Տեղի է ունեցել «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը

«Ժամանակն է հայկականի․․․» Այս կարգախոսով երեկ՝ հունիսի 6-ին, «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը։ Արարողությանը բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։



Հանրությանը ներկայացվեց «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների 5 տարբեր մոդել, որոնք իրենց բարձր կատարողականությամբ, նկարագրությամբ և արտաքին տեսքով կբավարարեն անգամ ամենաբծախնդիր հաճախորդի պահանջները։ Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ հեռախոսների գները տատանվում են 50 000 - ից 151 000 ՀՀ դրամի սահմանում, ավելին՝ «Արմֆոն» հեռախոսները հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։



Սպառողին ներկայացված մոդելներից լավագույնը՝ ArmPhone 0520 սմարթֆոնը, ունի 5.2-դյույմանոց սենսորային Full HD էկրան, 1.3 գեգահերց ութամիջուկ պրոցեսոր, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գեգաբայթ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0520-նն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 8 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հաջորդ մոդելը, որը ներկայացվել է շուկային ArmPhone 0509 մոդելն է։ Այն ունի 5.00 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն։ Հեռախոսի հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 5 մեգապիկսել։ Հավելենք, որ վերոգրյալ երկու մոդելներն ունեն մատնահետքով արգելափակելու հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է հավելյալ պաշտպանություն։



Ոչ սովորական սարքավորում փնտրողների համար, ովքեր նախընտրում են ունենալ երկուսը մեկում համատեղող տեխնոլոգիա՝ դիմացկուն կաղապար ու ժամանակակից գործառույթներ ունեցող և Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս, առաջարկում ենք ուշադրություն դարձնել ArmPhone 0505 (ruggedized) մոդելին։ Այս հեռախոսն ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0505 մոդելն ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։
Կատարյալ դիզայն, կենդանի գույներ. ահա այն մի քանի առանձնահատկությունները, որոնք ArmPhone 0502 բջջային հեռախոսը կդարձնեն յուրաքանչյուրի ամենօրյա կյանքի անհրաժեշտ գործիքն ու անբաժանելի մասնիկը: Կրկնակի քարտով աշխատող այս հեռախոսը ոչ միայն շքեղ ընտրություն է, այլև անհրաժեշտություն սմարթ հեռախոսներ օգտագործողների համար, ովքեր գերադասում են հարմարավետության և ոճի համադրությունը:



ArmPhone 0502 մոդելն ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0502 մոդելը ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Ինչպես մնացած բոլոր վերոգրյալ մոդելները, այս հեռախոսը նույնպես ապահովում է 4G հասանելիություն։
Շուկային ներկայացված հինգերրորդ մոդելը ArmPhone 0508 մոդելն է։ Այն հարմարավետության և պարզության հիանալի համադրություն է, որը կգրավի յուրաքանչյուրի ուշադրությունը։ Android 6.0 օպերացիոն համակարգով աշխատող այս մոդելը շատ հարմար է օգտագործման տեսանկյունից՝ հաղորդակցվելու, ուսանելու, ինչպես նաև պարզապես զվարճանալու համար: ArmPhone 0508 հեռախոսն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ ArmPhone 0505 մոդելը ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է 2 սիմ քարտով և ապահովում է 3G հասանելիություն։



Հեռախոսները նախագծվել և պատրաստվել են հայազգի երիտասարդ մասնագետների կողմից։ Հավելենք, որ սպառողին ներկայացվող մոդելները համալրված են նաև հայկական բովանդակությամբ՝ Հայաստանի տեսարժան վայրերի նկարների պաստառներով և հայ անվանի կոմպոզիտորների մի շարք գործերի հիման վրա մշակված հեռախոսազանգերով։
Շնորհանդեսի ընթացքում հանրությանը մատուցվեց ևս մեկ հետաքրքիր և տպավորիչ անակնկալ պարող-ռոբոտի տեսքով․ հայկական ժողովրդական երգի ելևէջների ներքո այս խելացի ռոբոտն իր ուրույն ձևով ներկայացրեց հայկական պարը։
ArmPhone հեռախոսները հնարավոր է ձեռք բերել «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից։