Այդ ե՞րբ ռաբիսը դարձավ ժանր

Այդ ե՞րբ ռաբիսը դարձավ ժանր

Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Ամենակարող երգիչ» նախագիծը, որտեղ ամենակարողի տիտղոսի համար մրցում են ռեստորանային երգիչները՝ այսպիսի բնորոշում է տրված հենց Հանրայինի էջում։ Մրցութային առաջին օրվա երաժշտական թեման եղել է ռաբիսը, որտեղ ժյուրիի 3 հիմնական անդամների՝ Արթուր Գրիգորյանի, Նադեժդա Սարգսյանի, Գրիգոր Նազարյանի կողքին երգիչների ռաբիս կատարումները գնահատել է այդ ոճում հանդես եկող Սպիտակցի Հայկոն։ Չնայած նախագծի առաջին հաղորդումն արդեն եթեր հեռարձակվել էր, բայց «Ամենակարող երգիչը» դարձավ սոցիալական ցանցերի ու լրատվականների քննարկման թեման, երբ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը մի գրառում թողեց իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նա մասնավորապես գրել էր. «Սա արդեն սպառում է հույսի նշույլը: Եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժող. արտիստներ... Ոտքի՛, հայ ժողովուրդ։ Սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: 



Դրանից հետո օնլայն ստորագրահավաք սկսվեց change.org կայքում՝ ուղղված Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ դադարեցնելու հաղորդման ցուցադրումը։ Խնդրագրի մեջ մասնավորապես նշված էր, որ Հանրային հեռուստաընկերությունն իրավունք չունի ընկնել ռեյտինգի հետեւից, քանզի այն ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության բնակչության միջոցներով: «Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել եւ հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա գործունեության հիմնական նպատակը հասարակությանը կրթելու եւ զարգացնելու առաքելությունն է, իսկ նման նախագծերն ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար: Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այլ կերպ ասած՝ նրանք, օգտագործելով եւ վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան հաղորդում»,-գրված էր բաց նամակում:



Թե ինչու, օրինակ, Հ1-ը եթեր չի կարող տրամադրել ռաբիս աշխարհի արմենչիկներին, եթե պետական մակարդակով գնահատվում է երգիչ Արմենչիկի գործունեությունը՝ շնորհելով նրան վաստակավորի կոչում, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի համար այս տրամաբանության մեջ ամեն ինչ նորմալ է. «Հայաստանում ինչ կատարվում է, տրամաբանված է, եթե Արմենչիկին կարելի է տալ այդ կոչումը, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Ամեն ինչ գլխիվայր շրջված է, ամեն ինչ կեղծ է՝ կեղծ մշակույթ, կեղծ կրթություն։ Այդ առումով դա ամբողջ դրամատուրգիայի տրամաբանության մեջ է, թե որքանով է դա մեր պետականության կայացմանը, մեր ազգային արժանապատվությանը հարիր, դա դրա հետ արդեն կապ չունի»։



Թե ինչու աղմուկ չէր բարձրացվում, երբ նույն այդ երաժշտական ժանրն ու դա ներկայացնող երգիչներին ներգրավում էին Հանրայինի ամանորյա տոնական հաղորդումներում, եւ միայն հիմա կարծես հասարակությունը նկատեց այդ խնդիրը, ապա Նարինե Թուխիկյանը կարծում է, որ հիմա աղմուկ բարձրացվեց, որովհետեւ այժմ բավականին բան է փոխվել մեր կոլեկտիվ մտածողության մեջ. «Նրանք, ովքեր մուտացիայի դեռ չեն ենթարկվել, ուժեղացել են, վախը թոթափել, ավելի համարձակ դարձել։ Դեպքեր եղան, բաներ կատարվեցին, որոնք փոխեցին մեզ, եւ դա է պատճառը, որը նաեւ ուժ տվեց։ Պահանջատիրության գիտակցումը հիմա ավելի զորավոր է»։
Այն, որ օրենքն ասում է՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի առնել հասարակության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի շահերը, մյուս կողմից էլ չի՞ նշանակում արդյոք, որ պետք է հաշվի առնել նաեւ այդ խավի նախասիրությունները, ապա, ըստ Թուխիկյանի, նման տրամաբանության դեպքում ինքն էլ կարող է ասել, որ օրենքով արդարադատությունը բոլորի համար է. «Բայց այդպես չէ, չէ՞, ուրեմն եկեք ամենակարեւոր բանից սկսենք՝ դատարանները թող արդար լինեն, արդարադատությունը թող արդարադատ լինի, հետո կխոսենք մյուս բաների մասին։ Կան աքսիոմատիկ արժեքներ, որ, միեւնույն է, չեն կարող պարտվել։ Ուղղակի հիմա մենք շատ տարօրինակ եւ վատ ժամանակներում ենք ապրում, բայց սա կփոխվի անպայման, իսկ որպեսզի փոխվի, մեր մեջ փոփոխություն պետք է լինի, եւ կարծում եմ, որ մեր ներքին փոփոխության մեկնարկը տրված է»։



Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձ էր կատարել հաղորդմանն ու ռաբիսի թեմային: «Ես այն սերնդից եմ, որ այդ բառը գործածել ենք վատի, անճաշակի, անտանելիի իմաստով: Մեր ժամանակ դա երաժշտական ժանր չէր եւ չէր կարող լինել: Ռաբիս էր ոսկեզօծ վերանորոգված տունը, անտեղի ճոխ հագուստը, պահվածքը, խոսվածքը, մտածելակերպը: Ռաբիս աղջիկ կամ տղա, ռաբիս ֆիլմ կամ գրականություն, այսինքն՝ ցածրորակ, տգետ: Դրան հակառակ, երբ, ասենք՝ գուլպան համադրված էր կոշիկի հետ իր ոճով, ի տարբերություն ռաբիսի, մենք կասեինք՝ ջազ է, այսինքն՝ շատ լավ, ճիշտ, ճաշակով: Ե՞րբ էր, որ ռաբիսը դարձավ ժանր, նույնիսկ երաժշտական բանաձեւի տակ մտավ՝ վեց-ութ, ես չիմացա, երեւի երբ ռաբիսն ստացավ «Ջազ» մականունը, ու իրեն թվաց, թե իրավունք ունի ճաշակ թելադրելու, երբ մեր բակերը համարվեցին ֆիլմարտադրություն, սիրո կամուրջները՝ մյուզիքլ, բեմ հանած նողկանքը՝ ներկայացում, անեկդոտ պատմողը՝ դերասան: Ուշադրություն՝ ես նույնիսկ չեմ շեշտում մասնագիտական կրթությունը, ներողամիտ եմ: Եվ այսպես, թանկ մեքենա քշողը, որ առաջ ռաբիս էր, այսօր լավ տղա է, փնտրվող փեսացու, լցրած շուրթերով, անտեղի շաաաատ բարձր կրունկներ հագած աղջիկը՝ ցանկալի ծիտ, ունենալն իմանալուց գերադասողը՝ ժամանակի հետ համաչափ քայլող, չիմացածն ինքնավստահ ներկայացնողը՝ ինտելեկտուալ: Ռաբիսն էլ դարձավ ժանր: Ձեզ ասեմ՝ ռաբիս է ամբողջ իշխանակազմը, որովհետեւ չգիտի, որ փողն աշխատում են, ոչ թե գողանում, բոլոր նախարարներ-պաշտոնյաները՝ իրենց անգրագետ զավակներով, գլամուր-էլիտար քածերով եւ, ի վերջո, իհարկե՝ նույն ինքը՝ պարոն Ջազը՝ իր ռաբիս սմոքինգներով ու բաբոչկաներով ու թույն օծանելիքի հոտով, որպեսզի թրիքի հոտը թաքցնի։ Բայց դե, գիտեք, չէ՞, թրիքը զորավոր հոտ ունի, հենց դրա համար էլ սրանք բոլորը չեն կարողանում ազատվել ոչ էդ հոտից, ոչ էլ դրանից բխող բարդույթներից: Կարճ կապելու համար վերջում ասեմ, որ ոչ երգը, ոչ էլ երգիչը մեղավոր չեն: Նույն Սպիտակցի Հայկոն շատ լավ երգեր ունի, Ձախ Հարութը՝ նույնպես, Թաթան՝ նույնպես, ու կարծում եմ՝ խելք էլ ունեն, թե որ երգը որտեղ երգեն: Այ, էն որդը, որին ասպարեզ են վստահել ու պետբյուջեի փողերն են հոսեցնում նրա տնօրինության տակ, կեսն էլ ետ վերադարձնելու պայմանով, հենց նա՝ այդ որդն է ուտում առողջ խնձորը: Ու սարսափելին այն է, որ ինքն արդարացում ունի, ինքը Մայլս Դեւիս կլսի ու կասի՝ ես մեղավոր չեմ, պահանջարկն էդ ա»:



Մենք կապվեցինք նաեւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, որը չցանկացավ ոչ մի մեկնաբանություն տալ՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը շուտով հաղորդագրություն կտարածի։



Սոնա
ԱԴԱՄՅԱՆ