«Ժողովուրդ». Նախագահը արցախցիների կարծիքը պարզելու նպատակով էր գնացել Ստեփանակերտ

«Ժողովուրդ». Նախագահը արցախցիների կարծիքը պարզելու նպատակով էր գնացել Ստեփանակերտ

«Ժողովուրդը» գրում է. «Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված վերջին հարցազրույցի, թերեւս, ամենակարեւոր մասը այդպես էլ աննկատ մնաց: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը մեկնել էր Ստեփանակերտ: Չնայած բոլորի համար պարզ էր, որ նա գնացել է ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված Արցախի ղեկավարության դիրքորոշումը ճշտելու նպատակով, սակայն պաշտոնապես այդ հանգամանքն ամեն կերպ հերքվում էր: Այնինչ՝ Վիտալի Բալասանյանն իր վերը նշված հարցազրույցի ամենասկզբում ասում է. «Նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպում բոլոր քաղաքական ուժերի հետ, շարժման նախկին ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել՝ ինչպիսին ենք մենք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի քաղաքական լուծումը եւ ուղիները: Մենք տեսակետներ ենք հայտնել: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել հանրապետության նախագահի կողմից, ինչպիսին հնչեցվում է այսօր, իբր Սերժ Սարգսյանը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տարածքների հանձման խնդիր է դրված: Ես, որպես բավական ճանապարհ անցած մարդ, հավաստիացնում եմ բոլորին, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, հենց արցախցիների կարծիքը պարզելու նպատակով է գնացել Ստեփանակերտ, սակայն իր վերջնական որոշման մասին ոչինչ չի ասել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: