Ինձ պարտադրել չի եղել, արել ենք էն, ինչը ճիշտ ենք գտել

Ինձ պարտադրել չի եղել, արել ենք էն, ինչը ճիշտ ենք գտել

Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը Գյումրու ընտրություններում սատարելու է երբեմնի հակառակորդ Սամվել Բալասանյանին։ Հիմա Բալասանյանի ցուցակում ընդգրկվել են իր մարդիկ, դրա դիմաց նա մանդատ կստանա 2017-ի խորհրդարանում։ Սակայն Մարտուն Գրիգորյանն այլ բացատրություն ունի, թե ինչու է պաշտպանելու Սամվել Բալասանյանին։



- Իմ համար կարեւորն աշխատանքն է, իսկ Գյումրի քաղաքում բավականին լուրջ աշխատանք է կատարվել ինձ համար եւ գյումրեցիների համար։ Ամենացավոտ խնդիրը երկրորդական փողոցների խնդիրն է, իսկ փողոցաշինությունը լուրջ թափ է առել, այնպես որ՝ ես կողմնակից եմ կոնկրետ աշխատանքին։ Էդ աշխատանքն անում է գործող քաղաքապետը, եւ այս պահի դրությամբ քաղաքում ավելորդ լարվածություն ստեղծել, իրավիճակ փոխել, ես կարծում եմ, որ իմաստ չկա։ 2008 թվականին մասնակցել եմ քաղաքապետի ընտրություններին՝ կոնկրետ լուրջ խնդիրներ տեսնելով, այսինքն՝ առաջադրումն ինքնանպատակ չէ, հիմա չեմ առաջադրել, քանի որ գործող քաղաքապետը չորս տարի աշխատել է, եւ ես գտնում եմ, որ քաղաքապետի յուրաքանչյուր փոփոխություն քաղաքին 1-2 տարով հետ է գցում, նույն գործող քաղաքապետը, ես գտնում եմ, որ առաջին 1-2 տարին լուրջ խնդիրներով է առաջ գնացել, մինչեւ հարմարվել է։ Հիմա էլ ուրիշ քաղաքապետի գալը, բնականաբար, 1-2 տարով քաղաքը հետ է գցելու, մինչեւ տվյալ քաղաքապետը մտնի հունի մեջ ու նոր սկսի։



- Իսկ հնարավո՞ր է, որպես պատգամավոր, հարց բարձրացնեք, որ Սամվել Բալասանյանը հավերժ քաղաքապետ աշխատի, որպեսզի Գյումրին հետ չընկնի։



- Բնականաբար՝ չէ, հավերժ կառավարելուն ես դեմ եմ՝ ում տարբերակով կուզե լինի, բայց, ամեն դեպքում, առաջիկա չորս տարվա աշխատանքը Գյումրի քաղաքին օգուտ կբերի, նամանավանդ, որ ես, որպես պատգամավոր՝ իմ տեղում, քաղաքապետը՝ իր տեղում, պատրաստ ենք հանուն քաղաքի մեր ծրագրերը համատեղենք, իրար օգտակար լինենք ու փորձենք քաղաքին օգտակար լինել, մանավանդ, որ 24 մլն. եվրոյի խնդիր կա, որ պետք է գա Գյումրի քաղաք։ Գործող քաղաքապետն այդ ամենից շատ լավ տեղյակ է, իրենց ծրագիրն է, իրենց նախաձեռնությունը, եւ լավ կլինի, որ նա մնա եւ ի նպաստ քաղաքի աշխատի։



- Մինչեւ վերջերս ոխերիմ հակառակորդներ էիք, չէիք թաքցնում, որ հավակնում եք քաղաքապետի պաշտոնին, երբվանի՞ց նկատեցիք, որ Բալասանյանը նորմալ աշխատում է, ու պետք չէ առաջադրվել։



- Չի եղել մեր մեջ, որ ոխերիմ հակառակորդներ լինենք, չի եղել, որ ես հարցազրույց տամ եւ չասեմ, որ պատրաստ ենք կանգնել քաղաքային եւ մարզային իշխանությունների կողքին։ Նույնիսկ ԱԺ հայտարարությունների, հարցուպատասխանի ժամին ես ի շահ քաղաքի եմ գործել, բարձրաձայնել եմ քաղաքի խնդիրներն ու ասել, որ քաղաքապետով միայն խնդիրները չեն լուծվելու։



- Իսկ ապագայում ի՞նչ եք անելու, քաղաքական կարիերան ո՞ր ուժի հետ եք կապում։



- Դեռ ժամանակ կա, կմտածենք՝ կորոշենք։



- Ասում են՝ Ձեզ պարտադրել են աշխատել Բալասանյանի օգտին, դրա դիմաց Ձեզ կտանեն ԱԺ։



- Պարտադրե՞լ, 10 տարիների ընթացքում բոլորդ էլ լավ գիտեք, որ ինձ պարտադրել չի եղել, Գյումրիում մենք մեր թիմով արել ենք այն, ինչը ճիշտ ենք գտել։ Եթե ես էսօր սատարում եմ, բնականաբար, կխոսվի, որ ինձ բան են խոսք տվել, իսկ եթե չսատարեի, պիտի ասեին՝ ոչինչ խոսք չեն տվել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ