Կարեն Կարապետյանը արևմտամետների կուռքն է դառնում

Կարեն Կարապետյանը արևմտամետների կուռքն է դառնում

Նորանշանակ վարչապետը շատ արագ ռեյտինգ է հավաքում: Այսօր արդեն Tert.am-ում նրա գովքն էր անում մեր կարկառուն արևմտամետ գործիչներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանը:



Նա ոչինչ չի խնայել Կարապետյանին ամենադրական գույների մեջ ներկայացնելու համար: Կարեն Կարապետյանի կառավարության գալով հայ օլիգարխիան թուլանում է, Կարեն Կարապետյանը որևէ կլանի մեջ չկա, Կարեն Կարապետյանն ու իր կադրերը անկախ-ազատ են... Ու եթե հավատանք Ստյոպա Սաֆարյանին՝ Կարեն Կարապետյանը սուրբ է, որ մեր մութ աշխարհն է մտել:



Ես ուզում եմ հավատալ Ստյոպա Սաֆարյանին, բայց չեմ կարողանում, որովհետև նա դեռ երեկ կախված էր ՌԴ դեսպանատան ճաղերից ու պահանջում էր Պուտինի հրաժարականը: Չեմ կարողանում հավատալ, որովհետև Ստյոպա Սաֆարյանը, երբ իմացավ, որ Կարեն Կարապետյանին են բերում վարչապետ, ասաց՝ վերջ, մեր անկախությունն ավարտվեց:



Հարգելի Ստյոպա Սաֆարյան, կարծում եմ՝ Դուք այնքան միամիտ չեք, որ չեք հասկանում «մտնել» բառի քաղաքական իմաստը: Ուրեմն այդքան անբռնազբոսիկ կերպով մի «մտեք»: Կողքից մանավանդ, շատ տգեղ է: Էլ չեմ խոսում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հովիկ Աբրահամյանից պակաս բիզնեսմեն չէ, որ Կարեն Կարապետյանը հաստատ առանց կլանի (այս դեպքում՝ առանց Պուտինի և «Գազպրոմի» կլանի) չէր կարող վարչապետ նշանակվել, որ Կարեն Կարապետյանի «քինդեր-սյուրպրիզ» նախարարները, որոնց նույնիսկ Դուք չեք ճանաչում, պարոն Սաֆարյան, հաստատ պատահական մարդիկ չեն:



Առաջարկում եմ սպասեք 100 օր, պարոն Սաֆարյան: Այդ ընթացքում արևմտյան քամիներ հաստատ կփչեն:



Էդիկ Անդրեասյան