Վերջապե՜ս, ասացին հավատացյալները՝ տեսնելով Կարեն Կարապետյանին

Վերջապե՜ս, ասացին հավատացյալները՝ տեսնելով Կարեն Կարապետյանին

Կառավարության եւս երկու այսպիսի նիստ, եւ Կարեն Կարապետյանը Գալուստ Սահակյանից կխլի թիվ 1 շոումենի դափնին: Իսկ այդ հարցում նրան կօգնեն «մտնողները», որոնք կառավարության նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում ջանք չեն խնայում առ նոր վարչապետն իրենց հիացմունքն արտահայտելու համար:



Իսկ «մտնողներ» կան բոլոր կողմերից՝ թե արեւմտամետներ կան նրանց մեջ, թե ռուսամետներ, թե նախկին պաշտոնյաներ, թե պաշտոնի հույս ունեցողներ, թե օլիգարխներ, թե քյասիբ պատգամավորներ, թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ նախագահի երդվյալներ, թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտերի շատից-քչից հայտնի չափավորներ: Նոր վարչապետի շուրջն աստիճանաբար ձեւավորվում է մի բիոմասսա, որ կատվի ճարպկությամբ օդում բռնում է նրա արտասանած ամեն բառն ու ժամեր անց մամուլի ակումբներն ընկնում՝ այդ բառի իր մեկնաբանությունը տալու համար: Իսկ մեկնաբանությունն էլ որ տալիս են, որպես կանոն, լինում է բավականին խորհրդավոր, ընդհուպ իրենց դեմքի արտահայտության չափ:



Այս ամենը զզվելի է, բայց եւ զերծ չէ զավեշտից: Գառնիկ Իսագուլյանը, օրինակ, կոչ է արել հավատալ Կարեն Կարապետյանին: Հենց այդպես՝ հավատացեք նրան եւ նրա կատարած կադրային փոփոխություններին: Հարց չկա, հավատանք: Մենք հավատավոր ժողովուրդ ենք: Ժամանակին այսպես հավատացել ենք Քրիստոսին, հետո Լենինին հավատացինք, 70 տարի շարունակ՝ կոմունիզմին, իսկ հիմա էլ, արդեն 25 տարի, հավատում ենք չգիտեմ ինչի, չգիտեմ ինչու, ուղղակի հավատում ենք: Այսուհանդերձ, Իսագուլյանը պետք է հասկանա, որ Կարեն Կարապետյանը ոչ թե գյուղապետի թեկնածու է, որին պետք է պարզապես հավատալ, այլ՝ վարչապետ: Եվ երբ կոչ է անում մի ողջ ժողովրդի՝ հավատալ նրան, դրանով նաեւ մեծ բեռ է վերցնում իր վրա: Բա որ մի քանի ամիս անց այս վարչապետին առաջ քաշեն, տանեն ավելի բարձր վարձատրվող աշխատանքի (իսկ դրա բոլոր հիմքերն արդեն կան), Իսագուլյանն ի՞նչ է ասելու հայ ժողովրդին:



Կառավարության վերջին նիստում երեք նախարարի է լսել, երեքին էլ «շշպռել», բայց երեքի առաջարկներն էլ ընդունել ու, որպես խստաբարո անձնավորություն, մատը տնկել՝ մյուս անգամ այսպես չներկայացնեք… Սա ճիշտ մեր հարեւան Շմավոնի աշխատաոճն է, երբ նա ՀՀԿ տեղամասային ենթաշտաբի պետն էր: Տեղամասի ակտիվիստների պատմելով՝ ոչ մեկին չէր հավատում եւ պահանջում էր ամեն ինչ եւ միաժամանակ:
Բուն շոուն, սակայն, դեռ առջեւում է, երբ հերթը գա «պրոֆեսիոնալների» զեկույցներին: Անսխալական մարդ չի լինում, ավելի ստույգ՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Կտեսնենք, թե այն ժամանակ ում վրա է մուննաթ գալու Կարեն Կարապետյանը, եւ ինչ կոչեր է անելու Գառնիկ Իսագուլյանը:



«Մտնողական» տրամադրությամբ տոգորված գործիչներից ոմանք էլ այս օրերին փորձում են Կարեն Կարապետյանին ներկայացնել որպես Հովիկ Աբրահամյանի բռնած գործի արժանի շարունակողի: Դա անում են մոտավորապես այս համատեքստոմ՝ Հովիկ Աբրահամյանը ավերակներից հառնեցրեց տնտեսությունը, իսկ Կարեն Կարապետյանը մեզ տանում է դեպի նոր բարձունքներ: Եվ մենք, որ ոչ Հովիկ Աբրահամյանի արարչագործական արվեստը տեսանք, ոչ էլ Կարեն Կարապետյանի հունարին ենք ծանոթ, պետք է հավատանք: Իսկ հավատացնողն էլ ոչ այլ ոք է, քան Հայ առաքելական եկեղեցուն առընթեր ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Գուրգեն Եղիազարյանը, որպեսզի Կարեն Կարապետյանի կերպարն ավելի ամբողջական դառնա, պատմել է Սինգապուրում կատարված մի դեպք, որ մեզ հիշեցնում է Րաֆֆու «Սամվել» վեպի սարսափազդու դրվագը, որտեղ Սամվելը բացականչում է՝ այն թուրը, որ սպանեց դավաճան հորը, չի խնայի նաեւ ուրացող մորը… Կլաններից հեռու (?) Կարեն Կարապետյանը, փաստորեն, հենց այդ Սամվելն է կամ Սինգապուրի վարչապետը, որ գնդակահարեց իր քեռուն՝ կաշառք վերցնելու համար, եւ Սինգապուրում փոփոխությունների հիմքը դրեց։ Հավատում ենք, եղբայր, հավատում ենք, միայն թե Կարեն Կարապետյանը հիմա էլ արյունահեղություն չսարքի, թե բոլորը կաշառակեր են, օլիգարխ ու կոռումպացված:



Այս օրերին շատ խոսվեց անկախության սերնդի մասին, որ աչք է բացել ու մեծացել ազատ, անկախ Հայաստանում, չգիտի, թե ինչ է օտարի կամքի առաջ երկնչելն ու նահանջելը: Երանի թե Կարեն Կարապետյանը դառնա այն վարչապետը, որին այդ սերունդը չընկալի որպես օտարի կամքի պարտադրանք: Իսկ այդպիսի ռիսկ կա եւ կլինի, քանի դեռ Կարեն Կարապետյանը ոչ թե կոնկրետ գործով կզբաղվի, այլ ԶԼՄ-ների ներկայությամբ նորանոր շոուներ բեմադրելով, իմացած-չիմացածն իրար խառնելով եւ «մտնողների» համար գործունեության լայն դաշտ ապահովելով:



ՀԳ. «Մտնել» բայի զանազան բառաձեւերը հոդվածում կիրառված են քաղաքական, այն է՝ «աչքը մտնել» իմաստով:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ