«Ժողովուրդ». Իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտ հույս ներշնչելն է

«Ժողովուրդ». Իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտ հույս ներշնչելն է

«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության կազմի փոփոխության շուրջ քննարկումները շարունակվում են, եւ հիմնական հարցը, որ բոլորը փորձում են պարզել, այն է, թե ինչ իմաստ ուներ ԱԺ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել: Ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ վարկածների, գոյություն ունի նաեւ սոցիալական պատճառաբանություն, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կառավարության մասնագետները քննարկում են ներքին օգտագործման համար իրականացված հաշվարկների շրջանակներում: Ըստ այդմ, այս տարվա դեկտեմբերից սկսած Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում սոցիալական վիճակը կտրուկ սրվելու է: Այսինքն՝ Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերի բնակչության մի զգալի մասը նույնիսկ տարական հացի խնդիր կարող է ունենալ: Երբ այս կանխատեսումներն ամփոփվել են, ակնհայտ է դարձել, որ իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտ հույս ներշնչելն է, որպեսզի դրա արդյունքում տնտեսությունը մի փոքր գոնե աշխուժանա: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրը լինելու է ձմռան ամիսներին Հայաստանի հատկապես հեռավոր լեռնային գյուղերում բնակչության սովի մատնվելու երեւույթները կանխելը: Եթե այդ խնդիրը հաջողվի լուծել, ապա գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սոցիալական վիճակը որոշակիորեն կթեթեւանա: Հայտնի է, որ ընտրությունների շրջանում Հայաստանում հսկայական գումարներ են շրջանառվում, ինչը թույլ կտա առնվազն մեկ տարվա կտրվածքով սոցիալական լարվածությունը մեղմել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: