Փոփոխության հիմնավոր պատճառաբանություն չլսեցինք

Փոփոխության հիմնավոր պատճառաբանություն չլսեցինք

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը չի ցանկանում Սերժ Սարգսյանի ելույթը գնահատել. «Կլինի՞ որեւէ ծրագիր՝ թե ինչ են անում, կգնահատեմ։ Ցանկացած ելույթում լսել եմ հեղափոխական բարեփոխումներ, բայց արվել է այն, ինչ ունենք այսօր։ Կհայտարարվի՞ ծրագիրը, քայլերի հաջորդականությունը, կկարողանամ գնահատել»։ Մարգարյանի կարծիքով՝ նոր Սահմանադրությունը չէր պարտադրում վարչապետ փոխել. «Ես, ճիշտն ասած, Հովիկ Աբրահամյանի փոփոխության հիմնավոր պատճառաբանություն չեմ լսել, որեւէ մեկը չի ասել, որ այս գործը տապալվել է, նա լավ չի արել։ Վարչապետի փոփոխությունը նախարարի աշխատակցի փոփոխություն չէ, արժե, որ հիմնավոր ասվեր՝ ինչու փոխեցին։ Սա իմ համար անհասկանալի է, եթե չասեմ՝ անընդունելի։ Գուցե վատ է աշխատել, գուցե ինչ-որ բան տապալել է, սրանց մասին պետք է հիմնավորել։ Պետք է հիմնավորվի՝ որտեղ կա նոր դեմքերի, մոտեցումների անհրաժեշտություն, ոնց է առաջացել, ինչու հները չեն բավարարել։ Ի վերջո, վարչապետով չի որոշվում Հայաստանի ներկայիս վիճակը, դրա համար պատասխանատու է քաղաքական ղեկավարությունն ամբողջությամբ։ Վարչապետը մեծ ինքնուրույնություն չունեցող պաշտոնյա չէ, ու եթե վիճակը վատ է, նշանակում է վատ է ամբողջ քաղաքական իշխանությունը, եթե փոփոխության խնդիր կա, ուրեմն կա բոլորի համար»։



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հեգնեց. «Պատը քանդելը պրծանք, հիմա անցել ենք վճռորոշ ժամանակների՞, երբ որ պատը կքանդենք, նոր կխոսենք դրա մասին»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, ի թիվս այլ խոստումների, հասարակության մեջ «չհասկացվածության պատը» քանդելու խոստում էր տվել։ Արմեն Մարտիրոսյանը փոփոխությունները պայմանավորում է առաջիկա ընտրություններով եւ աշխարհաքաղաքական գործոններով. «Ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» գործողությունները, հասարակության աջակցությունը վերջինի քաղաքական պահանջներին, եւ ակնհայտ է, որ այդ գործողությունների հետեւանքով ստեղծվեց մի իրավիճակ, որը խնդրահարույց էր եւ իշխանությունների, եւ Ռուսաստանի համար։ Ակնհայտ դարձավ, որ հասարակությունը տանել չի կարողանում իշխանություններին, իշխանություններին էլ այլ բան չմնաց, քան հակամարդկային ձեւով ջարդի ենթարկել մեր քաղաքացիներին, ուստի վերարտադրվելու եւ ընտրությունները կեղծելու համար իշխանությանը հարկավոր էր գոնե մինչեւ խորհրդարանական ընտրություններ հասնել, ինչն էլ փորձում են անել այս փոփոխություններով՝ կարծելով, թե կլիցքաթափեն դժգոհությունը»։ Մարտիրոսյանի խոսքով, Մոսկվան էլ վերջին իրադարձություններից հասկացավ հակառուսական տրամադրությունների դոմինանտությունը ու փորձում է իր «մարդուն» ուղարկել Հայաստան՝ փորձելով վերահսկել իրավիճակը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ