Հանրահավաքը ինքնանպատակ չէ, այն պետք է օգտագործվի փոփոխության հասնելու համար. Զարուհի Հովհաննիսյան

Հանրահավաքը ինքնանպատակ չէ, այն պետք է օգտագործվի փոփոխության հասնելու համար. Զարուհի Հովհաննիսյան

Պայթյունավտանգ իրավիճակից ելք գտնելու համար իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ստեփան Դանիելյանը եւ Արթուր Սաքունցը ստեղծել էին «Չորսի նախաձեռնություն»-ը։ Օրակարգում  ընդգրկված էր վստահության մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ քայլերը եւ կարճաժամկետ գործողությունների ծրագիրը: Դրանցում ներառված էր քաղբանտարկյալների եւ հուլիսի17-ից ի վեր բոլոր կալանավորվածների ազատ արձակում, ոստիկանության գնդապետի սպանության հանգամանքների անաչառ քննություն, կառավարության փոփոխություն եւ ժամանակավոր կառավարության ձեւավորում, ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականներ եւ այլն: Նախաձեռնության հետագա քայլերի, առաջարկների և այլնի մասին զրուցեցինք Զարուհի Հովհաննիսյանի հետ։



Նախաձեռնությանը այլ մարդիկ միացե՞լ են. «Մարդիկ անհատապես շատ են միացել, բայց հիմա խնդիրը նոր ֆորմատներ ստեղծելը և այդ գործընթացները ամբողջացնելն է, այսինքն՝ խմբերով աշխատելու, նոր տիպի մոտեցումներ մշակելու, թե ինչ փոփոխությունների պետք է գնալ և ինչպես դա ավելի լայն հանրությանը ներկայացվի։ Մենք դեռևս այդ քննարկումների փուլում ենք։ Մենք գիտենք, որ երկրում փոփոխությունները օրակարգային են, եթե չլինեն փոփոխություններ, մենք տեսանք, թե ինչ պայթյուններ կարող են լինել երկրում և դրա համար էլ հիմնեցինք և փորձեցինք մշակել որոշակի քայլերի անհրաժեշտություն, որոնք նաև հիմք կհանդիսանան արմատական փոփոխությունների համար»։



Առաջարկություններով էիք հանդես եկել, դրանցից որո՞նք են իրականցվել կամ ի՞նչ է արվում դրանց կատարման համար. «Առաջարկությունների կատարման համար անհրաժեշտ է ենթաքայլեր, այդ առաջարկություննները այն կարևոր քայլերն են, որոնց համար պետք է բավական լուրջ համախմբումներ լինեն, եթե չլինեն այդ համախմբումները, հաստատ տեսնելով գործող վարչախմբի ցինիզմը, երբևէ որեւէ բանի հնարավոր չէ հասնել»։



Ձեր առաջարկությունների մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է. օրինակ` ավելացել կամ պակասել. «Հիմա քաղբանտարկյալների հարցը ավելի խորը հիմքեր է վերցնում, որովհետեւ մենք գիտենք, թե քանի կուսակցության ներկայացուցիչներ հիմա նաև բանտարկված են, այսինքն՝ քաղբանտարկյալները շատ են»։



«Չորսի նախաձեռնության» անդամներին բեմահարթակում տեսնե՞լու ենք. Ձեր կողմից հանրահավաքներ կազմակերպելու, ելույթ ունենալու կամ այլնի միջոցով. «Հանրահավաքի համար պետք է նորմալ ձև ունենա այդ ամեն ինչը։ Իմանանք, թե ովքեր են մասնակցում, ինչ խմբեր են միացել, ինչ խմբերի համար է։ Հանրահավաքը ինքնանպատակ չէ, հանրահավաքը այն գործիքներից մեկն է, որը պետք է օգտագործվի փոփոխության հասնելու համար, իսկ թե ինչպես է արվում փոփոխությունը, դա արդեն լայն համաձայնության փաստաթուղթ է» ։