Աշտարակի ոստիկանապետը խոստանում է պատժել

Աշտարակի ոստիկանապետը խոստանում է պատժել

Աշտարակում այս կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են։ Համայնքի ղեկավարի աթոռին հավակնում է չորս թեկնածու՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը, ԲՀԿ-ից առաջադրված 27-ամյա գործարար Արշալույս Մեժլումյանը, 27-ամյա մեկ այլ երիտասարդ՝ Աշտարակի ավագանու անդամ, գործարար Թովմաս Շահվերդյանն ու կրկին գործարար, նախորդ ընտրություններում առաջադրված եւ փոքր տարբերությամբ պարտված Ռազմիկ Տերտերյանը։



Ասում են՝ հիմնական մրցակցությունն ընթանալու է գործարարների միջեւ, որոնք փող ունեն, հատկապես վերջին երկուսը։ Եվ արդեն իսկ լուրեր են տարածվում, որ ինչ-որ մարդիկ են այցելում Աշտարակի բնակիչների տները, ցուցակագրում, հաշիվ-հաշվարկ անում։ Չի բացառվում, որ ավանդական դարձած «փող բաժանելու» համար է այս ցուցակագրումը։



Ինչպես հայտնի է, Հայաստանում «ազնիվ ու արդար» ընտրությունների քողի տակ տարիներ շարունակ ունեւոր թեկնածուներն իրենց քվեն ապահովում են հիմնականում հենց փողի հաշվին՝ ընտրողներին փող բաժանելով, որն ընտրակաշառքի տեսակ է, կամ այլ ֆինանսական օգնություններ ցուցաբերելով։ Եվ ոստիկանությունն էլ, երբ ասում ես՝ նման խոսակցություններ կան, որ ընտրակաշառք են բաժանում, չքմեղանում են, թե մենք ոչ մի բանից տեղյակ չենք, եթե փաստեր ունեք՝ ներկայացրեք։



Աշտարակում եւս հիմա այս իմաստով լուրջ մտահոգություն ու շշուկներ կան, որ ընտրությունների նախօրյակին հնարավոր է թեկնածուներից ոմանք փորձեն փող բաժանել քվեների դիմաց, քանզի փողի առումով այս թեկնածուներից ոչ մեկն իրականում խնդիր չունի։ Մինչդեռ աշտարակցիները ցանկանում են, որ այս անգամ գոնե իրենց քաղաքապետն ընտրվի ազնիվ ու արդար պայքարում, քանզի իշխանություններն այստեղ դաշտն ազատ են թողել, ոչ մեկին չեն սատարում։ Ուստի Աշտարակում ուզում են, որ վերջապես գաղափարի ու ծրագրի պայքար ընթանա, ոչ թե փողի ու նյութական ռեսուրսների կամ նմանատիպ սին խոստումների։



Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում ստանդարտ պատասխաններ տվեց. «Եթե ունեք այդպիսի փաստեր կամ ինչ-որ մեկը, ապա եկեք տվեք հայտարարություն, մենք կզբաղվենք։ Դա մեր սուրբ պարտականությունն է։ Մենք շարժվելու ենք միայն օրենքով, եթե ունեք այդպիսի փաստեր, ուղղակի խնդրում եմ՝ մոտեցեք եւ այդ փաստերով մեզ տվեք հայտարարություններ, մենք շատ արագ կզբաղվենք դրանով»։



Երբ նշեցինք, որ առայժմ միայն խոսակցություններ ենք լսել, իսկ փաստեր ձեռք բերելն իրենց գործն է, ոստիկանապետը փառք տվեց Աստծուն, որ դա միայն խոսակցությունների մակարդակով է. «Որովհետեւ մենք այնպիսի լուրջ հսկողություն ենք իրականացնում, որ ընտրական ողջ գործընթացն անցնի օրենքով, օրինականության սահմաններում»։



Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի համաձայն՝ ընտրողի կողմից թեկնածուներից կաշառք ստանալը կամ պահանջելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Իսկ ընտրողին թեկնածուների կողմից կաշառք տրամադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:



Նշենք նաեւ, որ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ