Ընդդիմադիրների վերջին մեղքը

Ընդդիմադիրների վերջին մեղքը

Հետաքրքիր հոգեբանական իրավիճակ է ստեղծվել Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններից հետո: ՀՀԿ-ն ավագանիում բացարձակ մեծամասնություն չունի, իսկ ընդդիմությունը, որ թե մեկ և թե մյուս քաղաքում շահել է ավագանու աթոռների կեսից ավելին, չի կարողանում համախմբվել և վերցնել իշխանությունը:



Ւսկ ի՞նչ է նշանակում չի կարողանում: Գուցե չի՞ համարձակվում: Իսկ գուցե ընդիմությո՞ւնն ընդդիմություն չէ:



«Լուսավոր Հայաստանն» այդպիսի մի բան առաջարկել էր Վանաձորում` ՀՀԿ-ին դարձնենք ընդդիմություն: Դրա համար անհրաժեշտ էր, որ ավագանու մանդատ ստացած ընդդիմադիր ուժերը` ԼՀ, ՀՎԿ, ԲՀԿ միավորվեին: Այս կոչին առաջինն արձագանքեց ՀՎԿ-ն և այնպիսի պահանջներ առաջադրեց ԼՀ-ին, որ ընդունելու դեպքում վերջինիս ղեկավար Էդմոն Մարուքյանին ոչինչ չէր մնա անելու, քան իր կանտորան փակելն ու բանալիները Արթուր Բաղդասարյանին հանձնել էր:



Ընդդիմադիրները չշտապեցին սատարել Գյումրիում ԳԱԼԱ-ի առաջարկին` միավորվել ավագանու 18 մանդաով և չեզոքացնել Բալասանյան դաշխնքի 15 ավագանու որոշումը` քաղաքապետի ընտրության հարցում: Այստեղ 9 մանդատ ստացել է ԲՀԿ-ն, 5` ՀՎԿ-ն և 4` ԳԱԼԱ-ն: Բայց այս դեպքում էլ ԲՀԿ-ն «պոչը տնկեց», թե մենք բողոքարկելու ենք ընտրության արդյունքները: Խ՞ի, պարոն Մելքումյան, հաղթել պրծել եք, վերցրեք իշխանությունը, էլ ինչո՞ւ եք պոչ խաղացնում:



Ահա այսպիսի ընդդիմադիրներ ենք ունենալու Գյումրիի և Վանաձորի ավագանիում: Եվ սրանք` ԲՀԿ, ՀՎԿ, այն ուժերն են, որ փոշիացրեցին ընդդիմության ձայները, դեռ մի բան էլ, զուգահեռ աշխատելով ՀՀԿ-ի օգտին, ձայներ փախցրեցին նաև ՀՅԴ-ից, որն իբրև կարգապահ ուժ այդպես էլ չփորձեց գործի դնել իր ունեցած լծակները մարզպետների և նախարարների գծով: Փոխարենը ՀՅԴ-ն հաղթեց շատ համայնքներում, որտեղ չկային խառնակիչները` ի դեմս ՀՎԿ-ի և ԲՀԿ-ի:



Գյումրիում, ընտրությունների օրը, «ամենաանկարգը», թերևս ԲՀԿ-ն էր իր վստահված անձանցով: Կոնֆլիկտները հիմնականում ծագում էին նրանց պատճառով, ինչը շատ հեշտ բացատրելի է նրանց վերապահված դերակատարությամբ` երևալ ՀՀԿ-ի մոլի հակառակորդ, հնարավորինս շատ ձայն հավաքել և հետո խառնել ընդդիմության հաշիվները: Գյումրիում իր դերը հրաշալի կատարեց նաև ՀՎԿ-ն` ի դեմս Հովհաննես Մարգարյանի: Ի~նչ սև PR գնաց Մարգարյանի և Բալասանյանի միջև: Իրար արժանի էին: Եվ ՀՎԿ-ի անունն անգամ «կարգին չգիդեցող» գյումրեցիները, պատկերացնո՞ւմ եք, երրորդ տեղը շնորհեցին հետապնդումների «զոհ» Մարգարյան Օնիկին: Բայց ի՞նչ իմանային նրանք, որ ընտրելով ՀՎԿ-ն` ընտրում են Բալասանյան դաշինքը: Փաստորեն իզուր չեն ասում, որ Բալասանյանի «ճակատին» ՕԵԿ. ԲՀԿ և ՀՀԿ է գրված:



Ընտրություններից հետո հրապարակումներ եղան, որ Վանաձորի և Գյումրիի` ընդդիմադիր քաղաքներ լինելու մասին առասպելը մեռավ: Համամիտ չեմ: Իմ կարծիքով` ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի նման ընդդիմադիրները մեռան Գյումրիում և Վանաձորում` հանուն մի քանի տարի այդ քաղաքների ավագանու կազմում փշրանքներ հայթայթելու:



ՏԻՄ ընտրությունը լավ փորձաքար էր նորընծա ընդդիմադիրների` «Ալյանսի» և ՔՊ-ի համար: Այս կուսակցությունները, որքան էլ զարմանալի է, ցուցաբերեցին հասունություն, պարտությանն ադեկվատ արձագանքելու ունակություն` ՔՊ-ում վարչությունը ցրվեց, «Ալյանսի» նախագհը հրաժարական տվեց... Իսկ ի՞նչ են մտածում ՀԱԿ-ում, որ պարտվել են անգամ նորելուկներին: Բայց ՀԱԿ կա՞, որ մի բան էլ մտածող ենք փնտրում:



Էդիկ Անդրեասյան