Զինված խումբը պետք է գնահատի իշխանության հումանիզմը եւ հանձնվի

Զինված խումբը պետք է գնահատի իշխանության հումանիզմը եւ հանձնվի

Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ուղղված են Հայաստանի պետականության դեմ. «Նրանց գործողությունները վնասում են երկրի միջազգային վարկին, ժողովրդին,քանի որ որեւիցե քաղաքական նպատակ ու առաջարկություն չկան»։



-Պարոն Հարությունյան, խմբի տղաները շարունակում են պնդել իրենց պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, հայտարարում են, որ կմեռնեն, բայց զենքերը վայր չեն դնի, ի՞նչ քայլերի կդիմի իշխանությունը։



-Եթե մի քանի զինված մարդիկ պիտի նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնեն եւ հասնեն իրենց նպատակին, ուրեմն ամբողջ աշխարհում նույնը տեղի կունենա եւ ղեկավարները կփոխվեն առնվազն շաբաթը մեկ։ Նման պահանջներն անհիմն են։ Ցանկացած զինված խմբավորման պահանջ, որը չի ստանում հասարակության աջակցությունը, անհիմն, անմիտ, չմտածված գործողությունների արդյունք է, որը խարխլում է պետականության հիմքերը, սարսափելի թուլացնում երկրի պաշտպանունակությունը։



-Խորենացի փողոցում մարդկանց թիվն օրեցօր մեծանում է։



-Չեմ կարծում, որ այդ թիվը շատանում է, եթե մարդիկ գործողություններ են անում, բնականաբար կունենան նաեւ անմիտ աջակիցներ։ Ես հիմա Ղարաբաղից եմ խոսում ձեզ հետ եւ մոտավորապես փոխանցում եմ սահմանում ապրող, կռվող տրամադրությունը, Արցախի ամբողջ հույսը Հայաստանում է, բայց նման գործընթացները ստվեր են նետում մեզ բոլորիս վրա։ Տարածքների մասին այսօր խոսելն անմիտ է, որեւէ բանակցային գործընթաց այդ ուղղությամբ չի գնում եւ եթե քննարկվում էլ է, այնպիսի գին ենք պահանջում Ադրբեջանից, որի շուրջ կարելի է բանակցել։ Ադրբեջանը ընդհանրապես լսել չի ուզում այդ մասին։



-«Սասնա ծռերը» մինչեւ երեկո ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, որ կսկսեն անհնազանդության գործողություններ, երեկ էլ այրել են ոստիկանական մեքենա, քանի որ նրանց զրկել են հոսանքից, կապի միջոցներից, սնունդ չեն փոխանցում։ Մտահոգություն չկա՞, որ այդ անհնազանդության մասշտաբները կծավալվեն ողջ երկրում։



-Մտահոգություն միշտ էլ կա, բայց պետք է գիտակցեն, որ դա թուլացնում է պետականության հիմքերը ու բավականին առատ ջուր լցնում թշնամու ջրաղացին։



-Սերժ Սարգսյանը տարածված հայտարարությամբ ասել է, որ մենք թույլ չենք տա երկար ձգվի այս վիճակը, ո՞րն է լինելու իշխանության քայլը եւ երբ։



-Կարծում եմ, որ շատ արագ պետք է հանգուցալուծում ունենանք, ցանկացած օրը խփում է մեր միջազգային վարկին, մեր հեղինակությանը, կգա ժամանակ, որ բոլորը կհասկանան, որ այս ամբողջ զինված ավանտյուրան որեւիցե մի օգուտ չի բերում մեր պետականությանը։ Հումանիզմը, որ իշխանությունը դրսեւորում է զինված խմբի նկատմամբ, շատ յուրահատուկ է մեր ժողովրդին, կարծում եմ խումբն էլ իր հերթին պետք է դա գնահատի, զարգացումները չհասցնի արյունահեղության։