Ավելի քիչ՝ դրամատիկ, ավելի շատ՝ լակոնիկ

Ավելի քիչ՝ դրամատիկ, ավելի շատ՝ լակոնիկ

Երեկ Ազգային ժողովում խմբակցությունների հետ էր հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը։ Խմբակցությունների հետ հանդիպումը հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, ինչպես ներկայացրեց ինքը։ Լրագրողների հետ ճեպազրույցները նույնպես ճանաչողական էին, քանզի երիտասարդ դատախազը, իրականում, մամուլին անհայտ պաշտոնյա է։



Գեւորգ Կոստանյանին՝ իր ողջ «հմայքով», մամուլը հասցրեց ճանաչել։ Իսկ Արթուր Դավթյանը, որն ընդամենը մեկ տարով է երիտասարդ Գեւորգ Կոստանյանից (38 տ.), իր նախկին ղեկավարի հետ որոշ նմանություններ ունի։ Օրինակ՝ նա էլ, Կոստանյանի նման, թավ հոնքեր ունի՝ գուցե մի քիչ դրամատիզմով լի, բայց դրանց տակ չկա այն իրական, ամբիցիոզ դրամատիզմը, որ նշմարվում էր Կոստանյանի խստադեմ հայացքի ներքո։



Դավթյանի երիտասարդ դիմագծերում ավելի շատ ռոմանտիզմն է գերիշխում։ Լավ է դա, թե վատ եւ ինչպես կանդրադառնա նրա դատախազական գործունեության վրա, ցույց կտա ժամանակը։ Բացի այդ՝ նախկին դատախազն աչքի էր ընկնում ակտիվ ժեստիկուլյացիայով, խրոխտ ու բոցաշունչ ելույթներով, կարող էր հստակ ձեւակերպված հարցի շուրջ ժամերով խոսել ու ոչինչ չասել։ Նա կարողանում էր թեման ցրել՝ լղոզված պատասխաններով։ Իսկ նրա տեղակալն իր տեսակետը պարզ ու լակոնիկ է ձեւակերպում, թեկուզ այն ընդունելի չլինի հասարակության կողմից։ Գումարած՝ շատ ավելի խաղաղ է պատասխանում հարցերին։ Օրինակ՝ երեկ, անդրադառնալով քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին, դատախազի թեկնածուն ասաց, որ նման ձերբակալումներ չունենք Հայաստանում, ձերբակալումները բացառապես քրեական օրենքների հիման վրա են։ Այսինքն՝ պնդում է, որ մենք ՀՀ-ում քաղբանտարկյալ չունե՞նք։ «Իհարկե, պնդում եմ, մենք քաղբանտարկյալ Հայաստանում չունենք»։ 



Կոստանյանի անսպասելի հրաժարականի դրդապատճառների մասով էլ ասաց, որ դրանք բացառապես առողջական խնդիրներով էին պայմանավորված, եւ առաջարկեց առողջություն մաղթել պարոն Կոստանյանին, որն այնքան առողջ է, որ պատրաստվում է մոտ ժամանակներում ստանձնել Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը։



Իսկ ինչպե՞ս է պատրաստվում վերականգնել հասարակության վստահությունը դատախազության եւ դատական համակարգի հանդեպ։ Արթուր Դավթյանը համարեց, որ վերականգնելու խնդիր չկա. «Չեմ կարծում, թե վերականգնել ասվածը ճիշտ է, կարելի է խոսել վստահության ավելի բարձրացման մասին։ Կարծում եմ, որ այդ վստահության բարձրացման ուղղությամբ քայլեր, որոնք որ հենց մոտ ապագայում կարող են իրականացվել, դա լինելու է մեր աշխատանքի ավելի հրապարակային դարձնելը, մեր գործունեության առանձին ուղղություններով որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին օրենքով թույլատրելի սահմաններում ավելի ներգրավվածություն ապահովելը»։



- Նախորդ դատախազն էլ էր նման խոստումներ տալիս, ավելի ճոխ բառերով, բայց հասարակությունը գոհ չէր, մարդիկ տեսնում էին, որ մի ձու գողացողին տանում նստեցնում են, իսկ լուրջ հանցանքներ գործողներին՝ արդարացնում, ինչն անարդարության մթնոլորտ է ձեւավորում հասարակության մեջ։



- Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ օրինակներ նկատի ունեք Դուք էսպիսի համամասնության կամ հարաբերակցության մասով, բայց նախորդ դատախազն էլ, բնականաբար, այս ուղղությամբ լուրջ ջանքեր գործադրել է, այս տեսակ ջանքերի գործադրումը մշտական է։ Իրականացվել է աշխատանք, հիմա ես կփորձեմ այդ աշխատանքն ավելի կատարելագործել, գտնել ուղիներ, որոնք ավելի արագ կբերեն համապատասխան ցանկալի արդյունքի։



- Նախորդ դատախազի օրոք մամուլը շատ էր գրում, որ նա խնդիրներ ուներ տարբեր ուժային կառույցների հետ՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ, որոնց ղեկավարներն ավելի ավագ սերնդի դեմքեր էին։ Դուք ինչպե՞ս եք այդ խնդիրները հարթելու եւ ինչպե՞ս եք փոխհարաբերվելու նրանց հետ։



- Փոխհարաբերվելու եմ բացառապես օրենքով սահմանված կարգով, իսկ օրենքը տալիս է դատախազին այդ ղեկավար դիրքը՝ Ձեր կողմից նշված պետական մարմինների հետ հարաբերություններում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ