Վանաձորում կրքերը թեժանում են

Վանաձորում կրքերը թեժանում են

Վանաձորում ավագանու ընտրություններին ընդառաջ կրքերը թեժանում են։ Երեկ ահազանգ ստացանք Տավրոս թաղամասից, որը հին անվանումով կոչվում է Ղշլաղ։ Այս թաղի կենտրոնական հատվածում՝ գյուղամիջում, «Լուսավոր Հայաստանը» նախընտրական շտաբ է բացել։ Բանն այն է, որ սա քաղաքապետ Դարբինյանի եւ նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի թաղն է, որտեղ մեծ շրջապատ ունի վերջինիս որդին՝ Արման Դարբինյանը։ Վանաձորում նա ավելի շատ հայտնի է «Քաղցրիկ» մականունով։



Կարելի է ասել, որ նա քրեական հեղինակություն է․ 2007-ին ձերբակալվել էր Վանաձորի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով, եւ ոստիկանները նրա մոտ նույնիսկ փամփուշտներ էին գտել։ Քացրիկի հարազատները ժխտում էին նրա առնչությունն այդ գործին։ 2012 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ անգամ խոսակցություններ կային, որ ՀՀԿ-ն կսատարի Քաղցրիկին, բայց կրկին պաշտպանեց Դարբինյանին, եւ Քաղցրիկը շարունակեց մնալ որպես իշխանական հուսալի ռեսուրս։ Պատմում են, որ նա արդեն սկսել է իր գործունեությունը՝ ի նպաստ սիրելի հորեղբոր։



Թաղի բնակիչները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ օրերս վեճ է եղել Քաղցրիկի եւ «Լուսավոր Հայաստանի» տղաների միջեւ։ Թեման հետեւյալն է եղել. «Դուք ո՞վ եք, որ գաք՝ էս թաղում շտաբ դնեք»։ Քաղցրիկի թիմակիցներն անգամ կարգախոս են տարածել. «Մեր սիրուն, գողական քաղաքը չենք թողնի բ...-ական դարձնել»։ Բ...-ական են համարվում քաղհասարակության եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը, որոնք այս ՏԻՄ ընտրությունների շրջանում հատկապես ակտուալ են։ Կին ակտիվիստների համար էլ թաղի խուժանը համապատասխան վիրավորական արտահայտություն է գտել՝ «դուրս ընկած» կամ փչացած, որը գավառական քաղաքներում կարող է անգամ արցունքների պատճառ դառնալ։ 



«Մարդկանց հետ հանդիպում են, հորդորում են, որ անձին ընտրեն։ Դուք անձ եք ընտրում, ոչ թե կուսակցությունը, Մամիկոն Ասլանյանին։ Պետական կառույցների աշխատողներին էլ ասել են՝ կընտրես, մի հատ էլ կլուսանկարես, կգաս՝ ինձ ցույց կտաս, եթե հեռախոս չունես, մենք այդ տարածքում կլինենք, քեզ հեռախոս կտանք»,- պատմում է «Հրապարակի» զրուցակիցը Ղշլաղ թաղամասից։ ՀՀԿ եւ մյուս ոչ ընդդիմադիրների ցուցակների մեծ մասը հիմնարկների տնօրեններ են, պետական ծառայողներ, գործատուներ։



Ըստ վանաձորցիների, սա հատուկ է արվել եւ ընտրությունն ուղղորդելու լրացուցիչ լծակ է լինելու։ «Դուք գիտեք, որ Վանաձորում մեծ արտագաղթ կա, մնացել են այն մարդիկ, որոնք պետական կառույցներում են աշխատում՝ պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, կրթական համակարգում եւ այլն։ Նրանք վախենում են գործը կորցնեն, ասում են՝ հասկանում եմ, որ պետք է սրանք գնան, բայց ինձ կերակրողն աշխատում է այդտեղ»,-ասում է մեր զրուցակիցը՝ խնդրելով անունը չհրապարակել, թեեւ ինքը պետական համակարգի հետ գործ չունի եւ աշխատում է ՀԿ սեկտորում։



Ասում են՝ «լուսավորներից» մեկին անգամ ստիպել են պոկել իր իսկ փակցրած գովազդային պաստառը։ Այս մասին «լուսավորները» չեն բարձրաձայնում, եւ անգամ կուսակցության մամուլի ծառայությունում տեղեկություն չկա, թե ինչ ահուսարսափի մթնոլորտում է անցնում քարոզչությունը։



«Այս պահին տեղեկություն չունեք, մեզ ոչ ոք չի կարող ճնշել»,- պատասխանեց մեզ կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը, որն այս խառը շրջանում Երեւանում է, ոչ թե Վանաձորում, եւ այստեղից է կատարում իր պարտականությունները։ Մենք զանգահարեցինք Քաղցրիկին՝ ճշտելու նրա անվան շուրջ պտտվող տեղեկությունները, բայց նա հրաժարվեց խոսել։ Քաղցրիկը մեկ րոպեում միմյանց հակասող չորս պատճառաբանություն բերեց, թե ինչու չի ցանկանում խոսել։



1. «Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում, եկեք Վանաձոր՝ կզրուցենք»։
2. «Ճիշտ հասցեով չեք ինձ դիմում»։
3. «Քարոզարշավը ոնց ա գնում, ինձ չի վերաբերվում»։
4. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ