, հակառակ դեպքում ՀՔԾ-ն կհրավիրեր դիտորդների»։ Օրենքով, ՀՔԾ մրցույթին կարող են ներկա լինել «հրավիրված դիտորդներ»։ Այս դրույթի վրա հիմնվելով՝ դատավոր Կարեն Ավետիսյանը մերժել է դիտորդական կազմակերպության հայցը ՀՔԾ-ի դեմ։



Դատախազությունում «կորցրել» են դիտորդների դիմումը



Գեւորգ Կոստանյանը, որը սիրում է հանդուրժողականության եւ հրապարակային աշխատող ղեկավարի դիմակ հագնել պարբերաբար, եւս թույլ չի տվել դատախազների թեկնածուների մրցույթները դիտարկել։ 2015 թվականի հունվարի 19-26-ն անցկացվող մրցույթը դիտարկելու ՀԿ-ի դիմումը դատախազությունը «կորցրել» է, այսպիսով «ֆռռացնելով» դիտորդներին՝ նրանց դիտարկումը խափանելու նպատակով։ Երկրորդ մրցույթի դիտարկումը մերժվել է պատճառաբանությամբ, որ «Իրավունքի Եվրոպա միավորումը» հրավիրյալ դիտորդ չէ։ Անգամ մրցույթի անցկացման փաստը վավերացնող որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել, որով դիտորդները համոզվեին, որ մրցույթը ոչ թե գլխավոր դատախազի սենյակում է անցկացվել, այլ սահմանված կարգով։ Թեկնածուների վերաբերյալ տվյալներն էլ չեն տրամադրվել՝ պատճառաբանությամբ, թե դրանք անձնական տվյալներ են, պաշտպանության ենթակա։



Քննչական կոմիտեում մրցույթը վերածվել է ֆարսի



Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արամ Թամազյանը դիտորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը, ավանդաբար, որակավորման հանձնաժողովների նախագահ է անհիշելի ժամանակներից։ Միայն մեկ դիտորդի են թույլատրել մասնակցել քննիչների քննությանը։ Նրանք անընդհատ մոտեցել են դիտորդին, հարցրել՝ ի՞նչ խնդիր կա, թույլ չեն տվել իրենց ձայնագրել։ Մասնավորապես, իրեն ձայնագրելու փաստից վրդովվել է Սլավոնական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Շանթովիչ Ծաղիկյանը եւ հանձնաժողովի նախագահին պարբերաբար խնդրել է միջոց ձեռնարկել դիտորդի դեմ, ասելով՝ դիտորդն ինչ ուզում է, պետք է անի՞։ Այնուհետեւ նա միջնորդել է հեռացնել դիտորդին, բայց Արամ Թամազյանը թույլ չի տվել։ Իսկ դատահրաձգաբան-փորձագետ Հրայր Ղուկասյանը, որը հանրությանը հայտնի է Հոկտեմբերի 27-ի գործով, պարբերաբար մոտեցել է Թամազյանին, խնդրելով հեռացնել դիտորդ Եգորյանին։ Թեկնածուներին գրավոր մրցույթի ժամանակ պարբերաբար կանչել են «գրատախտակի մոտ» եւ պահանջել, որ նրանք իրենց կարծիքը հայտնեն մրցույթի թափանցիկության եւ օբյեկտիվության վերաբերյալ։ Չի գտնվել մրցույթի գեթ մեկ մասնակից, որն այս մրցույթը կազմակերպող հանձնաժողովին գովեստի եւ շնորհակալության խոսքեր չշռայլի։ «Մոտավորապես, վերջին զանգի արարողություն, բայց այս մարդիկ անգամ գրավորը չէին վերջացրել եւ չէին կարող գնահատել մրցույթի օբյեկտիվությունը»,- ասում է Տիգրան Եգորյանը։ Որեւէ մրցութային փաստաթուղթ դիտորդական կազմակերպությանը չի տրամադրվել։



ԱԽ անդամն առաջարկել է ամուսնանալ, նոր քննության գալ



Թափանցիկության առումով խախտումները քիչ են եղել դատավորների ցուցակը համալրելու 2014 թվականի մրցույթի ժամանակ, սակայն թեկնածուների պատասխանները, որոնք հնարավորություն կտային գնահատելու Արդարադատության խորհրդի կազմած հանձնաժողովի օբյեկտիվությունը, դիտորդներին չեն տրվել։ Կազմվել են սահմանափակ եւ հեշտ լուծելի հարցաթերթիկներ՝ ընդամենը 4 խնդրով, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Այս 4 հարցի տարբեր կոմբինացիաներից բաղկացած հարցաթերթիկներից մեկը նույնությամբ հրապարակվել է court.am կայքում, մինչդեռ օրենքը պահանջում է տարբերակի նմուշ-օրինակի հրապարակում, ոչ թե իսկական հարցաթերթիկի, իսկ Քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն դատավորների քննական հարցերի եւ թեստերի հրապարակման համար։ Դատավորների թեկնածուներից պահանջել են, որ նրանք պատասխաններով փակ ծրարների վրա գրեն իրենց անուն-ազգանունները։ Դիտորդներին արգելել են ձայնագրություն անել՝ ասելով, որ խորհուրդը ձայնագրությունն ապահովում է, ապա Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը խլել է դիտորդի ձայնագրիչը եւ փախել քննասենյակից։ Հետաքրքիր է, որ դիտորդը պատրաստ է եղել այս քայլին եւ իր հետ բերած է եղել երկրորդ ձայնագրիչը։ Վերադարձրել է ձայնագրիչը միայն օրվա վերջում։ Շատ այլ խայտառակ բացթողումներ են հայտնաբերվել, սակայն ամենազարմանալին դատավորների թեկնածուների բարոյական, անձնական, տրամաբանելու, արագ կողմնորոշվելու, հաղորդակցվելու հատկանիշների բացահայտմանն ուղղված հարցերն են եղել։



Այս հարցազրույցների ժամանակ «ցածրամակարդակ», տնավարի զրույցներ են եղել ապագա դատավորների հետ։ Կանանց Արդարադատության խորհրդի անդամները հարցրել են, թե արդյոք նրանք հավատացյա՞լ են, ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ, ծնողները ծե՞ր են, թե՞ ոչ, վերջիններս իրենց ամուսնությունը գրանցե՞լ են, թե՞ ոչ։ Ամուսնացածներին հարցրել են․ օրինակ, եթե Դուք նշանակվեք Սյունիքի մարզի դատավոր, Ձեր ամուսինը կթողնի՞, որ Դուք գործի գնաք։ Իսկ մի կնոջ, որն ամուսնալուծված է եղել, հարցրել են, թե ով է պահելու իր երեխաներին, եթե նա հեռավոր մարզում դատավոր նշանակվի։ Երբ կինն ասել է, որ ծնողներին իր հետ կտանի, եւ աշխատավայրում գտնվելիս նրանք կզբաղվեն իր երեխայով, ԱԽ անդամն առաջարկել է ամուսնանալ, հետո նոր դատավորների քննությանը մասնակցել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ