Հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրություն Վարշավայում

Հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրություն Վարշավայում

Սեպտեմբերի 14-ին ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի կողմից՝ Լյուբլինի Սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:



Ցուցադրությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի և դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:



Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է հայկական գորգագործության ավանդույթներին, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկություններին:



Վարշավայում բնակվող հայազգի պարուհի Գայանե Կալեմդարյանը և երգչուհի Սոնա Մաթևոսյանը իրենց կատարումներով ցուցադրության մասնակիցներին ներկայացրել են նաև հայկական ժողովրդական պարարվեստը ու երգարվեստը: