Ինչո՞ւ է Նոբելյան մրցանակն անհասանելի հայ գրողին

Ինչո՞ւ է Նոբելյան մրցանակն անհասանելի հայ գրողին

Զանգվածային ոչնչացման զենքերի՝ դինամիտի եւ բալիստիկ վառոդի հայտնագործող Ալֆրեդ Նոբելի կողմից 1895թ.-ին հիմնվեց աշխարհի ամենահայտնի ու ամենահեղինակավոր՝ Խաղաղության նոբելյան մրցանակը, որը 1901-ից ի վեր ամեն տարի շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի բնագավառում կատարված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի, մրցանակը կազմում է 1.3 մլն. դոլար (գումարի չափը տարեցտարի նվազել է, այս տարի այն կազմում է 932 հազար դոլար) եւ շնորհվում է 5 բնագավառում, այդ թվում՝ գրականության, որի հաղթողն այս տարի պարզ կդառնա հոկտեմբերի 13-ին։ Թե տեսականորեն եւ գործնականում որքանով է հնարավոր Հայաստանի ներկայացվածությունը Նոբելյան մրցանակին, ինչ ընթացակարգ է նախատեսված, տեղական եւ արտասահմանյան որ կառույցները պետք է գրողին առաջադրեն Նոբելյան մրցանակին, այս մասին հայաստանյան գրական դաշտում աղոտ պատկերացումներ կան։ Իսկ ավելի կարճ՝ ինչքան հեռու է Նոբելյանը մեզնից, նույնքան հեռու ենք մենք նրանից։



Մի բան է ունենալ գրող, մեկ այլ բան՝ Նոբելյան մրցանակ



ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին մեկ տարի առաջ դիմել են Նոբելյան կոմիտեից, բայց ոչ որպես ՀԳՄ նախագահի, այլ որպես անհատի։ Նա ներկայացրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքը, որը տասնյակ լեզուներով թարգմանվել է։ Ասում է՝ եթե հանկարծ առաջադրման հարցը դնեին քննարկման, բոլորին հայտնի կդառնար, իսկ կոմիտեի պահանջվող կետերից մեկը չհանրայնացնելն ու հասարակական քննարկման չդնելն է։ «Եթե ես հրավիրեի նախագահություն, վարչություն, ամեն մեկն սկսեր մի հեղինակի անուն տալ, անկախ նրանից՝ այդ հեղինակը հայերենից բացի այլ լեզվով տպվել է, թե չէ, կսկսվեր մի մեծ աղմուկ, որը միանգամից թերթերով կգրվեր, ու կխափանվեր այդ գործն ընդհանրապես»,-ասում է Միլիտոնյանն ու նկատում, որ «Շշուկների մատյանն» առաջադրել է՝ նաեւ պայմանավորված Եղեռնի թեմայով, քանի որ Նոբելյան մրցանակն ինչ-որ չափով հանրային արձագանքների հետեւանք է լինում։



Բավական է հիշել Նոբելյան ստացած այն ռուս գրողներին, որոնք քաղաքական հալածյալի լուսապսակ են ունեցել։ Նոբելյան կոմիտեից Միլիտոնյանին առաջին անգամ են դիմել, թե դրանից առաջ Լեւոն Անանյանն ում է ներկայացրել՝ տեղյակ չէ։
Բացի այն, որ Նոբելյան կոմիտեն ինքը կարող է դիմել այս կամ այն կառույցին՝ հայտ ներկայացնելու, ՀԳՄ-ն, որպես կառույց, իրավասություն ունի՞ ամեն տարի Նոբելյան մրցանակի հայտ առաջադրելու, Միլիտոնյանը տեղյակ չէ, եւ, ըստ էության, դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ միայն ցանկությունը քիչ է, պետք է գրողը նաեւ թարգմանված եւ տարածում գտած լինի, ի վերջո՝ կոմիտեն հայերեն չի կարդալու մրցանակի առաջադրված գիրքը. «Նախ՝ այդ գրողների անունները լսած պետք է լինեն այդ մարդիկ։ Գրողին ներկայացնես համաշխարհային գրականության մրցանակի, որի անունը չե՞ն լսել»։ Իսկ գրողներին հայերենից այլ լեզուներով թարգմանելու խնդիրը, Միլիտոնյանի կարծիքով, պետք է լինի ոչ միայն գրողների կամ ՀԳՄ-ի խնդիրը, այլեւ նախեւառաջ՝ պետության։ Բայց այսքանով պետության դերակատարումը պետք է սահմանափակվի, քանի որ պետական մակարդակով այս կամ այն գրողի առաջադրումը Նոբելյան մրցանակի ոչ թե կօգնի, այլ կխանգարի. «Գրողի անունը չպետք է կապվի պետության հետ»։



Միլիտոնյանը համոզված է՝ մի բան է ունենալ գրող, մեկ այլ բան՝ Նոբելյան մրցանակ. «Ես ինչքան հիշում եմ, Ադոնիսին տասնյակ տարիներ ներկայացնում են, ու չի ստանում, վերջին տարիներին նույնիսկ հնգյակի մեջ էր մտել ու էլի չստացավ, բայց դա չի նշանակում, որ նա արժանի չէ»։ Միլիտոնյանն ինչքանով տեղյակ է, 1914-ին ցանկացել են նաեւ Սիամանթոյին ու Վարուժանին ներկայացնել Նոբելյան մրցանակի, ժամանակին կարող էին նաեւ Սեւակին, Մահարուն, Չարենցին ներկայացնել, այսօր էլ Նոբելյանին կարող են հավակնել մեր պոետներից եւ արձակագիրներից շատերը, քանի որ ունենք լավ ու հետաքրքիր գրականություն։ Ապա իրեն հատուկ թեթեւությամբ հավելում է. «Հիմա դարդուցավ դա չդարձնենք ու մեզ ճնշենք, թե ինչու Նոբելյան մրցանակակիր չունենք։ Առաջին հերթին մտածենք, թե ինչպես անենք, որ գրողները հարգանք վայելեն, տարածվեն, ընթերցվեն Հայաստանում, հետո նրանց գրքերը թարգմանվեն, ներկայացվեն աշխարհին»։



Մենք տպում ենք, մենք էլ մեզնով հիանում



ԱՄՆ-ում՝ 1994-ին, բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրին Նոբելյան մրցանակի։ Արտեմ Հարությունյանը կարճ է բնութագրում իր ժողովածուն՝ «Հայաստանի մաքառումները կային այդ գրքում»։ Ամերիկյան համալսարաններից բացի, իր թեկնածությունն առաջադրեց եւ պաշտպանեց նաեւ պետությունը։ Հարությունյանը հիշում է՝ իր առաջադրման հետ կապված՝ Գագիկ Հարությունյանն էր ուրախացել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա ժամանակը չուներ. «Հայտնվեց նաեւ Ալիսիա Կիրակոսյանը, որը հենց իմացավ, որ նման բան կա, արագ սլացավ Հայաստան։ Վահագն Դավթյանը նրան լավ գովազդ էր արել, բայց չստացվեց, իմն էլ կարծես չստացվեց, որովհետեւ կարգին գովազդ չեղավ»։



Արտեմ Հարությունյանը, ճիշտ է, չի ստացել Նոբելյան մրցանակ, բայց եղել է Ստոկհոլմի այն դահլիճում, որտեղ մրցանակներն են հանձնում, եւ Նոբելյանի փոխարեն ստացել է Պոեզիայի փառատոնի առաջին մրցանակը։ Նոբելյան մրցանակն ի՞նչ կփոխեր իր կյանքում։ «Առաջին հերթին՝ իմ ազգը կլողար լույսի ցոլքերում, այդ գիրքը պարտադիր կթարգմանվեր 15 լեզվով, ազգային մեր պրոբլեմները՝ Ղարաբաղը, շրջափակումը, մեր մի կաթիլ լինելը մուսուլմանական հրեշավոր այս անապատում, բոլոր այս թեմաները դուրս կգային ասպարեզ։ Դա ոչ թե գրողի, այլ նախեւառաջ ազգային նվաճում է, իսկ գրողին մնում է 1 մլն. դոլարը, որ Հայաստանում ինչի՞ վրա ծախսես, կարող ես մի հատ մեծ դաչա առնել ու դատարկության մեջ թափառել քո այգում»։ Այդքանը։
Արտեմ Հարությունյանը վստահ է՝ քաղաքականությունը հիմքերից մեկն է, առանց քաղաքականության այսօր մեծ իրադարձությունների համաշխարհային հարթակում շատ քիչ բան է կատարվում, ավելին՝ քաղաքական որոշում էր նաեւ Պաստեռնակին «Դոկտոր Ժիվագոյի» համար Նոբելյան մրցանակ տալը։



Բանաստեղծի դիտարկմամբ, միայն հայերեն տպագրված լինելու փաստը գրողին ոչ մի շանս չի թողնում Նոբելյան մրցանակին մոտենալու համար. «Ինչքան ուզում ես՝ այստեղից գոռա, որ սա հանճար է ու մեր ազգի պարծանքը։ Նրանք պահանջում են օտար լեզվով գոնե մի գիրք, որում կտեղեկանան, թե դու ով ես։ Շատ կարեւոր է, որ պետությունը հետամուտ լինի, եւ նրան, որին ուզում են ներկայացնել Նոբելյան մրցանակի, մի օտար լեզվով թարգմանեն, ճանաչելի դարձնեն։ Չկա մի կենտրոն, որ Նոբելյան մրցանակների համար ասի՝ մասնակցի, թարգմանել տա, ներկայացնի։ Պետությունը մի շարք ֆոնդեր պետք է ստեղծի՝ գրական կարեւորագույն իրադարձությունները Եվրոպա մղելու համար։ Այստեղ մենք տպում ենք, մենք էլ մեզնով հիանում, բայց պետք է դուրս գանք քննության, շատ ցածր է գրական չափանիշների մակարդակը։ Գրողների մեծ մասը մեկ լեզու գիտի՝ հայերենը, որը քիչ է»։ Այլ կերպ ասած՝ մինչեւ Նոբելյանի մասին խոսելը, բավական անելիքներ ունենք հենց մեր երկրում՝ գրքերի թարգմանություններից սկսած, մինչեւ մշակութային քաղաքականություն ձեւավորելը։



Ըստ Հարությունյանի, անչափ կարեւոր է, որ մեր գրողները համաշխարհային գրական շարժերին տեղեկացված լինեն, որպեսզի իրենց գործերում հեծանիվ չհորինեն, այն դեպքում, երբ երկնքով անցնում է վիթխարի բոինգը. «Ազգայինը, իհարկե, մնում է ուժի մեջ, էլ ինչի՞ մասին պետք է գրես, եթե ոչ քո ազգի տառապանքների ու հաղթանակների մասին, բայց մակարդակ է պետք, նեյնիմ-նեյնիմ անելով ո՞ւր հասանք, Երկրորդ համաշխարհայինից հետո եկած շատ պոետներ հիմա չեն կարդացվում, Պարույրը մնաց, որովհետեւ ժամանակակից կրթություն ստացավ, Մոսկվա գնաց, լավ ռուսերեն գիտեր, բայց դա էլ քիչ էր»։



Չունենք Նոբելյան մրցանակի արժանի գրող



Հայաստանում գրականության Նոբելյան մրցանակի առաջադրումների իրավասություն ունի ՊԵՆ միջազգային ակումբի հայաստանյան մասնաճյուղը, որի նախագահ՝ թարգմանիչ Աննա Հակոբյանի խոսքերով, վերջին 4-5 տարիներին ակումբը քնած վիճակում է, իսկ գործառույթները՝ սառեցված։ Պեն ակումբը (Poets, Essayists and Novelists) գրողների համաշխարհային ասոցիացիա է, որը հիմնադրվել է անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթի կողմից՝ 1921-ին, Լոնդոնում։



Հակոբյանը պատմում է, որ Շվեդիայից ամեն տարի իրեն գալիս էր առաջադրումների գաղտնի նամակը՝ Հայաստանից մարդ ներկայացնելու առաջարկությամբ, բայց այստեղ կար եւ կա մի նրբություն, երբ քո առաջադրումը պաշտպանում է ՊԵՆ-ի եւս մի քանի կենտրոն, ապա հաջողելու հավանականությունը մեծանում է։ Հակոբյանը հիշում է, որ մի 10-15 տարի առաջ ցանկացել է Աղասի Այվազյանին ներկայացնել, բայց «մեր բախտից» մահացել է ռուսական ՊԵՆ-ի քարտուղարը, եւ հարմար պահը բաց է թողնվել։ Այվազյանից բացի եւ դրանից հետո այլ թեկնածություններ չե՞ն առաջադրել։ «Ոչ»։ «Ես չեմ գտնում, որ այդպիսի գրող կա այստեղ, որ կարողանաս ներկայացնել, եւ արժանի լինի, որը նաեւ իշխանությունների դեմ գրի։ Չկա, կոմպրոմիսի են գնում, հետո՝ համամարդկային բան պետք է լինի այդ ստեղծագործությունը»,-ասում է Հակոբյանն ու հավելում, որ չեն կարող իշխանություններին կամ կառավարությանը գովերգող գործերը Նոբելյան մրցանակներ ստանալ. «Այստեղ պետության կողմից մրցանակ ստացողը չի կարող այնտեղ Նոբելյան մրցանակ ստանալ»։



(Ի հակադրումն Հակոբյանի՝ նշենք, որ պատմության մեջ, այնուամենայնիվ, հայտնի են նման դեպքեր, դրանցից մեկը չինացի արձակագիր Մո Յանն էր, որը 2012-ին Նոբելյան մրցանակի արժանացավ։ Նա Չինաստանի գրողների միության նախագահն էր եւ արժանացել էր բազմաթիվ պետական պարգեւների։ Հենց այդ հանգամանքով պայմանավորված՝ Նոբելյան մրցանակաբաշխության օրը՝ շենքի առաջ, չինացի դիսիդենտ գրողներն ու ակտիվիստները մերկացան եւ իրենց բողոքը հայտնեցին Նոբելյան կոմիտեին այդ որոշման համար։ Ինչը, թերեւս, մեկ անգամ եւս փաստում է, որ ակադեմիայի որոշումներն անկանխատեսելի են եւ քաղաքական որեւէ ենթատեքստում չեն տեղավորվում)։



Այնուամենայնիվ, փոքր երկրները շանս ունե՞ն Նոբելյան մրցանակ ստանալու։ Աննա Հակոբյանը կարծում է, որ ունեն. «Վերջին տարիներին Պարսկաստանից մի փախստական գրող էր մրցանակ ստացել, քանի որ կան ստեղծագործություններ, որ համամարդկային արժեք են ներկայացնում»,-ասում է Հակոբյանն ու հիշում, որ մի անգամ էլ Գրականության ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Էդվարդ Ջրբաշյանն իրեն ասաց, որ Նոբելյան կոմիտեից նամակ են ստացել եւ ուզում են Հրանտ Մաթեւոսյանին ներկայացնել մրցանակի։ Բայց այդ առաջադրման ճակատագիրը նույնպես անհայտ մնաց։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ