20-ամյա գյուղապետի վերջը (հեքիաթ)

20-ամյա գյուղապետի վերջը (հեքիաթ)

Կար-չկար, Երեւանին կպած գյուղերից մեկում մի գյուղապետ կար: Այս գյուղապետը 20 տարի գյուղապետ էր ու ոչ առաջ էր գնացել, ոչ հետ, 20 տարի մնացել էր նույն պաշտոնում: Այդ 20 տարիների ընթացքում, հասկանալի է, ընտրություններ են եղել, մարդիկ են գնացել-եկել… Ամեն անգամ հաշվել-տեսել են, որ նորից նույն գյուղապետն է ընտրվել:



20 տարի շարունակ հարգել-պատվել են իրեն այս գյուղում, ամենալավ հողերը նրան են տվել, գյուղապետարանի ամենալավ գործերին նրա բարեկամներն են աշխատել, մի խոսքով` նրա համար ստեղծել են բոլոր հարմարությունները, որ նստի ու գյուղի բյուջեն քաղաքավարի ուտի: Շատ բարեկամասեր մարդ էր այդ գյուղապետը: Նրա բոլոր բարեկամներն այդ գյուղում ամենահարուստներն էին` լավ տներ, թանկ ավտոներ…
Իսկ գյուղը բավականին մեծ գյուղ էր, այնտեղ նաեւ կրթված եւ ընդդիմադիր մարդիկ էին ապրում, որոնք, այս ամենը տեսնելով, բարձրաձայնում էին` լավ, էլի թող լափի, բայց էս անտեր գյուղում գոնե մի ճանապարհ սարքի, որ մարդիկ կարողանան իրենց տուն հասնել:



Շատ չերկարացնեմ. երբ արդեն իր գյուղապետության 20-րդ տարում էր, թագավորը որոշում հանեց, որ փոփոխություններ են լինելու երկրում: Թագավորը, իհարկե, նկատի չուներ, որ փոփոխությունները պետք է սկսվեին հենց այդ գյուղից, բայց այնպես պատահեց, որ թագավորի որոշումից շատ չանցած՝ գյուղերանքում ընտրություններ եղան:
Շատ տեղերում ավանդույթներ խախտվեցին, շատ գյուղերում թագավորի հավատարիմ մարդիկ պարտվեցին, նրանց տեղն ուրիշ հավատարիմներ եկան, եւ թագավորի շրջապատը գովում էր այդ ընտրությունները՝ կեցցե՜ թագավորը, էս ինչ ա անուուում, էս ոնց ա անուուում, էս ինչ փոխել ա փոխուուում… Բայց ինքը թագավոր մարդ, ի՞նչ իմանար, որ իրենց գյուղապետ ախպերներից մեկը՝ այն էլ թագավորական պալատին կից գյուղում, չի ուզում փոխվել: Բայց, մյուս կողմից էլ՝ հո իր ուզելով չէ՞…



Էս գյուղի ժողովուրդը, պարզվեց, լսել է թագավորի որոշման մասին: Նստել-խորհուրդ են արել` բա ինչ փոխեն, ինչ չփոխեն, եւ որոշել են գյուղապետին փոխել: Հազիվ առիթն էլ կար` ընտրություն պետք է լիներ: Որոշում են իրենց գյուղապետին այդ մասին ոչինչ չասել, որ նրա համար անակնկալը կատարյալ լինի:



Ընտրություններից մի քանի օր առաջ իր գյուղապետության հաջորդ 20-ամյակ ոտք դնել պատրաստվող գյուղապետը, այնուամենայնիվ, ինչ-որ խլրտում է նկատում գյուղում: Բայց դա նրան շատ չի մտահոգում: Սկսում է շրջել գյուղում, իր հարազատ մեթոդներով ու ձեւերով վախեցնել մարդկանց, սիրաշահել, խոստումներ տալ, սպառնալ, որ արդեն տված խոստումը չի կատարի… Օրերն անցնում են, ու գալիս է ընտրությունը: Հա, էն էլ ասեմ, որ փորձառու գյուղապետը, «նա վսյակի սլուչի» ընտրատեղամասերում իր մարդկանց է նշանակում` նախագահ, քարտուղար…



Հաշվարկը ցույց տվեց, որ գյուղն իր որոշումը հարգել էր: Երբ այն ավարտվեց, պարզվեց, որ գյուղապետը պարտվել է:



Անակնկալն ստացվել էր ու էն էլ` լավ էր ստացվել:



Էսքան էլ անաղուհաց գյո՞ւղ, բա ես 20 տարի էս գյուղը պահեմ, «բեջարեմ», որ էսօր ինձ ասեն` ո՞չ… Ցասումն աննկարագրելի էր: Էլ ժամանակ չկորցրեց: Ֆայտոնները կապած՝ քշեց ընտրատարածքային հանձնաժողով ու պարկերը բացել տվեց` նորից հաշվեք: Հաշվեցին: Գյուղապետի ձայները 1-ով պակասեցին, իսկ հաղթողի ձայները 1-ով ավելացան:



«Դուք խոսքներդ մե՞կ եք արել»,- գոռաց գյուղապետը ընտրատարածքայինի վրա ու քշեց-հասավ մինչեւ Մուկուչստան, որտեղ գլխավոր հաշվողն է նստում: Բոլորին խառնեց իրար, բայց տեսավ, որ բան դուրս չի գալիս, հուսահատ հայտարարեց` դատի եմ տալու:



Այ, այստեղ արդեն գյուղում սկսեցին ուտել-խմել ու իրենց հաղթանակը նշել: Ո՞ւմ է դատի տալու, էն էլ էս խառը ժամանակներում, երբ թագավորն ասել է` փոխում ենք: Բա որ դատարանից գան ու տեսնեն հանձնաժողովում իր բարեկամներն են եղել, բա որ փորփրեն ու տեսնեն, որ գյուղապետարանի աշխատողներն իրենք են, 20 տարի շարունակ ջան են ասել-ջան լսել բյուջեի փողերով: Առանց դատի տալու էլ այս ամենը բացվելու է մի օր, դա չէ հարցը, պարզապես գյուղում ուրախ կլինեն, որ արդեն նախկին գյուղապետն ինքը սկսի գործընթացը, ինչպես ասում են` «չիստը սերդեչնի» խոստովանությամբ:



Ահա եւ երկնքից երեք խնձոր ընկավ: Մեկը, բնականաբար, գյուղին, մյուսը` ընտրություն հնարողին, երրորդն էլ, եթե դեմ չեք` ինձ: Էսքան չարչարվեցի, գրեցի, իսկ թագավորն էլ կվճարի, թե` չէ, չգիտեմ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ