Քննչական բաժինն ուսումնասիրում է մարզային գրադարանի տնօրենի մրցույթի հանգամանքները

Քննչական բաժինն ուսումնասիրում է մարզային գրադարանի տնօրենի մրցույթի հանգամանքները

Օգոստոսի 19-ին նյութ էինք հրապարակել՝ «Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ոչ թե մրցույթ, այլ՝ ներկայացում» վերնագրով, որտեղ գրել էինք, որ Լոռու մարզային գրադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար նախարարությունում մրցույթ էր տեղի ունեցել, որից ընդամենը րոպեներ առաջ հանձնաժողովը մրցույթի մասնակիցներից մեկին՝ գրադարանի երկարամյա աշխատակից Սվետա Խաչիկյանին, չէր թույլատրել մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով ստաժի հետ կապված որոշ թյուրիմացություններ։ Մինչդեռ, Խաչիկյանի պնդմամբ, խնդիրն ամենեւին էլ իր ստաժը չի եղել, այլ այն, որ հերթական անգամ իրենց ուզած թեկնածուին են անցկացրել՝ Կարինե Հակոբյանին, որը Մանկավարժական համալսարանի Լոռու մասնաճյուղի ռեկտորի գործավարուհին է, նաեւ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի քրոջ դուստրը։



Ինչպես տեղեկացանք, դատախազության հանձնարարականով քննչական բաժինն արձագանքել է տեղի ունեցածին, եւ հոդվածի հրապարակումից մի քանի օր անց կապվել ու հարցաքննել են Սվետա Խաչիկյանին։ «Ես իրենց ոչ դիմել եմ, ոչ ասել, ուղղակի ասացին՝ քանի որ թերթում հոդված է եղել, դատախազի հանձնարարությամբ ուզում են այդ փաստն ուսումնասիրել՝ պաշտոնական դիրքի չարաշահում հոդվածի տակ»,-ասաց Խաչիկյանը, որը քննիչին ներկայացրել է թե իր մեթոդիստի ստաժը, թե կառավարության որոշումը, ավելին՝ 2 օր առաջ Սվետա Խաչիկյանից իր աշխատանքային գրքույկի պատճենն են ուզել, որը եւս նա ուղարկել է քննիչ Արմեն Ոսկանյանին. «Ես գրել եմ, թե ինչ հիմքով ինձ չեն թողել մասնակցել մրցույթին։ Ասացին, որ 10 օր ժամանակ կպահանջվի, նյութերը կհավաքեն, հետո տեղյակ կպահեն, թե ինչ արդյունք կա, հիմա հետաքննության պրոցեսում է գործը»։



Քննիչ Արմեն Ոսկանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ ընթացքի մեջ է նախաքննությունը։ Բավարար ապացույցներ կա՞ն քրեական գործ հարուցելու, թե՞ ոչ։ Ի՞նչ վկաներ են ներգրավված այս գործի շրջանակներում, բոլո՞րն են ցուցմունք տվել (հատկապես, որ տեղյակ ենք՝ նախարարության ներկայացուցիչը նույնպես հարցաքննվել է)։ Սակայն քննիչը նախընտրեց մեր հարցերին պատասխանել ոչ թե էլեկտրոնային, այլ քաղաքային փոստով։



Ի դեպ, դեռ հոդվածը հրապարակելու օրը մշակույթի նախարարությունից պարզաբանում էինք խնդրել, թե ինչ հիմքերով թույլ չեն տվել Սվետա Խաչիկյանին մասնակցել մրցույթին, երբ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կցված են եղել նրա գործին։ 11 օր անց, ի վերջո, նախարարությունը ձեւակերպեց եւ ուղարկեց իր պատասխանը. «Մրցույթի անցկացման օրը նախապատրաստական աշխատանքներ իրականացնող հանձնաժողովն աշխատակազմից ստանում է մասնակցության հայտ ներկայացրած անձանց փաստաթղթերը, ուսումնասիրում դրանք մինչեւ թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում եւ, կարգի 18-րդ կետի համաձայն, կայացնում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու որոշում: Որոշման 9-րդ կետի եւ կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ տնօրենի ընտրության համար պարտադիր պայմաններից մեկն է համարվում կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջը: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պարզաբանումը՝ մրցութային հանձնաժողովը կայացրել է «Սվետա Խաչիկյանին մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին» որոշում, քանի որ վերջինս չունի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»։



Նշենք միայն, որ մրցույթում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով Սվետա Խաչիկյանը նամակ էր գրել նաեւ հակակոռուպցիոն հանձնաժողովին, իսկ թե ինչ որոշում կկայացնի այս գործով քննչական բաժինը, պարզ կդառնա առաջիկայում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ