Հայաստանի մասին լուսանկարները՝ «Միասին 21-րդ դարում» միջազգային փառատոնում

Հայաստանի մասին լուսանկարները՝ «Միասին 21-րդ դարում» միջազգային փառատոնում

Հուլիսի 22-31-ը Բուլղարիայի Կամչիա քաղաքում տեղի է ունեցել «Միասին 21-րդ դարում» միջազգային ստեղծագործական հարդիպումներ փառատոնը, որտեղ մասնակցում էին ստեղծագործական խմբեր եւ անհատներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Իտալիայից, Իսրայելից, Ռումինիայից, Ուկրաինայից եւ Հայաստանից։ Մեր երկիրն առաջին անգամ այդ փառատոնում ներկայացրել են «Հայ լուսանկարիչների ասոցիացիայի» անդամ, լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի երաժշտական ստուդիայի ղեկավար, Նարեկացի արվեստի միության «Նարեկ» երգչախմբի գեղղեկավար եւ խմբավար Նարինե Դավթյանը եւ պատանի ջութակահար, Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի սան Արայիկ Գասպարյանը։



Արդեն 8-րդ տարին կազմակերպվող փառատոնը ոչ միայն լավ առիթ է երկիրը ներկայացնելու, այլ նաեւ փորձի փոխանակման առումով։ Այսպես, օրինակ, հայկական կողմից խմբավար Նարինե Դավթյանը մոլդովական «Ռապսոդիա» երգչախմբին և այլ երկրներից մի խումբ երաժշտասերների համար վարպետաց դաս է անցկացրել, ներկայացրել է  մեր ազգային մշակույթը, սովորեցրել Կոմիտասի աշխարհիկ խմբերգերից մի քանիսը: Ինչպես նաև ինքն է մասնակցել այլ խմբավարների անցկացրած վարպետաց դասերին, ինչը հիանալի հնարավորություն է եղել ոչ միայն քո մշակույթը ներկայացնելու համար, նաեւ այլ ազգերի մշակույթին ծանոթանալու: Պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանը ևս մասնակցել է այդ վարպետաց դասերին, երգչախմբի հետ նվագել Կոմիտաս: Իսկ ամենաուրախալին «Զվյոզդի Կամչի» և «Միասին 21-րդ դարում» մրցույթ-փառատոնների ժամանակ առաջին տեղը նվաճելն էր:



Լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանն էլ հանդես է եկել «Իմ Հայաստան» անհատական լուսանկարչական ցուցահանդեսով։ Սա Էդգարի առաջին միջազգային անհատական ցուցահանդեսն էր, որը, նկարչի խոսքով, մեծ փորձառություն էր իր համար. «Ի սկզբանե ես ուզում էի դիմանկարների ցուցահանդես լիներ, բայց իրենք խնդրեցին Հայաստանը ներկայացնող լուսանկարներ տանել, ու, հասկանալով, որ Հայաստանը 25, 50 կամ 100 լուսանկարով շատ դժվար է ներկայացնել, ես որոշեցի տեղավորվել 25 լուսանկարի մեջ, որոնց մեջ կային եկեղեցիներ, խաչքար, ծիսական ավանդույթներ, դիմանկարներ։ Ես ուզում էի պատմել մարդկանց Հայաստանի մասին, ինչքան շատ մարդ իմանա Հայաստանի մասին, այդքան ավելի լավ»։



Էդգար Մարտիրոսյանն իր խոսքում նշում է՝ երկիրը մարդկանցով է ճանաչվում ու իր մշակույթով. «Այն, որ իրենց մոտ արվեստը գնահատվում է, եւ փորձեր են անում արվեստը բարձր մակարդակի հասցնելու եւ ներկայացնելու համար, դա հաստատ է։ Ֆոտոն նույնպես իրենց հետաքրքրում է, մարդիկ սիրում են լուսանկարվել, ու երբ ուզում ես նկարել, ոչ մի խոչընդոտ չկա, քեզնից չի պահանջվում ոչ մի ջանք գործադրել»։



Էդգարն ունեցել է մի շարք խմբակային ցուցահանդեսներ, այդ թվում՝ Բելառուսում անցկացված «Արեւելյան գործընկերության իմ երկիրը» ցուցահանդեսի շրջանակներում։ Խոսելով միջազգային ցուցահանդեսների առանձնահատկություններից՝ նա նախեւառաջ նկատում է. «Երբ Հայաստանում ցուցահանդես են անում, կարող է այդ ֆոտոն իրենց համար ընդհանրապես էական չլինել, ուղղակի գնում են՝ մարդուն հարգելով, նրան ճանաչելով։ Ի տարբերություն դրան, դրսում քեզ ոչ ոք չի ճանաչում, երբ դու բարձրանում ես բեմ, քո նկարը ցուցադրում ես, լավին ասում են՝ լավն է, վատին՝ վատն է։ Իմ ցուցահանդեսի ամենակարեւոր պահերից մեկն այն էր, որ վերջում մի երեխա նկարներս ուշադիր նայելուց հետո հասավ ինձ ու փաթաթվեց, ասելով՝ ի՜նչ լավ եք նկարում»։



Լուսանկարիչը վստահ է՝ նմանօրինակ փառատոները մեծ հարթակ են թե փորձի փոխանակման, թե նոր ստեղծագործական կապերի համար. «Պարտադիր չէ, որ լուսանկարիչը լուսանկարչի հետ շփվելով փորձ ձեռք բերի, լուսանկարչությունը միայն տեխնիկական կատարումը չէ, այն իր մեջ ներառում է շատ ուրիշ տարրեր՝ հոգեբանությունից մինչեւ երաժշտություն։ Տարբեր ոլորտի մարդկանց հետ շփվելով՝ քո աշխարհայացքն ինչ-որ ձեւ փոխվում է, ու դու սկսում ես այլ կերպ մտածել։ Այդ շփումը, փորձի փոխանակումն անպայման մի դրական փոփոխություն կտան ստեղծագործելու համար։ Ուզում եմ նաեւ աջակցության համար շնորհակալություն հայտնել «Կամչիա առողջարանի» տնօրեն Ստանկա Շոպովային, փառատոնի գեղ. ղեկավար Նատալյա Բարաբանշիկովային, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, դասախոս Ստեփան Միքայելյանին, Տերյան Մշակութային կենտրոնին»։