Կայացավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման ամենամյա հանդիսավոր արարողությունը

Կայացավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման ամենամյա հանդիսավոր արարողությունը

«Երդվում եմ» արտահայտությունը երեկ հնչում էր ոչ թե զինվորական, այլ ուսանողական շարքից: ԵՊՀ-ում մայր բուհի մեծարման և առաջին կուրսեցիների երդման ամենամյա հանդիսավոր արարողությունն է: Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհավորանքի խոսքով: Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ ռեկտորը կոչ արեց առաջին կուրսեցիներին արժանավայել ու արժանապատիվ կրել համալսարանականի բարձր անունը: «Հավատարի՛մ մնացեք ձեր երդմանը, սիրելի՛ առաջին կուրսեցիներ: Ձեզ բարի երթ»:



Ողջույնի խոսքից հետո, ԵՊՀ ռեկտորը պարգևատրեց այն 16 քաջարի համալսարանականներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին իրենց ներդրում ունեցան մեր մարտիկների օգնության գործում: Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով առաջին կուրսեցիներին շնորհավորեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: Առաջին կուրսի ուսանողների ոգևորությունն ավելի մեծացավ, երբ նրանց իր շնորհավորական խոսքը հղեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը: Երգչուհու խոսքով՝ անկախության սերունդը պետք է ավելիին ձգտի սովորելու և զարգանալու գործում:



Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի առաջին կուրսեցիների մուտքը համալսարան հանդիսավոր կազմակերպելու համար ամեն տարի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենում «ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողություն»: Այն կազմակերպվում է ԵՊՀ ռեկտորատի և ուսանողական կազմակերպությունների կողմից ամեն նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում: Միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորը ողջունում է առաջին կուրսեցիներին, տեղի է ունենում երդման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև լինում է համերգային մաս: